Բեյկերի կիստան երբեմն ինքնուրույն անհետանում է:
Թեթև ախտանիշները հաճախ կարելի է վերահսկել՝ խուսափելով այնպիսի գործողություններից, որոնք հրահրում կամ սաստկացնում են ձեր գանգատները: Օգտակար կարող են լինել նաև տեղային սառեցման միջոցները (սառցեպարկ): Ձեր բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ, որ ազատվեք ձեր ավելորդ կիլոգրամներից, որը թույլ կտա թուլացնել ծնկների ծանրաբեռնվածությունը:
Այնուամենայնիվ, եթե կիստան մեծ է և ցավ է պատճառում, ձեզ կարող է անհրաժեշտ լինել բուժում:
Դեղորայքային բուժումներ
Սովորական ցավազրկող դեղամիջոցները, ինչպիսիք են Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կամ Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն), կարող են մեղմացնել ցավն ու բորբոքումը:
Ստերոիդ դեղամիջոցի, օրինակ՝ Կորտիզոնի ներարկումը ծնկի մեջ կարող է նվազեցնել բորբոքումը: Սա կարող է նվազեցնել կիստայի չափը և թեթևացնել ցավը, բայց դա միշտ չէ, որ կանխում է կիստայի կրկնությունը:
Ոչ դեղորայքային բուժումներ (թերապիաներ)
Ծնկան հոդի նուրբ վարժանքները, որոնք բարելավում են նույն հոդում շարժման շրջանակը և ամրացնում ծունկը շրջապատող մկանները, կարող են օգնել նույն շրջանի ախտանիշների մեղմացմանը և ծնկան գործառույթի պահպանմանը:
Վիրահատություն կամ այլ միջամտություններ
Կիստայի չափը փոքրացնելու համար ձեր բժիշկը կարող է ասեղի միջոցով դատարկել կիստայում կուտակված հեղուկը: Սա կոչվում է ասեղային ասպիրացիա և հաճախ իրականացվում է գերձայնային (սոնոգրաֆիկ) ուղղորդմամբ: Որոշ իրավիճակներում կամ որոշ կլինիկաներում նաև կարող է առաջարկել գերձայնային ուղղորդմամբ լազերային աբլացիա:
Եթե կիստայի պատճառը հոդային խնդիրն է, վերջինս շտկելու համար կարող է կատարվել արթրոսկոպիկ վիրահատություն: Օրինակ, եթե աճառի պատռվածքն առաջացնում է սինովիալ հեղուկի կուտակում ձեր ծնկի մեջ, վիրաբույժը կարող է հեռացնել կամ վերականգնել պատռված աճառը՝ միաժամանակ դատարկելով կուտակված հեղուկը:
Հազվադեպ կարող է առաջանալ կիստայի հեռացման վիրահատություն: Այս մոտեցումը սովորաբար օգտագործվում է միայն այն բանից հետո, երբ բուժման այլ տարբերակները չեն օգնել ցավի վերացմանը և քայլելու կամ այլ գործողություններ կատարելու ունակությունը դեռևս սահմանափակ է: Այնուամենայնիվ, կիստայի հեռացումը չի երաշխավորում, որ ապագայում նորից կիստաներ չեն ձևավորվի՝ քանի դեռ չի վերացվել պատճառը:
Խոսեք ձեր բժշկի հետ բուժման տարբերակների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024