Skip to main content

Բուժում - Գլխուղեղային ուռուցք

Գլխուղեղի ուռուցքի բուժումը կախված է նրանից, թե արդյոք ուռուցքը գլխուղեղի քաղցկեղ է, թե քաղցկեղային չէ, որը նաև կոչվում է գլխուղեղի բարորակ ուռուցք:

Բուժման տարբերակները նաև կախված են գլխուղեղի ուռուցքի տեսակից, չափից, աստիճանից և տեղակայումից: Բուժման տարբերակները կարող են ներառել վիրահատություն, ճառագայթային թերապիա, ռադիովիրաբուժություն, քիմիոթերապիա և թիրախային թերապիա: Ձեր բուժման տարբերակները դիտարկելիս ձեր բժիշկները նաև հաշվի են առնում ձեր ընդհանուր առողջական վիճակը և ձեր նախասիրությունները:

Հնարավոր է, որ անմիջապես բուժում չպահանջվի: Դուք կարող եք անհապաղ բուժման կարիք չունենալ, եթե ձեր գլխուղեղի ուռուցքը փոքր է, քաղցկեղային չէ և չի առաջացնում ախտանիշներ: Գլխուղեղի փոքր, բարորակ ուռուցքները կարող են չզարգանալ կամ այնքան դանդաղ աճել, որ երբևէ խնդիրներ չառաջացնեն: Դուք կարող եք տարին մի քանի անգամ ուղեղի ՄՌՏ սքան անել՝ գլխուղեղի ուռուցքի աճը ստուգելու համար: Եթե ​​գլխուղեղի ուռուցքը սպասվածից ավելի արագ է աճում կամ եթե ձեր մոտ ախտանշաններ են զարգանում, ապա կարող է անհրաժեշտ լինել բուժում:

Վիրահատություն

Գլխուղեղի ուռուցքի վիրահատության նպատակն է հեռացնել բոլոր ուռուցքային բջիջները: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ ուռուցքը կարելի է ամբողջությամբ հեռացնել: Հնարավորության դեպքում վիրաբույժն աշխատում է հեռացնել գլխուղեղի ուռուցքի այնքան մասը, որքան հնարավոր է անել անվտանգ ձևով: Գլխուղեղի ուռուցքի հեռացման վիրահատությունը կարող է օգտագործվել ինչպես գլխուղեղի քաղցկեղի, այնպես էլ գլխուղեղի բարորակ ուռուցքների բուժման համար:

Գլխուղեղի որոշ ուռուցքներ փոքր են և հեշտությամբ առանձնանում են շրջակա ուղեղանյութից: Սա հավանական է դարձնում, որ ուռուցքն ամբողջությամբ կհեռացվի: Ուղեղի այլ ուռուցքները չեն կարող առանձնացվել շրջակա հյուսվածքից: Երբեմն ուղեղի ուռուցքը գտնվում է ուղեղի կարևոր հատվածի մոտ: Այս իրավիճակում վիրահատությունը կարող է վտանգավոր լինել: Վիրաբույժը կարող է հեռացնել այնքան ուռուցք, որքան անվտանգ է: Ուղեղի ուռուցքի միայն մի մասի հեռացումը երբեմն կոչվում է սուբատոտալ ռեզեկցիա (ենթաամբողջական մասնահատում): Ձեր գլխուղեղի ուռուցքի միայն մի մասի հեռացումը կարող է օգնել նվազեցնելու ձեր ախտանիշները:

Կան գլխուղեղի ուռուցքի հեռացման վիրահատություն կատարելու բազմաթիվ եղանակներ։ Թե որ տարբերակն է ձեզ համար լավագույնը, կախված է ձեր իրավիճակից: Գլխուղեղի ուռուցքի վիրահատության տեսակների օրինակները ներառում են՝

  • գանգի մի մասի հեռացում՝ գլխուղեղի ուռուցքին հասնելու համար
  • երկար, բարակ խողովակի օգտագործում՝ գլխուղեղի ուռուցքին հասնելու համար

Գլխուղեղի ուռուցքը հեռացնելու վիրահատությունն ունի կողմնակի ազդեցությունների և բարդությունների ռիսկ: Դրանք կարող են ներառել վարակը, արյունահոսությունը, արյան մակարդուկները (թրոմբ) և ուղեղանյութի վնասվածքը: Այլ ռիսկերը կարող են կախված լինել գլխուղեղի այն հատվածից, որտեղ գտնվում է ուռուցքը: Օրինակ, աչքերի հետ կապող նյարդերի մոտ ուռուցքի վիրահատությունը կարող է տեսողության կորստի ռիսկ ունենալ: Լսողությունը կառավարող նյարդի վրա ուռուցքը հեռացնելու վիրահատությունը կարող է հանգեցնել լսողության կորստի:

