Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման 100%-ոց որևէ միջոց գոյություն չունի:
Այնուամենայնիվ, հնարավորության դեպքում կրծքագեղձի քաղցկեղի հայտնի ռիսկի գործոնների կանխարգելմամբ կարելի է որոշակիորեն կրճատել քաղցկեղի հավանականությունը:
Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի նվազեցում միջին ռիսկ ունեցող կանանց շրջանում
Ձեր առօրյա կյանքում փոփոխություններ կատարելը կարող է օգնել կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի նվազեցմանը: Փորձեք հետևյալը:
- Հարցրեք ձեր բժշկին կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի մասին. քննարկեք ձեր բժշկի հետ՝ երբ սկսել կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային քննությունները և թեստերը, ինչպիսիք են՝ կրծքագեղձի կլինիկական զննումները և մամոգրաֆիաները: Զրուցեք ձեր բժշկի հետ սքրինինգի օգուտների և ռիսկերի մասին: Միասին դուք կարող եք որոշել, թե կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի որ մոտեցումներն են ձեզ համար ճիշտ:
- Ծանոթացեք ձեր կրծերին կրծքագեղձի ինքնազննման միջոցով, որ լինեք ձեր կրծքագեղձերի մասին ավելի իրազեկված. կանայք կարող են որոշել ծանոթանալ իրենց կրծքերին՝ ժամանակ առ ժամանակ ստուգելով իրենց կուրծքը կրծքագեղձի ինքնազննման ժամանակ: Եթե ձեր կրծքագեձում նոր փոփոխություն, կոշտուկներ կամ այլ արտասովոր նշաններ եք գտել, անհապաղ խոսեք ձեր բժշկի հետ: Կրծքագեղձի վերաբերյալ իրազեկումը չի կարող կանխել կրծքագեղձի քաղցկեղը, սակայն կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ ձեր կրծքագեղձերի բնականոն փոփոխությունները և վաղ բացահայտել ցանկացած անսովոր նշանները և ախտանիշները:
- Եթե խմում եք ալկոհոլ, արեք դա չափավոր քանակությամբ. եթե որոշեք խմել, սահմանափակեք ձեր օգտագործած ալկոհոլի քանակը օրական մեկ չափաբաժնից ոչ ավելի:
- Շաբաթվա օրերի մեծ մասը եղեք ֆիզիկապես ակտիվ. ձգտեք շաբաթվա օրերի մեծ մասումառնվազն 30 րոպե զբաղվել ֆիզիկական վարժանքներով: Եթե վերջերս ակտիվ չեք եղել, հարցրեք ձեր բժշկին, արդյոք թույլատրում է ձեր վարժանքները և սկսեք դանդաղ:
- Սահմանափակեք հետդաշտանադադարային հորմոնային բուժումը. համակցված հորմոնային բուժումը կարող է մեծացնել կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը: Զրուցեք ձեր բժշկի հետ հորմոնային բուժման առավելությունների և ռիսկերի մասին: Որոշ կանայք դաշտանադադարի ընթացքում ունենում են անհանգստացնող գանգատներ և ախտանիշներ, և այդ կանանց համար կրծքագեղձի քաղցկեղի բարձրացած ռիսկը կարող է ընդունելի լինել՝ դաշտանադադարի նշաններն ու ախտանիշները թեթևացնելու համար: Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը նվազեցնելու համար օգտագործեք հորմոնային բուժման հնարավոր նվազագույն չափաբաժինն ամենակարճ ժամանակով:
- Պահպանե՛ք առողջ քաշ. եթե ունեք առողջ քաշ, աշխատեք պահպանել այդ քաշը: Եթե ձեզ անհրաժեշտ է նիհարել, հարցրեք ձեր բժշկին դա իրականացնելու առողջ մոտեցումների մասին: Կրճատեք ամեն օր ընդունած կալորիաների քանակը և դանդաղորեն ավելացրեք վարժությունների քանակը:
- Ընտրեք առողջ սննդակարգ. առաջնային զտված ձիթապտղի ձեթով և տարբեր հատիկաընդերավորներով հարուստ միջերկրածովյան սննդակարգին հետևող կանայք ունեն կրծքագեղձի քաղցկեղի ավելի ցածր ռիսկ: Միջերկրածովյան սննդակարգը կազմված է գլխավորապես բուսական ծագման սննդամթերքներից՝ մրգեր և բանջարեղեններ, ամբողջահատիկավորներ, լոբազգիներ և ընկույզներ: Մարդիկ, ովքեր հետևում են միջերկրածովյան սննդակարգին, ընտրում են առողջ (չհագեցած) ճարպեր, օրինակ՝ կարագը փոխարինում են ձիթապտղի ձեթով, իսկ միսը՝ ձկնեղենով:
- Մի՛ ծխեք. ծխախոտի ծխում առկա քաղցկեղածին նյութերը բարձրացնում են ոչ միայն կրծքագեղձի քաղցկեղի, այլև քաղցկեղի այլ տեսակների, սրտանոթային և քրոնիկ այլ ծանր հիվանդությունների զարգացման ռիսկը:
Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի նվազեցում բարձր ռիսկ ունեցող կանանց շրջանում
Եթե ձեր բժիշկը գնահատել է ձեր ընտանեկան պատմությունը և որոշել է, որ դուք ունեք այլ գործոններ, ինչպիսին է կրծքագեղձի նախաքաղցկեղային վիճակը, որոնք մեծացնում են կրծքագեղձի քաղցկեղի ձեր ռիսկը, դուք կարող եք քննարկել ձեր ռիսկը նվազեցնելու տարբերակները:
- Կանխարգելիչ դեղամիջոցներ (քիմիոկանխարգելում). Էստրոգենը պաշարող դեղամիջոցները, ինչպիսիք են էստրոգենի ընկալիչների ընտրողական մոդուլյատորները և արոմատազի արգելակիչները (ինհիբիտորներ), նվազեցնում են կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը հիվանդության բարձր ռիսկ ունեցող կանանց մոտ: Այս դեղամիջոցներն ունեն կողմնակի ազդեցությունների վտանգ, ուստի բժիշկներն այս բուժումը վերապահում են կանանց համար, ովքեր ունեն կրծքագեղձի քաղցկեղի խիստ բարձր ռիսկ: Ձեր բժշկի հետ քննարկեք քիմիոկանխարգելման օգուտներն ու ռիսկերը:
- Կանխարգելիչ վիրահատություն. կրծքագեղձի քաղցկեղի շատ բարձր ռիսկ ունեցող կանայք կարող են ընտրել իրենց առողջ կրծքագեղձի վիրահատական հեռացումը (կանխարգելիչ մաստէկտոմիա): Նրանք նաև կարող են ընտրել իրենց առողջ ձվարանների հեռացումը (կանխարգելիչ օոֆորէկտոմիա)՝ ինչպես կրծքագեղձի, այնպես էլ ձվարանների քաղցկեղի ռիսկը նվազեցնելու համար:
Կրծքով կերակրում
Հետազոտություններով ստացված տվյալները վկայում են, որ կրծքով կերակրող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը վիճակագրորեն հավաստի կերպով ավելի հազվադեպ է հանդիպում, քան մյուս կանանց մոտ: Պատճառները մինչև վերջ պարզաբանված չեն, սակայն հնարավոր դեր կարող է խաղալ այն, որ կրծքով կերակրող կանանց մոտ ձվազատումը (օվուլյացիա) հազվադեպանում է և էստրոգենի մակարդակը մնում է հարաբերականորեն կայուն:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-06-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024