Հավանաբար ձեզ հարկավոր կլինի փոխել ապրելակերպը՝ դադարեցնելու ձեր բիպոլյար խանգարումը վատթարացնող վարքագծի ցիկլերը:
Ահա մի քանի քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն:
- Հրաժարվեք ալկոհոլ խմելուց կամ ժամանցային (ակումբային) թրմաիջոցներ օգտագործելուց. բիպոլյար խանգարման ամենամեծ մտահոգություններից մեկը ռիսկային վարքագծի և ապօրինի թմրամիջոցների կամ ալկոհոլի չարաշահման բացասական հետևանքներն են: Ստացեք օգնություն, եթե դժվարանում եք ինքնուրույն թողնել ծխելը:
- Ձևավորեք առողջ փոխհարաբերություններ. շրջապատեք ձեզ մարդկանցով, ովքեր դրական ազդեցություն ունեն: Ընկերներն ու ընտանիքի անդամները կարող են աջակցել և օգնել ձեզ՝ հետևելու տրամադրության փոփոխության նախազգուշական նշաններին:
- Ստեղծեք առողջ օրակարգ. քնի, ուտելու և ֆիզիկական ակտիվության կանոնավոր ռեժիմը կարող է օգնել հավասարակշռելու ձեր տրամադրությունը: Ֆիզիկական վարժանքների որևէ ծրագիր սկսելուց առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ: Դարձրեք ձեր սննդակարգն առողջ։ Եթե Լիթիում եք ընդունում, խոսեք ձեր բժշկի հետ համապատասխան հեղուկի և աղի ընդունման մասին: Եթե դժվարանում եք քնել, խոսեք ձեր բժշկի կամ հոգեկան առողջության մասնագետի հետ, թե ինչ կարող եք անել:
- Նախքան այլ դեղամիջոցներ ընդունելը ստուգեք. զանգեք բժշկին, ով բուժում է ձեր բիպոլյար խանգարումը, նախքան այլ բժշկի կողմից նշանակված դեղորայք կամ հավելումներ ընդունելը: Երբեմն այլ դեղամիջոցներ առաջացնում են դեպրեսիայի կամ մանիայի դրվագներ կամ կարող են խանգարել այն դեղամիջոցներին, որոնք դուք ընդունում եք բիպոլյար խանգարման համար:
- Մտածեք տրամադրության աղյուսակ պահելու մասին. ձեր ամենօրյա տրամադրությունների, բուժման, քնի, գործունեության և զգացմունքների մասին գրառում պահելը կարող է օգնել բացահայտելու դրդապատճառները, արդյունավետ բուժման տարբերակները և այն, թե երբ պետք է բուժումը ճշգրտվի:
Այլընտրանքային բժշկություն
Այլընտրանքային կամ օժանդակող բժշկության, որը երբեմն կոչվում է ինտեգրատիվ բժշկություն, և բիպոլյար խանգարման վերաբերյալ շատ հետազոտություններ չկան: Ուսումնասիրությունների մեծ մասը վերաբերում է մեծ դեպրեսիային, ուստի պարզ չէ, թե ինչպես են այս ոչ ավանդական մոտեցումները գործում բիպոլյար խանգարման դեպքում:
Եթե ընտրում եք օգտագործել այլընտրանքային կամ օժանդակող բժշկություն՝ ի լրումն ձեր բժշկի կողմից առաջարկվող բուժմանը, նախ ձեռնարկեք որոշ նախազգուշական միջոցներ:
- Մի՛ դադարեք ընդունել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ բաց մի՛ թողեք թերապիայի կուրսերը. այլընտրանքային կամ օժանդակող բժշկությունը չի կարող փոխարինել կանոնավոր բժշկական օգնությանը, երբ խոսքը վերաբերում է բիպոլյար խանգարման բուժմանը:
- Ազնիվ եղեք ձեր բժիշկների և հոգեկան առողջության մասնագետների հետ. հստակ ասեք նրանց, թե որ այլընտրանքային կամ օժանդակող բուժումն եք օգտագործում կամ կցանկանայիք փորձել:
- Տեղյակ եղեք հնարավոր վտանգների մասին. այլընտրանքային և օժանդակող արտադրանքները չեն կարգավորվում այնպես, ինչպես դեղատոմս պահանջող դեղերը: Միայն այն պատճառով, որ դա բնական է, չի նշանակում, որ անվտանգ է: Նախքան այլընտրանքային կամ օժանդակող միջոցներ օգտագործելը, խոսեք ձեր բժշկի հետ ռիսկերի, ներառյալ դեղերի հետ հնարավոր լուրջ փոխազդեցությունների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024