Գլխուղեղի ուռուցքի գանգատներն ու ախտանիշները կախված են ուռուցքի չափից և տեղակայումից:
Ախտանիշները նաև կարող են կախված լինել նրանից, թե որքան արագ է աճում գլխուղեղի ուռուցքը, որը նաև կոչվում է ուռուցքի ագրեսիվություն կամ ուռուցքի աստիճան:
Ընդհանուր գնգատները և ախտանիշները, որոնք առաջանում են գլխուղեղի ուռուցքներից, կարող են ներառել հետևյալը՝
- գլխացավ կամ ճնշում գլխում, որն ավելի է վատթարանում առավոտյան
- գլխացավեր, որոնք ավելի հաճախակի են առաջանում և ավելի սուր են թվում
- գլխացավեր, որոնք երբեմն նկարագրվում են որպես լարվածության գլխացավ կամ միգրեն
- սրտխառնոց կամ փսխում
- տեսողության հետ կապված խնդիրներ, ինչպիսիք են մշուշոտ տեսողությունը, երկտեսությունը կամ տեսողության կորուստը
- ձեռքի կամ ոտքի զգացողությունը կամ շարժունակության կորուստ
- հավասարակշռության հետ կապված խնդիրներ
- խոսքի հետ կապված խնդիրներ
- ծայրահեղ հոգնածության զգացում
- աօրյա հարցերում խառնաշփոթ
- հիշողության խնդիրներ
- պարզ հրահանգներին հետևելու անկարողություն
- անձնային կամ վարքի փոփոխություններ
- ցնցումներ, հատկապես եթե էպիլեպսիայի պատմություն (անամնեզ) չկա
- լսողության խնդիրներ
- գլխապտույտ կամ զգացում, որ կարծես աշխարհը պտտվում է, որը նաև կոչվում է վերտիգո
- խիստ քաղցի զգացում և քաշի ավելացում:
Գլխուղեղի ուռուցքները, որոնք քաղցկեղային չեն և նաև կոչվում են գլխուղեղի բարորակ ուռուցքներ, ավելի հաճախ առաջացնում են ախտանիշներ, որոնք դանդաղ են զարգանում: Դրանք կարող են առաջացնել թեթև ախտանիշներ, որոնք սկզբում կարող եք և չնկատել: Ախտանիշները կարող են վատթարանալ ամիսների կամ տարիների ընթացքում:
Գլխուղեղի քաղցկեղային ուռուցքներն առաջացնում են ախտանիշներ, որոնք արագորեն վատթարանում են: Գլխուղեղի քաղցկեղային ուռուցքները նաև կոչվում են գլխուղեղի քաղցկեղ կամ գլխուղեղի չարորակ ուռուցքներ: Դրանք հաճախ առաջացնում են հանկարծակի ի հայտ եկող ախտանիշներ: Դրանք վատթարանում են մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում:
Գլխուղեղի ուռուցքի գլխացավեր
Գլխացավը գլխուղեղի ուռուցքների ամենատարածված ախտանիշն է: Գլխացավ նշում են գլխուղեղի ուռուցք ունեցող մարդկանց մոտ կեսը: Գլխացավը կարող է առաջանալ, եթե գլխուղեղի աճող ուռուցքը ճնշում է իր շուրջը գտնվող առողջ բջիջները: Կամ ուղեղի ուռուցքը կարող է առաջացնել գլխուղեղի այտուց, որը մեծացնում է ճնշումը գլխում և հանգեցնում գլխացավի:
Գլխացավի ցավը, որն առաջանում է գլխուղեղի ուռուցքներից, հաճախ ավելի վատթարանում է, երբ առավոտյան արթնանում եք: Սակայն, դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Որոշ մարդիկ քնից արթնանում են գլխացավերի պատճառով: Գլխուղեղի ուռուցքային գլխացավերը հակված են ցավ պատճառելու, որն ավելի է սաստկանում հազալիս կամ լարվելիս: Գլխուղեղի ուռուցք ունեցող մարդիկ առավել հաճախ նշում են, որ իրենց գլխացավը նման է լարվածության գլխացավին: Որոշ մարդիկ էլ իրենց գլխացավը նմանեցնում են միգրենին:
Գլխի ետին մասում գտնվող գլխուղեղի ուռուցքները կարող են առաջացնել պարանոցի ցավով ուղեկցվող գլխացավ: Եթե գլխուղեղի ուռուցքն առաջանում է գլխի առջևի մասում, գլխացավը կարող է զգացվել որպես աչքի ցավ կամ հարքթային խոռոչների` սինուսային ցավ:
