Որոշելու համար, թե արդյոք ունեք բիպոլյար խանգարում, ձեր գնահատումը կարող է ներառել հետևյալը:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում). ձեր բժիշկը կարող է կատարել ֆիզիկական քննություն և նշանակել լաբորատոր թեստեր՝ հայտնաբերելու ցանկացած առողջական խնդիր, որը կարող է առաջացնել ձեր ախտանիշները:
- Հոգեբուժական գնահատում. ձեր բժիշկը կարող է ուղղորդել ձեզ հոգեբույժի մոտ, որը ձեզ հետ կխոսի ձեր մտքերի, զգացմունքների և վարքի ձևերի մասին: Կարող եք նաև լրացնել հոգեբանական ինքնագնահատում կամ հարցաթերթիկ: Ձեր թույլտվությամբ ընտանիքի անդամներից կամ մտերիմ ընկերներից կարող է պահանջվել տեղեկատվություն տրամադրել ձեր ախտանիշների մասին:
- Տրամադրության գծապատկեր. ձեզանից կարող է պահանջվել ամեն օր գրանցել ձեր տրամադրությունը, քնի ռեժիմը կամ այլ գործոններ, որոնք կարող են օգնել ախտորոշման և ճիշտ բուժում գտնելու հարցում:
- Բիպոլյար խանգարման չափանիշներ. ձեր հոգեբույժը կարող է համեմատել ձեր ախտանիշները բիպոլյար և հարակից խանգարումների չափանիշների հետ՝ սահմանված Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկում (DSM-5), որը հրապարակվել է Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի կողմից:
Այն դեպքերում, երբ հիվանդության հետևանքով առկա է ինքնավնասման բարձր ռիսկ, ընդհանուր առողջական վիճակի գնահատումը, ախտորոշումը և բուժումը կարող են կազմակերպվել անհետաձգելի կարգով և հիվանդանոցային պայմաններում։
Երեխաների ախտորոշումը
Թեև բիպոլյար խանգարումով երեխաների և դեռահասների ախտորոշումը ներառում է նույն չափանիշները, որոնք կիրառվում են չափահասների համար, երեխաների և դեռահասների մոտ ախտանիշները հաճախ ունենում են տարբեր ձևեր և կարող են չհամապատասխանել ախտորոշիչ չափորոշիչներին:
Ի լրումն, բիպոլյար խանգարում ունեցող երեխաները հաճախ ունենում են նաև հոգեկան առողջության այլ վիճակներ, ինչպիսիք են ուշադրության պակասի և գերակտիվության խանգարումը կամ վարքի հետ կապված խնդիրներ, որոնք կարող են ավելի բարդացնել ախտորոշումը: Խորհուրդ է տրվում նման դեպքերում երեխային ուղղորդել բիպոլյար խանգարման փորձ ունեցող մանկական հոգեբույժի խորհրդատվության:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024