Բիպոլյար խանգարման ճշգրիտ պատճառը անհայտ է, սակայն կարող են ներգրավվել մի քանի գործոններ:
Այդ գործոնները ներառում են հետևյալը:
- Կենսաբանական տարբերություններ. բիպոլյար խանգարում ունեցող մարդկանց գլխուղեղում դիտարկվում են ֆիզիկական փոփոխություններ: Այս փոփոխությունների նշանակությունը դեռևս անորոշ է, բայց ի վերջո կարող է օգնել պարզել պատճառները: Ներկայումս որոշակի դեր է տրվում գլխուղեղի քիմիական նյութերի (նեյրոմեդիատորների) միջև հավասարակշռության խանգարմանը, որոնք պատասխանատու են հոգեկան գործունեության կարգավորման համար։ Օրինակ, հայտնի է, որ սերոտոնինի շեղված մակարդակը կարող է առաջացնել տրամադրության խանգարում՝ վերելքներ կամ անկումներ։
- Գենետիկա. բիպոլյար խանգարումն ավելի հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն նույն հիվանդությամբ առաջին կարգի ազգական, օրինակ՝ քույր կամ եղբայր կամ ծնող: Երբ ծնողներից մեկն ունի բիպոլյար խանգարում, նրա երեխաների մոտ հիվանդության հավանականությունը հասնում է 10%-ի, իսկ երկու ծնողների դեպքում՝ 40%-ի։ Հետազոտողները փորձում են գտնել գեներ, որոնք կարող են ներգրավված լինել բիպոլյար խանգարման առաջացման մեջ: Այնուամենայնիվ, ավելի հավանական է այն վարկածը, որ հիվանդությունը կապված է ոչ թե կոնկրետ մեկ գենի, այլ գեների և արտաքին միջավայրի բազմաթիվ գործոնների բարդ համակցության հետ, որոնք կարող են գործել որպես հիվանդության դրսևորման նպաստող գործոններ (դրդապատճառներ կամ տրիգերներ)։
Ռիսկի գործոններ
Գործոնները, որոնք կարող են մեծացնել երկբևեռ խանգարման զարգացման ռիսկը կամ առաջին դրվագի համար դրդապատճառ (տրիգեր) հանդիսանալ, ներառում են՝
- բիպոլյար խանգարում ունեցող առաջին կարգի ազգական ունենալը, օրինակ՝ ծնողը կամ քույրը կամ եղբայրը
- բարձր սթրեսի ժամանակաշրջաններ, ինչպիսիք են սիրելիի մահը, ֆիզիկական, սեռական կամ հուզական վիրավորանքը կամ բռնությունը, փոխհարաբերությունների կտրուկ խզումը կամ այլ տրավմատիկ իրադարձություն
- ապօրինի թմրամիջոցների կամ ալկոհոլի չարաշահում:
Բիպոլյար խանգարումը դրսևորում է որոշակի սեզոնայնություն։ Պարզվել է, որ դեպրեսիայի և մանիայի ախտանիշներն ավելի հաճախ ի հայտ են գալիս գարնան ամիսներին։ Բիպոլյար խանգարման նկատմամբ նախատրամադրվածությամբ կանայք կարող են հոգեկան խանգարման առաջին նշանները զգալ հղիության ընթացքում կամ ծննդաբերությունից հետո։
Հոդվածը հրապարակվել է՝ 09-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024