Գլխուղեղի ուռուցքի ախտանիշներն ըստ ուռուցքի տեղակայման
Գլխուղեղի հիմնական մասը կոչվում է ծայրային ուղեղ կամ մեծ կիսագնդեր (ցերեբրում): Գլխուղեղի տարբեր բաժինների գլխուղեղի ուռուցքները կարող են տարբեր ախտանիշներ առաջացնել:
- Գլխուղեղի առջևի (ճակատային շրջանի) ուռուցքներ. ճակատային բլթերը գտնվում են գլխուղեղի առջևի մասում: Դրանք վերահսկում են մտածողությունը և շարժումները: Ճակատային բլթի գլխուղեղային ուռուցքները կարող են առաջացնել հավասարակշռության խանգարումներ և քայլքի դժվարություններ: Կարող են նաև զարգանալ անձնային փոփոխություններ, ինչպիսիք են մոռացկոտությունը և սովորական գործունեության նկատմամբ հետաքրքրության կորուստը: Երբեմն ընտանիքի անդամները գլխուղեղի ուռուցք ունեցող անձի մոտ նկատում են վարքային փոփոխություններ:
- Գլխուղեղի միջին շրջանի ուռուցքներ. գագաթային բլթերը գտնվում են գլխուղեղի վերին միջին մասում։ Դրանք օգնում են հպման, համի, հոտի, տեսողության և լսողության մասին տեղեկատվության մշակմանը: Քունքային բլթի գլխուղեղային ուռուցքները կարող են առաջացնել զգայարանների հետ կապված խնդիրներ, օրինակ՝ տեսողության և լսողության խանգարումներ:
- Գլխուղեղի ետին շրջանի ուռուցքներ. ծոծրակային բլթերը գտնվում են գլխուղեղի ետին մասում: Դրանք վերահսկում են տեսողությունը: Ծոծրակային բլթի գլխուղեղային ուռուցքները կարող են առաջացնել տեսողության կորուստ:
- Գլխուղեղի ստորին շրջանի ուռուցքներ. քունքային բլթերը գտնվում են գլխուղեղի կողքում: Դրանք մշակում են հիշողություններն ու զգացողությունները: Քունքային բլթի գլխուղեղային ուռուցքները կարող են առաջացնել հիշողության հետ կապված խնդիրներ: Դրանք կարող են պատճառ դառնալ, որ ինչ-որ մեկը տեսնի, համտեսի կամ հոտոտի մի բան, որը գոյություն չունի (ցնորք կամ հալյուցինացիա): Երբեմն համը կամ հոտը դառնում են տհաճ կամ անսովոր:
Ախտանիշները երեխաների մոտ
Երեխաների մոտ գլխուղեղի ուռուցքների ախտանիշները կախված են նրանց տարիքից, ուռուցքի տեսակից ու տեղակայումից: Ավելի հաճախ երեխաների մոտ ի հայտ են գալիս անհասկանալի համառ գլխացավեր, կրկնակի փսխումներ, վարքային խանգարումներ և աչքերի ոչ նորմալ շարժունակություն:
Երեխաների մոտ գլխուղեղի ուռուցքները նաև կարող են առաջացնել ցնցումներ, որոնք կապ չունեն ջերմության հետ: Նման դեպքերում զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:
Իմացե՛ք ավելին երեխաների մոտ գլխուղեղի ախտանիշների առանձնահատկությունների մասին:
Գլխուղեղի ուռուցքների բուժմամբ պատճառված ախտանիշներ
Վիրահատությունը, ճառագայթային թերապիան, քիմիոթերապիան կամ բուժման այլ մեթոդները նույնպես կարող են առաջացնել որոշ ախտանիշներ: Օրինակ, որպես կողմնակի ազդեցություն ճառագայթային թերապիան կարող է առաջացնել ստխառնոց և գլխացավեր, իսկ քիմիոթերապիան՝ փսխումներ, թուլության ու հոգնածության զգացում:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե ունեք մշտական գանգատներ և ախտանիշներ, որոնք անհանգստացնում են ձեզ: Եթե անհանգստացած եք ձեր երեխայի մոտ գլխուղեղային որևէ հիվանդության հնարավոր առկայությունից, դիմեք ձեր երեխայի բժշկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-06-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024