Մեղվի խայթոցը կարող է առաջացնել տարբեր ռեակցիաներ՝ սկսած ժամանակավոր ցավից և անհանգստությունից մինչև ծանր ալերգիկ ռեակցիա:
Մեկ տեսակի ռեակցիա ունենալը չի նշանակում, որ դուք միշտ կունենաք նույն ռեակցիան ամեն անգամ, երբ ձեզ մեղու է խայթել կամ որ հաջորդ ռեակցիան անպայմանորեն ավելի սուր կլինի:
Թեթև ռեակցիա
Ավելի հաճախ մեղուների խայթոցի ախտանիշներն աննշան են և ներառում են՝
- ակնթարթային, սուր այրվող ցավ խայթոցի տեղում
- կարմիր նշան՝ բուն խայթոցի տեղում
- թեթև այտուցվածություն՝ խայթոցի շուրջ:
Մարդկանց մեծ մասի մոտ այտուցն ու ցավն անհետանում են մի քանի ժամվա ընթացքում:
Չափավոր ռեակցիա
Որոշ մարդկանց մոտ, ում խայթել են մեղու կամ այլ միջատներ, ունեն մի փոքր ավելի ուժեղ ռեակցիա հետևյալ գանգատներով և ախտանիշներով՝
- խիստ կարմրություն
- խայթոցի տեղում այտուցվածություն, որն աստիճանաբար մեծանում է հաջորդ կամ երկու օրվա ընթացքում:
Չափավոր ռեակցիաները հակված են ինքնուրույն անցնելու հինգից 10 օրվա ընթացքում: Չափավոր ռեակցիա ունենալը չի նշանակում, որ հաջորդ անգամ խայթելու դեպքում դուք կունենաք ծանր ալերգիկ ռեակցիա: Սակայն, որոշ մարդկանց մոտ ամեն անգամ խայթոց ունենալիս միմյանց նմանվող չափավոր ռեակցիաներ են զարգանում: Եթե դա պատահի ձեզ հետ, խոսեք ձեր բժշկի հետ բուժման և կանխարգելման մասին, հատկապես, եթե ռեակցիան ամեն անգամ ավելի սուր է դառնում:
Ծանր ալերգիկ ռեակցիա
Մեղվի խայթոցի ծանր ալերգիկ ռեակցիան (անաֆիլաքսիա) հնարավոր վտանգ է ներկայացնում կյանքի համար և պահանջում է շտապ բուժում: Մեղվի կամ այլ միջատի խայթոցից մարդկանց մի փոքր տոկոսի մոտ արագ զարգացում է անաֆիլաքսիա: Անաֆիլաքսիայի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- մաշկային ռեակցիաներ, ինչպիսիք են եղնջացանը և քորը, կարմրած կամ գունատ մաշկ
- դժվարաշնչություն և հևոց
- կոկորդի և լեզվի այտուցվածություն
- թույլ, արագացած անոթազարկ (պուլս)
- սրտխառնոց, փսխում կամ փորլուծություն
- գլխապտույտ կամ ուշագնացություն
- գիտակցության կորուստ:
Մարդիկ, ովքեր մեղվի խայթոցի նկատմամբ դրսևորում են ծանր ալերգիկ ռեակցիա, հաջորդ անգամ խայթոց ստանալիս անաֆիլաքսիայի հավանականությունը կազմում է 25%-65%: Խոսեք ձեր բժշկի կամ ալերգոլոգի հետ կանխարգելիչ միջոցառումների մասին, ինչպիսիք են իմունոթերապիան («ալերգիայի դեմ պատվաստումներ»), որ խուսափեք նմանատիպ ռեակցիայից, եթե նորից ձեզ մեղու խայթի:
Իմացե՛ք ավելին անաֆիլաքսիայի մասին:
Բազմաթիվ մեղուների խայթոցներ
Ընդհանուր առմամբ, միջատները, ինչպիսիք են մեղուները և կրետները, ագրեսիվ չեն և խայթում են միայն ինքնապաշտպանության համար: Շատ դեպքերում դա հանգեցնում է մեկ կամ գուցե մի քանի խայթոցի: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում, հատկապես երբ մարդը խախտում է փեթակը կամ մեղուների պարսը, կարող է ստանալ բազմաթիվ խայթոցներ: Մեղուների որոշ տեսակներ, ինչպիսիք են աֆրիկյան մեղվաճանճերը, ավելի հավանական է, որ խմբով խայթեն: Եթե ձեզ ավելի քան մեկ տասնյակ անգամ խայթեն, թույնի կուտակումը կարող է թունավոր (տոքսիկ) ռեակցիա առաջացնել, և ձեզ վատ զգաք: Գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- սրտխառնոց, փսխում կամ փորլուծություն
- գլխացավ
- պտտման զգացողություն (վերտիգո)
- ցնցումներ
- ջերմություն
- գլխապտույտ կամ ուշագնացություն:
Բազմաթիվ խայթոցները կարող են պահանջել անհետաձգելի բուժօգնություն երեխաների, տարեցների և սրտի կամ շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց դեպքում:
Ե՞րբ դիմել բժշկին
Շատ դեպքերում, մեղվի խայթոցը չի պահանջում բժշկի այցելություն: Ավելի ծանր դեպքերում դուք անհապաղ բուժօգնության կարիք կունենաք:
Զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե մեղվի խայթոցի նկատմամբ ունեք ծանր ռեակցիա, որը հուշում է անաֆիլաքսիայի մասին, նույնիսկ եթե դա ընդամենը մեկ կամ երկու գանգատ կամ ախտանիշ է: Եթե ալերգիկ եք և ձեզ նշանակել են շտապ Էպինեֆրինի ինքնաներարկիչ (ԷպիՓեն, Աուվի-Q և այլն), օգտագործեք այն անմիջապես, ինչպես հրահանգել է ձեր բժիշկը:
Անմիջապես դիմեք բուժօգնության, եթե ունեք բազմաթիվ խայթոցներ:
Ձեր բժշկին այցելելու համար պայմանավորվեք, եթե՝
- մեղվի խայթոցի ախտանիշները չեն անհետանում մի քանի օրվա ընթացքում
- նախկինում ունեցել եք մեղվի խայթոցի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի այլ ախտանիշներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024