Բելի պարալիզ (պարալիչ) ունեցող մարդկանց մեծամասնությունը (4 հիվանդից 3-ը) լիովին ապաքինվում է բուժմամբ կամ առանց բուժման:
Մարդկանց մեծ մասի մոտ հիվանդության ախտանիշները սկսում են բարելավվել երկու շաբաթվա ընթացքում, իսկ լրիվ վերականգնումը կարող է ձգվել 3-9 ամիս: Հազվադեպ, վերականգնումը կարող է ընթանալ ոչ լիարժեք և որպես հետևանք մնալ ախտահարված շրջանի կայուն թուլության կամ պարեզ:
Բելի պարեզի համար չկա ստանդարտ բուժում: Սակայն ձեր բժիշկը կարող է առաջարկել դեղամիջոցներ կամ ֆիզիոթերապիա, որոնք կօգնեն ձեր վերականգնման արագացմանը: Վիրահատությունը հազվադեպ է քննարկվում որպես Բելի պարեզի բուժման տարբերակ:
Երբ տուժած կողմի աչքը չի փակվում, կարևոր է քայլեր ձեռնարկել այդ աչքը պաշտպանելու և խնամելու համար: Ցերեկը՝ աչքի խոնավացնող կաթիլների, իսկ գիշերը՝ աչքի քսուք օգտագործելը կօգնեն, որ ձեր աչքի եղջերաթաղանթը խոնավ մնա: Ցերեկներն ակնոցներ կրելը, իսկ գիշերներն աչքը փակող միջոց օգտագործելը կարող են օգնել ձեր աչքի չորացման կամ վնասման կանխմանը: Բելի պարեզի ծանր դեպքերում բուժմանը կարող է ներգրավվել նաև ակնաբույժը:
Դեղորայքային բուժում
Բելի պարեզը բուժելիս սովորաբար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները:
- Կորտիկոստերոիդներ. կորտիկոստերոիդները, ինչպիսին է Պրեդնիզոնը, հզոր հակաբորբոքային դեղամիջոցներ են: Եթե դրանք կարողանան նվազեցնել դիմային (ֆացիալ) նյարդի այտուցը, վերջինս ավելի հարմարավետ կտեղավորվի այն ոսկրային խողովակում, որով անցնում է նյարդը: Կորտիկոստերոիդները կարող են լավագույնս ազդել, եթե սկսեն օգտագործվել ձեր ախտանիշների սկսվելուց մի քանի օրվա ընթացքում: Վաղ սկսված ստերոիդային բուժումը բարելավում է լիարժեք վերականգնման հավանականությունը:
- Հակավիրուսային դեղամիջոցներ. հակավիրուսային դեղամիջոցների դերը մնում է անորոշ: Հետազոտություններով հակավիրուսային դեղամիջոցները որևէ օգուտ չեն ցուցաբերել՝ համեմատած պլացեբոյի հետ: Կորտիկոստերոիդներին ավելացված հակավիրուսային դեղամիջոցները կարող են օգտակար լինել Բելի պարեզ ունեցող որոշ մարդկանց, սակայն դա դեռևս ապացուցված չէ: Չնայած դրան, ծանր դիմային պարեզ ունեցող մարդկանց երբեմն նշանակվում են հակավիրուսային դեղամիջոցներ, ինչպիսիք են Վալացիկլովիրը (Վալտրեքս) կամ Ացիկլովիրը (Զովիրաքս):
Ֆիզիոթերապիա
Պարալիզված մկանները կարող են կրճատվել և կարճանալ, որը կարող է մշտական լինել: Ֆիզիոթերապևտը կարող է սովորեցնել ձեզ, թե ինչպես պետք է մերսել և մարզել ձեր դեմքի մկանները, որ խուսափեք դիմային մկանների այսպիսի խանգարումից:
Վիրահատություն
Անցյալում օգտագործվել է դեկոմպրեսիոն վիրահատություն դիմային նյարդի վրա ճնշումը թուլացնելու համար՝ բացելով այն ոսկրային անցուղին, որով անցնում է այդ նյարդը: Այսօր դեկոմպրեսիոն վիրահատություն խորհուրդ չի տրվում: Դիմային նյարդի վնասվածքը և լսողության մշտական կորուստը այս վիրահատության հետ կապված հնարավոր բարդություններն են:
Հազվադեպ, կարող է պահանջվել պլաստիկ վիրահատություն՝ դիմային նյարդի տևական խնդիրները շտկելու համար: Դեմքի «վերակենդանացման» վիրահատությունը օգնում է դեմքը դարձնել ավելի համաչափ և կարող է վերականգնել դեմքի շարժունակությունը: Այս տեսակի վիրահատության օրինակներից են հոնքերի բարձրացումը, կոպերի բարձրացումը, դեմքի իմպլանտները և նյարդի փոխպատվաստումը: Որոշ միջամտություններ, օրինակ՝ հոնքերի բարձրացումը, կարող են կրկնվել մի քանի տարի անց:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024