Կան բիպոլյար և հարակից խանգարումների մի քանի տեսակներ:
Դրանք կարող են ներառել մանիա կամ հիպոմանիա և դեպրեսիա: Ախտանիշները կարող են առաջացնել տրամադրության և վարքի անկանխատեսելի փոփոխություններ, որը հանգեցնում է զգալի անհանգստության և կյանքի դժվարությունների:
- Բիպոլյար I խանգարում. դուք ունեցել եք առնվազն մեկ մանիայի դրվագ, որին կարող են նախորդել կամ հաջորդել հիպոմանիային կամ մեծ դեպրեսիվ դրվագները: Որոշ դեպքերում մանիան կարող է առաջացնել իրականությունից խզում (փսիխոզ):
- Բիպոլյար II խանգարում. դուք ունեցել եք առնվազն մեկ մեծ դեպրեսիվ դրվագ և առնվազն մեկ հիպոմանիկ դրվագ, սակային երբեք չեք ունեցել մանիայի դրվագ:
- Ցիկլոթիմիկ խանգարում. դուք ունեցել եք առնվազն երկու տարի, կամ երեխաների և դեռահասների մոտ՝ մեկ տարի, հիպոմանիայի ախտանիշների և դեպրեսիվ ախտանիշների ժամանակաշրջաններ (թեև ավելի քիչ ծանր, քան մեծ դեպրեսիան):
- Այլ տեսակներ. դրանք ներառում են, օրինակ, բիպոլյար և հարակից խանգարումներ, որոնք առաջացել են որոշակի դեղամիջոցների կամ ալկոհոլի կամ որևէ առողջական վիճակի հետևանքով, ինչպիսիք են Քուշինգի հիվանդությունը, ցրված սկլերոզը կամ ինսուլտը:
Բիպոլյար II խանգարումը բիպոլյար I խանգարման ավելի մեղմ ձև չէ, այլ առանձին ախտորոշում: Թեև բիպոլյար I խանգարման մանիայի դրվագները կարող են լինել ծանր և վտանգավոր, բիպոլյար II խանգարում ունեցող անհատները կարող են ավելի երկար ժամանակ դեպրեսիայի մեջ լինել, ինչը կարող է զգալի խանգարումներ առաջացնել:
Բիպոլյար խանգարումը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն սովորաբար ախտորոշվում է դեռահասների կամ 20-ական տարեկանի սկզբում: Ախտանիշները կարող են տարբերվել անձից անձից: Դրանք նաև կարող են տարբերվել ժամանակի ընթացքում:
Մանիա և հիպոմանիա
Մանիան և հիպոմանիան դրվագների երկու տարբեր տեսակներ են, սակայն դրսևորվում են նույն ախտանիշներով: Մանիան ավելի ծանր է, քան հիպոմանիան և առաջացնում է ավելի նկատելի խնդիրներ աշխատանքի, դպրոցում և սոցիալական գործունեության մեջ, ինչպես նաև փոխհարաբերությունների հետ կապված դժվարություններ: Մանիան կարող է նաև առաջացնել իրականությունից խզում (փսիխոզ) և պահանջել հոսպիտալացում:
Ինչպես մանիայի, այնպես էլ հիպոմանիայի դրվագը ներառում են հետևյալախտանիշներից երեքը կամ ավելին՝
- արտասովոր լավատեսություն, դյուրագրգռություն կամ անհոգության զգացումներ
- գերաշխուժություն, ներուժի ավելացում կամ հոգեշարժական գրգռվածություն
- բարեկեցության և ինքնավստահության չափազանցված զգացում (էյֆորիա)
- քնի կարիքի նվազում կամ անքնություն
- անսովոր շատախոսություն
- մտքերի թռիչք (մի միտքը չավարտած անցնում մյուսին)
- ցրվածություն
- վատ որոշումների կայացում, օրինակ՝ սեռական ռիսկի դիմելը կամ անհիմն ներդրումներ կամ ոչ պետքական թանկարժեք գնումներ կատարելը:
Մեծ դեպրեսիվ դրվագ
Մեծ դեպրեսիվ դրվագը ներառում է ախտանիշներ, որոնք բավականաչափ ծանր են, որ նկատելի դժվարություններ առաջացնեն առօրյա գործունեության մեջ, ինչպիսիք են աշխատանքը, դպրոցը, սոցիալական գործունեությունը կամ փոխհարաբերությունները: Դրվագը ներառում է այս ախտանիշներից հինգը կամ ավելին՝
- դեպրեսիվ տրամադրություն, ինչպիսին է տխրության, դատարկության, հուսահատության կամ արցունքների զգացումը (երեխաների և դեռահասների մոտ դեպրեսիվ տրամադրությունը կարող է դրսևորվել որպես դյուրագրգռություն)