Ճառագայթային թերապիա

Գլխուղեղի ուռուցքների ճառագայթային թերապիան օգտագործում է հզոր էներգիայի ճառագայթներ՝ ուռուցքային բջիջները ոչնչացնելու համար: Էներգիան կարող է առաջանալ ռենտգենյան ճառագայթներից, պրոտոններից և այլ աղբյուրներից: Գլխուղեղի ուռուցքների ճառագայթային թերապիան սովորաբար իրականացվում է մարմնից դուրս գտնվող ճառագայթման աղբյուրից, որը կոչվում է արտաքին փնջային ճառագայթում: Հազվադեպ ճառագայթման աղբյուրը կարող է ներդրվել մարմնի ներսում, որը կոչվում է բրախիթերապիա:

Ճառագայթային թերապիան կարող է օգտագործվել գլխուղեղի քաղցկեղի և գլխուղեղի բարորակ ուռուցքների բուժման համար:

Արտաքին փնջային ճառագայթային թերապիան սովորաբար կազմակերպվում է կարճաժամկետ ամենօրյա բուժումներով: Բուժման սովորական ծրագիրը կարող է ներառել ճառագայթային թերապիաներ շաբաթական հինգ օր՝ 2-ից 6 շաբաթ տևողությամբ:

Արտաքին փնջային ճառագայթումը կարող է կենտրոնանալ միայն ձեր գլխուղեղի այն շրջանի վրա, որտեղ գտնվում է ուռուցքը կամ այն ​​կարող է կիրառվել ձեր ամբողջ գլխուղեղի վրա: Գլխուղեղի ուռուցք ունեցող մարդկանց մեծամասնությունը ճառագայթում կստանա ուռուցքի շրջակա տարածքի վրա: Եթե ​​կան բազմաթիվ ուռուցքներ, ճառագայթային թերապիայի կարիք կարող է ունենալ ձեր ամբողջ գլխուղեղը: Երբ բուժվում է ամբողջ գլխուղեղը, դա կոչվում է ամբողջ գլխուղեղի ճառագայթում: Ամբողջ գլխուղեղի ճառագայթումն առավել հաճախ օգտագործվում է քաղցկեղի բուժման համար, որը տարածվել է գլխուղեղի վրա մարմնի մեկ այլ մասից և գլխուղեղում ձևավորել է բազմաթիվ ուռուցքներ:

Ավանդաբար, ճառագայթային թերապիան օգտագործում է ռենտգենյան ճառագայթներ, սակայն այս բուժման ավելի նոր ձևն օգտագործում է պրոտոնային էներգիա: Պրոտոնային ճառագայթները կարող են ավելի խնայողական լինել և վնասել միայն ուռուցքային բջիջները՝ ավելի քիչ հավանականությամբ վնասելով մոտակա առողջ հյուսվածքը: Պրոտոնային թերապիան կարող է օգտակար լինել երեխաների գլխուղեղի ուռուցքների բուժման համար: Այն կարող է նաև օգնել այն ուռուցքների բուժմանը, որոնք շատ մոտ են գլխուղեղի կարևոր հատվածներին: Պրոտոնային թերապիան այնքան էլ հասանելի չէ, որքան ավանդական ռենտգեն ճառագայթային թերապիան:

Գլխուղեղի ուռուցքների ճառագայթային թերապիայի կողմնակի ազդեցությունները կախված են ձեր ստացած ճառագայթման տեսակից և չափաբաժնից: Ընդհանուր կողմնակի ազդեցությունները, որոնք կարող են ի հայտ գալ բուժման ընթացքում կամ անմիջապես դրանից հետո, ներառում են հոգնածությունը, գլխացավերը, հիշողության կորուստը, գլխի գրգռվածությունը և մազաթափությունը: Երբեմն ճառագայթային թերապիայի կողմնակի ազդեցություններն ի հայտ են գալիս տարիներ անց: Այս ուշ կողմնակի ազդեցությունները կարող են ներառել հիշողության և մտածողության խնդիրները:

Ռադիովիրաբուժություն

Գլխուղեղի ուռուցքների ստերեոտաքսիկ ռադիովիրաբուժությունը ճառագայթային թերապիայի ինտենսիվ ձև է: Այն բազմաթիվ անկյուններից ճառագայթման փնջեր է ուղղում գլխուղեղի ուռուցքի վրա: Յուրաքանչյուր ճառագայթ այնքան էլ հզոր չէ: Բայց այն կետը, որտեղ ճառագայթները հանդիպում են, ստանում է ճառագայթման շատ մեծ չափաբաժին, որը ոչնչացնում է ուռուցքային բջիջները:

Ռադիովիրաբուժությունը կարող է օգտագործվել գլխուղեղի քաղցկեղի և գլխուղեղի բարորակ ուռուցքների բուժման համար:

Գոյություն ունեն տարբեր տեսակի տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվում են ճառագայթային վիրաբուժության մեջ՝ գլխուղեղի ուռուցքների բուժման համար ճառագայթներ փոխանցելու համար: Որոշ օրինակներ ներառում են՝

