Ձեր գանգատները լսելուց հետո բժիշկը կզննի ձեր մեջքը և կգնահատի նստելու, կանգնելու, քայլելու և ոտքերը բարձրացնելու ձեր ունակությունը:
Ձեր բժիշկը նաև կարող է խնդրել, որ զրոյից մինչև 10 սանդղակով գնահատեք ձեր մեջքի ցավի ուժգնությունը և խոսել ձեզ հետ այն մասին, թե ինչպես է ցավն ազդում ձեր առօրյա գործունեության վրա:
Այս գնահատումներն օգնում են որոշելու, թե որտեղից է գալիս ցավը, ինչ չափով կարող եք շարժվել, մինչև ցավը ձեզ ստիպի կանգ առնել և արդյոք ունեք մկանային կծկանք (սպազմ): Դրանք նաև կարող են օգնել, որ ձեր բժիշկը բացառեի ձեր մեջքի ցավի ավելի լուրջ պատճառները:
Այս հեետազոտություններից մեկը կամ մի քանիսը կարող են օգնել պարզելու մեջքի ցավի պատճառը:
- Ռենտգեն հետազոտություն. ռենտգեն նկարները թույլ են տալիս գնահատել ողնաշարի S-աձև կորությունները (լորդոզ և կիֆոզ), ողների համաչափությունը, ինչպես նաև ցույց են տալիս արթրիտը (հոդաբորբ) կամ կոտրված ոսկորները: Այնուամենայնիվ, ստանդարտ ռենտգեն հետազոտությունը ցույց չի տալիս ողնուղեղի, մկանների, նյարդերի կամ սկավառակների հետ կապված խնդիրները:
- ՄՌՏ կամ ԿՏ. մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) կամ համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) ստեղծում են պատկերներ, որոնք կարող են բացահայտել սկավառակների ճողվածքը կամ ոսկորների, մկանների, հյուսվածքների, ջլերի, նյարդերի, կապանների և արյան անոթների հետ կապված խնդիրները:
- Արյան թեստեր. արյան անալիզները կարող են օգնել որոշելու, թե արդյոք մեջի ցավի պատճառը վարակը կամ այլ հիվանդությունն է:
- Նյարդերի հետազոտություններ. էլեկտրոմիոգրաֆիան (ԷՄԳ) չափում է նյարդերում առաջացող էլեկտրական ազդանիշները և այն, թե ինչպես են մկանային պատասխանում դրանց: Այս հետազոտությունը կարող է հաստատել սկավառակի ճողվածքի կամ ողնաշարային խողովակի նեղացման (սպինալ սթենոզ) պատճառով նյարդերի վրա ճնշումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024