- հետաքրքրության զգալի կորուստ կամ հաճույքի բացակայություն բոլոր կամ գրեթե բոլոր գործողություններից
- քաշի զգալի կորուստ, երբ սննդից հրաժարվում է, քաշի ավելացում կամ ախորժակի նվազում կամ ավելացում (երեխաների մոտ, ակնկալվող քաշ չհավաքելը կարող է դեպրեսիայի նշան լինել)
- կամ անքնություն կամ էլ չափից շատ քուն
- կամ անհանգստություն կամ էլ դանդաղած վարքագիծ
- հոգնածություն կամ ներուժի կորուստ
- անարժեքության կամ չափից դուրս կամ անհիմն մեղքի զգացում
- մտածելու կամ կենտրոնանալու ունակության նվազում կամ անվճռականություն
- ինքնասպանության մասին մտքեր, ծրագրավորում կամ փորձարկում:
Բիպոլյար խանգարման այլ առանձնահատկություններ
Երկբևեռ I և երկբևեռ II խանգարումների նշաններն ու ախտանիշները կարող են ներառել այլ առանձնահատկություններ, ինչպիսիք են անհանգստությունը, մելամաղձությունը, փսիխոզը և այլն: Ախտանիշների ժամանակացույցը կարող է ներառել ախտորոշիչ պիտակներ, ինչպիսիք են մանիայի և դեպրեսիայի խառը կամ արագ հերթափոխումները: Բացի այդ, բիպոլյար ախտանշանները կարող են առաջանալ հղիության ընթացքում կամ փոփոխվել սեզոնների հետ:
Ախտանիշները երեխաների և դեռահասների մոտ
Բիպոլյար խանգարման ախտանիշները կարող են դժվարությամբ հայտնաբերել երեխաների և դեռահասների մոտ: Հաճախ դժվար է ասել, թե արդյոք դրանք նորմալ վերելքներ և անկումներ են, սթրեսի կամ տրավմայի հետևանք, թե բիպոլյար խանգարումից բացի հոգեկան առողջության այլ խնդրի նշաններ:
Երեխաները և դեռահասները կարող են ունենալ տարբերվող մեծ դեպրեսիվ կամ մանիակալ կամ հիպոմանիկ դրվագներ, սակայն այդ օրինաչափությունը կարող է տարբերվել բիպոլյար խանգարում ունեցող չափահասների մոտ դիտարկվող դրսևորումներից: Եվ տրամադրությունները կարող են արագորեն փոխվել դրվագների ժամանակ (արագ ցիկլ): Որոշ երեխաներ կարող են ունենալ ժամանակաշրջաններ, երբ դրվագների միջև ընկած ժամանակաշրջաններում տրամադրության ախտանիշներ չկան:
Երեխաների և դեռահասների մոտ բիպոլյար խանգարման ամենաակնառու տրամադրության նշանները կարող են ներառել կտրուկ տատանումները, որոնք տարբերվում են նրանց տրամադրության սովորական փոփոխություններից:
Ե՞րբ դիմել բժշկին
Չնայած տրամադրության ծայրահեղ շեղումներին, բիպոլյար խանգարում ունեցող մարդիկ հաճախ չեն գիտակցում, թե որքան է իրենց հուզական անկայունությունը խաթարում իրենց և իրենց սիրելիների կյանքը և չեն ստանում անհրաժեշտ բուժում:
Եթե ունեք դեպրեսիայի կամ մանիայի որևէ ախտանիշ, դիմեք ձեր բժշկին կամ հոգեկան առողջության մասնագետին: Բիպոլյար խանգարումն ինքնուրույն չի լավանում: Բիպոլյար խանգարման փորձ ունեցող հոգեկան առողջության մասնագետից բուժում ստանալը կարող է օգնել ձեզ, որ վերահսկեք ձեր ախտանիշները:
Ե՞րբ դիմել անհետաձգելի օգնության
Ինքնասպանության մտքերն ու վարքագիծը տարածված են բիպոլյար խանգարում ունեցող մարդկանց մոտ: Եթե ունեք ինքնամեղադրական մտքեր, անմիջապես զանգահարեք 1-03, դիմեք մոտակա հիվանդանոց կամ կապվեք ինքնասպանության թեժ գծի հետ:
Եթե ունեք սիրելի մարդ, ով գտնվում է ինքնասպանության վտանգի տակ կամ ինքնասպանության փորձ է արել, համոզվեք, որ ինչ-որ մեկը մնա այդ մարդու հետ: Անմիջապես զանգահարեք 1-03: Կամ, եթե կարծում եք, որ կարող եք դա անել անվտանգ, տեղափոխեք անձին մոտակա հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության սենյակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024