  • Գծային արագացուցիչ ռադիովիրաբուժություն. գծային արագացուցիչ մեքենաները կոչվում են նաև LINAC մեքենաներ: LINAC մեքենաները հայտնի են իրենց ֆիրմային անվանումներով, ինչպիսիք են CyberKnife, TrueBeam և այլն: LINAC մեքենան ուղղորդում է մանրակրկտորեն ձևավորված էներգիայի ճառագայթները մեկ առ մեկ մի քանի տարբեր անկյուններից: Ճառագայթները կազմված են ռենտգենյան ճառագայթներից:
  • Գամմա–դանակ ռադիովիրաբուժություն. գամմա-դանակ մեքենան միաժամանակ օգտագործում է բազմաթիվ փոքր ճառագայթներ: Ճառագայթները կազմված են գամմա ճառագայթներից:
  • Պրոտոնային ռադիովիրաբուժություն. պրոտոնային ռադիովիրաբուժության մեջ օգտագործվում են պրոտոններից կազմված ճառագայթներ: Սա ռադիովիրաբուժության նորագույն տեսակ է։ Այն դառնում է ավելի տարածված, սակայն հասանելի չէ բոլոր հիվանդանոցներում:

Ռադիովիրաբուժությունը սովորաբար կատարվում է մեկ կամ մի քանի բուժման կուրսերով: Բուժումից հետո կարող եք վերադառնալ տունլ և հիվանդանոցում մնալու կարիք չկա:

Ռադիովիրաբուժության կողմնակի ազդեցությունները ներառում են խիստ հոգնածության զգացումը և գլխի մաշկի փոփոխությունները: Ձեր գլխի մաշկը կարող է դառնալ չոր, քոր առաջացնող և զգայուն: Դուք կարող եք ունենալ բշտիկներ մաշկի վրա կամ մազաթափություն: Երբեմն մազաթափությունը մշտական ​​է։

Քիմիոթերապիա

Գլխուղեղի ուռուցքների քիմիոթերապիան օգտագործում է ուժեղ դեղամիջոցներ՝ ուռուցքային բջիջները ոչնչացնելու համար: Քիմիոթերապիայի դեղերը կարող են ընդունվել հաբերի տեսքով կամ ներարկվել երակի մեջ: Երբեմն քիմիոթերապիայի դեղամիջոցը վիրահատության ժամանակ տեղադրվում է ուղեղի հյուսվածքում:

Քիմիոթերապիան կարող է օգտագործվել գլխուղեղի քաղցկեղի և գլխուղեղի բարորակ ուռուցքների բուժման համար: Երբեմն դա նշանակվում է ճառագայթային թերապիայի հետ միաժամանակ:

Քիմիոթերապիայի կողմնակի ազդեցությունները կախված են ձեր ստացած դեղերի տեսակից և դեղաչափերից: Քիմիոթերապիան կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և մազաթափություն:

Թիրախային թերապիա

Գլխուղեղի ուռուցքների թիրախային թերապիան օգտագործում է դեղամիջոցներ, որոնք գրոհում են ուռուցքային բջիջներում առկա հատուկ քիմիական նյութերի վրա: Արգելափակելով այս քիմիական նյութերը՝ թիրախային թերապիան կարող է առաջացնել ուռուցքային բջիջների մահ:

Թիրախային թերապիայի դեղամիջոցները հասանելի են գլխուղեղի քաղցկեղի որոշ տեսակների և գլխուղեղի բարորակ ուռուցքների համար: Ձեր գլխուղեղի ուռուցքի բջիջները կարող են թեստավորվել՝ պարզելու, թե արդյոք թիրախային թերապիան կարող է օգնել ձեզ:

Բուժումից հետո վերականգնում

Բուժումից հետո ձեզ կարող է օգնություն պահանջվել՝ վերականգնելու ձեր գլխուղեղի այն հատվածի գործառույթը, որն ուներ ուռուցք: Դուք կարող եք օգնության կարիք ունենալ շարժվելու, խոսելու, տեսնելու և մտածելու հարցում: Ելնելով ձեր հատուկ կարիքներից՝ ձեր բժիշկը կարող է առաջարկել հետևյալը:

  • Ֆիզիկական թերապիա (ֆիզիոթերապիա), որը կօգնի ձեզ վերականգնելու կորցրած շարժողական հմտությունները կամ մկանային ուժը:
  • Աշխատանքային թերապիա, որը կօգնի ձեզ վերադառնալու ձեր սովորական ամենօրյա գործունեությանը, ներառյալ՝ աշխատանքին:
  • Խոսքի թերապիա, որը կօգնի, եթե ձեր խոսքը դժվարացել է:
  • Դպրոցահասակ երեխաների դասավանդում՝ օգնելու նրանց, որ ավելի հեշտ հաղթահարեն հիշողության և մտածողության փոփոխությունները:

Պալիատիվ խնամք

Պալիատիվ կամ ամոքիչ խնամքը բուժման մի տարբերակ է, որի նպատակն ախտանիշները մեղմացնելն է և կյանքը հնարավորինս հարմարավետ դարձնելը՝ առանց բուն ուռուցքի բուժման փորձերի: Այն սովորաբար նշանակվում է քաղցկեղի զարգացման ուշ փուլերում, երբ մարդուն անհրաժեշտ է հոգեբանական և բժշկական օգնություն, օժանդակություն և խնամք կամ հիմնական բուժման հետ միասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 12-06-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024