Մեջքի ցավ. ախտանիշներ
13-04-2018
2 րոպե

Մեջքի ցավը դրսևորվում է որպես մեջքի տարբեր շրջաններում տեղակայված ցավի, ճնշման կամ «քարանալու» տհաճ զգացողություններ:
Ցավն ավելի հաճախ տեղակայվում է մեջքի ստորին մասում՝ գոտկատեղում, և նման դեպքերում ավելի ընդունված է օգտագործել «գոտկային շրջանի ցավ» կամ ավելի կարճ՝ «գոտկային ցավ» արտահայտությունը:
Ըստ ուժգնության մեջքի ցավը կարող է լինել սկսած թույլ մկանացավից մինչև կրակող, խոցող ցավ կամ այրոցի զգացում։ Տևողությունից կախված, մեջքի ցավը կարող է լինել սուր, ենթասուր կամ քրոնիկական։ Մեջքի ցավը կարող է ճառագայթվել ներքև՝ դեպի ձեր ոտքը կամ ոտքերը կամ սաստկանալ առաջ թեքվելիս, իրանը պտտելիս, բարձրանալիս, կանգնելիս կամ քայլելիս:
Մեջքի ցավը կարող է ի հայտ գալ ամենատարբեր պատճառներով՝ միջանցիկ քամի, անհաջող կտրուկ շարժում, նույն դիրքում երկար ժամանակ մնալը, մեջքի մկաններն ընդգրկող ֆիզիկական գերբեռնվածություն և այլն: Սովորաբար այս վիճակները որևէ լրջություն չեն պարունակում, և ցավերն ինքնուրույն անհետանում են (թեև որոշ ժամանակ կարող են զգացնել տալ «մնացորդային» թույլ ցավերը կամ անհարմարավետության զգացումը):
Այս ամենի կողքին, կան որոշ նշաններ, որոնք կարող ահազանգել ավելի լուրջ հիվանդությունների մասին:
Ե՞րբ դիմել բժշկին
Մեջքի ցավի դրվագների մեծ մասը տնային բուժման և ինքնօգնության միջոցներով աստիճանաբար բարելավվում է մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում: Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե մեջքի ցավը՝
- մի քանի շաբաթ անց շարունակվում է
- ուժեղ է կամ սաստկանում է գիշերային ժամերին և հանգիստ պայմաններում (օրինակ՝ պառկած մնալիս) չի բարելավվում
- տարածվում է ներքև դեպի մեկ կամ երկու ոտքերը, հատկապես, եթե այն հասնում է ծնկներից ներքև
- առաջացնում է մեկ կամ երկու ոտքերի թուլություն, թմրածություն կամ ծակծկոցներ
- առաջացնում է սեռական օգանների և հետույքի շրջանում թմրածություն կամ ծակծկոցներ
- ուղեկցվում է անբացատրելի քաշի կորստով:
Հազվադեպ, մեջքի ցավը կարող է լինել լուրջ առողջական խնդրի «ահազանգ»: Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ձեր մեջքի ցավը՝
- տեղակայված է թիկունքի շրջանում և ընդգրկում է կրծքավանդակը
- առաջացնում է աղիների կամ միզապարկի գործունեության խանգարում
- ուղեկցվում է բարձր ջերմությամբ (38ºC և ավելի բարձր)
- ի հայտ է եկել վայր ընկնելուց, մեջքին հարված ստանալուց կամ այլ վնասվածքից հետո:
Հոդվածը վերանայվել է՝ 24-04-2021