Բիպոլյար խանգարում
Բիպոլյար խանգարումը հոգեկան առողջության խնդիր է, որն ընթանում է պարբերաբար ընթացող տրամադրության երկփուլ խանգարումներով՝ մանիայով և դեպրեսիայով:
Նախկինում այս հիվանդությունը հայտնի էր որպես «մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ»: Բիպոլյար խանգարմանն այլ կերպ անվանում են «բիպոլյար (երկբևեռ) աֆեկտիվ խանգարում», իսկ թեթև ձևերին՝ ցիկլոթիմիա:
Հիվանդությունը կոչվում է «բիպոլյար» կամ «երկբևեռ», քանի որ տիպիկ դեպքերում ընթանում է որպես կլինիկորեն միմյանց հակառակ երկու փուլերի հաջորդական փոխարինում: Բիպոլյար խանգարման այս երկու փուլերը կամ «դրվագներն» են՝
- դեպրեսիա, երբ հիվանդները զգում են տրամադրության անկում և քնկոտություն (լեթարգիա)
- մանիա, երբ նրանք զգում են տրամադրության բարձրացում և գերակտիվություն (երբեմն մեղմ մանիան անվանում են «հիպոմանիա»):
Տարբերում են բիպոլյար խանգարման 2 հիմնական տեսակներ՝
- բիպոլյար խանգարում I, երբ մանիակալ վիճակը տևում է բավականին երկար ժամանակ, ինչպես նաև ի հայտ են գալիս դեպրեսիայի դրվագներ և երբեմն փսիպոտիկ ախտանիշներ
- բիպոլյար խանգարում II, երբ մանիակալ շրջանները և դեպրեսիվ դրվագները տևում են ավելի կարճ և ստանում ավելի մեղմ ընթացք, իսկ այս երկուսի միջև ընկած ժամանակահատվածում («ինտերմիսիա») հիվանդի տրամադրությունը լինում է համեմատաբար նորմալ:
Կարող են գրանցվել նաև «խառնված դրվագներ», երբ հիվանդի մոտ միաժամանակ դրսևորվում են ինչպես դեպրեսիային, այնպես էլ մանիային բնորոշ գանգատներ ու ախտանիշներ:
Բիպոլյար խանգարման ախտանիշները կախված են այն հանգամանքից, թե տվյալ պահին տրամադրության որ խանգարումն է գերակշռում: Ի տարբերություն տրամադրության սովորական փոփոխություններին, մանիայի կամ դեպրեսիայի դրվագները կարող են տևել մի քանի շաբաթ կամ ավելի երկար, իսկ որոշ մարդկանց մոտ «նորմալ» տրամադրության փուլը շատ հաճախ կարող է բացակայել:
Հիվանդությունն ավելի հաճախ սկսվում է դեպրեսիայի փուլով: Այդ պատճառով բիպոլյար խանգարումը սովորաբար արձանագրվում է որպես դեպրեսիա, և միայն ավելի ուշ, երբեմն՝ մի քանի տարի անց, երբ ի հայտ են գալիս մանիակալ դրվագները, հաստատվում է բիպոլյար խանգարման ախտորոշումը:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021