Բիպոլյար խանգարումը ծանր քրոնիկ հոգեկան խանգարում է, որը բնորոշվում է տրամադրության հակադարձ տեղաշարժերով։
Եթե ձեզ ախտորոշել են բիպոլյար խանգարում, հիշեք, որ սա բուժելի վիճակ է։ Բուժումը կարող է օգնել, որ դեպրեսիայի և մանիայի դրվագները կարճանանան, մեղմանան և ավելի փոքր հավանականությամբ կրկնվեն։
Բիպոլյար խանգարման դեղերը
Բիպոլյար խանգարմամբ բազմաթիվ մարդիկ բուժվում են դեղամիջոցների և փսիխոթերապիայի (հոգեթերապիա) զուգակցմամբ։ Հոգեբանական բուժումն առանձին վերցրած սովորաբար բավարար չէ։ Դեղերը անփոխարինելի դեր ունեն և նշանակվում են հետևյալ նպատակներով՝
- բուժվել դեպրեսիայի դրվագները
- բուժվել մանիայի կամ հիպոմանիայի դրվագները
- կանխարգելել դրվագների կրկին առաջանալը։
Հաճախ նշանակվում են տարբեր դեղերի զուգակցումներ։
Ճիշտ դեղորայք գտնելը
Ձեզ համար ճիշտ դեղորայք կամ դեղամիջոցներ գտնելը, հավանաբար, որոշակի փորձություն և սխալներ կպահանջի: Եթե դեղերից մեկը ձեզ մոտ լավ չի աշխատում, կան ուրիշները, որոնք պետք է փորձեք:
Այս գործընթացը պահանջում է համբերություն, քանի որ որոշ դեղամիջոցների համար անհրաժեշտ են շաբաթներ կամ ամիսներ՝ լիարժեք բուժական ազդեցություն դրսևորելու համար: Սովորաբար, միաժամանակ փոփոխվում է միայն մեկ դեղամիջոց, որ ձեր բժիշկը կարողանա որոշել, թե որ դեղամիջոցներն են օգնում ձեր ախտանիշները թեթևացնելուն՝ նվազագույն անհանգստացնող կողմնակի ազդեցություններով: Դեղորայքի դեղաչափը նույնպես կարող է կարգավորման կարիք ունենալ, քանի որ ձեր ախտանիշները փոխվում են:
Կողմնակի ազդեցություններ
Մեղմ կողմնակի ազդեցությունները հաճախ բարելավվում են, եթե դուք ստանում եք ճիշտ դեղամիջոցներ և չափաբաժիններ, որոնք աշխատում են ձեզ համար, և ձեր օրգանիզմը հարմարվում է դեղամիջոցներին: Խոսեք ձեր բժշկի կամ հոգեկան առողջության մասնագետի հետ, եթե ունեք անհանգստացնող կողմնակի ազդեցություններ:
Փոփոխություններ մի՛ կատարեք կամ մի՛ դադարեցրեք ձեր դեղերը: Եթե դադարեցնեք ձեր դեղորայքը, կարող եք զգալ հանման ազդեցություն կամ ձեր ախտանիշները կարող են վատթարանալ կամ վերադառնալ: Դուք կարող եք դառնալ շատ ընկճված, ինքնասպանության զգացում ունենալ կամ ընկնել մանիակալ կամ հիպոմանիակալ դրվագի մեջ: Եթե կարծում եք, որ պետք է փոփոխություն կատարել, զանգեք ձեր բժշկին:
Դեղամիջոցները և հղիությունը
Բիպոլյար խանգարման մի շարք դեղամիջոցներ կարող են կապված լինել բնածին արատների հետ և կարող են կրծքի կաթով փոխանցվել ձեր երեխային: Որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են Վալպրոյաթթուն և Դիվալպրոեքս նատրիումը, չպետք է օգտագործվեն հղիության ընթացքում: Բացի այդ, հակաբեղմնավորիչ դեղամիջոցները կարող են կորցնել արդյունավետությունը, երբ դրանք ընդունվում են բիպոլյար խանգարման որոշ դեղամիջոցների հետ միասին:
Հնարավորության դեպքում, նախքան հղիանալը, քննարկեք բուժման տարբերակները ձեր բժշկի հետ: Եթե դուք դեղորայք եք ընդունում ձեր բիպոլյար խանգարումը բուժելու համար և կարծում եք, որ հղի եք, անմիջապես խոսեք ձեր բժշկի հետ:
Կարևոր տեղեկատվություն բիպոլյար հիվանդության դեղամիջոցների մասին
Բազմաթիվ մարդկանց համար դեղամիջոցների բուժական արդյունքները՝ օգուտը գերազանցում է դրանցով պայմանավորված ռիսկերին՝ վտանգներին։ Այնուամենայնիվ, մինչև դեղամիջոցների օգտագործումը, հարցրեք ձեր բժշկին՝
- որո՞նք են դեղի օգուտները
- որո՞նք են դեղի ընդունման հետ կապված ռիսկերը
- որո՞նք են դեղի կողմնակի ազդեցությունները։
Եթե ունեք որևէ ֆիզիկական հիվանդություն և ընդունում եք այլ դեղամիջոցներ, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին։
Մի՛ ընդհատեք ձեզ նշանակած դեղամիջոցները և ինքնուրույն մի՛ փոփոխեք ձեզ նշանակված դեղաչափերը։
Եթե կարծում եք, որ դեղամիջոցն առաջացրել է կողմնակի ազդեցություն, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին։ Եթե դեղն ընդունելուց հետո կամ մեկ այլ պատճառով զգում եք ինքնազգացողության կտրուկ վատացում, անհապաղ կապ հաստատեք ձեր բժշկի հետ կամ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն։
Հոդվածը հրապարակվել է՝ 09-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024