Կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշումը զգալիորեն բարելավում է բուժման արդյունավետությունը և ապրելիության ցուցանիշները։
Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումը
Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման համար օգտագործվող թեստերն ու միջամտությունները ներառում են հետևյալը:
- Կրծքագեղձի զննում. ձեր բժիշկը կզննի ձեր երկու կրծքագեղձերը և թևատակի ավշային հանգույցները, որ շոշափի որևէ գոյացություն կամ պնդացման շրջան:
- Մամոգրաֆիա. կրծքագեղձի ռենտգեն է: Մամոգրաֆիան սովորաբար օգտագործվում է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի համար: Եթե սքրինինգային մամոգրաֆիայով որևէ ոչ նորմալ բան հայտնաբերվի, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ախտորոշիչ մամոգրաֆիա՝ տվյալ շրջանի մասին ավելի մանրակրկիտ տվյալներ ստանալու համար:
- Կրծքագեղձի գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). գերձայնային հետազոտությունն օգտագործում է ձայնային ալիքներ մարմնի խորքում գտնվող կառուցվածքների պատկերներ ստանալու համար: Այն կարող է նշանակվել, որ պարզվի՝ արդյոք կրծքագեղձի նոր ուռուցքը պինդ զանգված է, թե հեղուկով լցված բուշտ (կիստա):
- Հետազոտելու համար կրծքագեղձի բջիջների նմուշի հեռացում (բիոպսիա). բիոպսիան կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման միակ վերջնական միջոցն է: Բիոպսիայի ընթացքում ձեր բժիշկն օգտագործում է հատուկ ասեղային սարք, որն ուղղորդվում է ռենտգենով կամ այլ պատկերային թեստով՝ կասկածելի տարածքից հյուսվածքային նմուշ հանելու համար: Հաճախ բիոպսիայի տեղում թողնվում է փոքրիկ մետաղական մարկեր, որ ապագա պատկերային հետազոտություններով այդ շրջանը հեշտությամբ հայտնաբերվի: Բիոպսիայի նմուշներն ուղարկվում են լաբորատորիա անալիզի համար, որտեղ մասնագետները պարզում են, թե արդյոք նմուշառված բջիջները քաղցկեղային են: Բիոպսիայի նմուշը նաև վերլուծվում է՝ որոշելու կրծքագեղձի քաղցկեղի մեջ ներգրավված բջիջների տեսակը, քաղցկեղի ագրեսիվությունը (աստիճանը) և արդյոք քաղցկեղի բջիջներն ունեն հորմոնային ընկալիչներ կամ այլ ընկալիչներ, որոնք կարող են ազդել ձեր բուժման տարբերակների վրա:
- Կրծքագեղձի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). ՄՌՏ սարքն օգտագործում է մագնիսական դաշտ և ռադիոալիքներ, ստեղծի ձեր կրծքագեղձի ներքին կառուցվածքների պատկերների շարք: Կրծքագեղձի ՄՌՏ անելուց առաջ դուք կոնտրաստի (գունանյութ) ներարկում եք ստանում: Ի տարբերություն այլ տեսակի պատկերային հետազոտությունների, ՄՌՏ-ն պատկերներ ստեղծելու համար չի օգտագործում ճառագայթում:
Ձեր իրավիճակից կախված կարող են օգտագործվել նաև այլ հետազոտություններ և միջոցառումներ:
Կրծքագեղձի քաղցկեղի փուլավորում
Երբ ձեր բժիշկը ախտորոշում է ձեր կրծքագեղձի քաղցկեղը, նա աշխատում է որոշել ձեր քաղցկեղի աստիճանը (փուլը): Ձեր քաղցկեղի փուլն օգնում է որոշելու ձեր հիվանդության ելքը (պրոգնոզ) և բուժման լավագույն տարբերակները:
Որոշ դեպքերում քաղցկեղի փուլը հնարավոր է լինում սահմանել միայն կրծքագեղձի քաղցկեղի վիրահատությունից հետո:
Կրծքագեղձի քաղցկեղի փուլավորման համար օգտագործվող թեստերն ու միջոցառումները ընթացակարգերը կարող են ներառել հետևյալը՝
- արյան թեստեր, ինչպիսիք են արյան ընդհանուր քննությունը և ուռուցքային մարկերները
- մյուս կրծքագեղձի մամոգրաֆիա՝ քաղցկեղի նշաններ փնտրելու համար
- կրծքագեղձի ՄՌՏ
- ոսկորների սքանավորում (սցինտիգրաֆիա)
- համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ)
- պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ):
Ոչ բոլոր կանայք կարիք կունենան անցնելու այս բոլոր թեստերն և միջոցառումները: Ձեր բժիշկը ընտրում է համապատասխան հետազոտություններ՝ ելնելով ձեր հատուկ իրավիճակից և հաշվի առնելով նոր ախտանիշները, որոնք դուք կարող եք զգալ:
Կրծքագեղձի քաղցկեղի փուլերը նշանակվում են հռոմեական թվանշաններով՝ 0-ից մինչև IV, որտեղ 0-ն ցույց է տալիս քաղցկեղը, որը ոչ ինվազիվ է կամ առկա է միայն կաթնածորաններում: Կրծքագեղձի քաղցկեղի IV փուլը, որը նաև կոչվում է կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղ, ցույց է տալիս այն քաղցկեղը, որը տարածվել է մարմնի այլ շրջաններում:
Կրծքագեղձի քաղցկեղի փուլավորումը նաև հաշվի է առնում ձեր քաղցկեղի աստիճանը, ուռուցքային մարկերների (օնկոմարկերներ) առկայությունը, ինչպիսիք են էստրոգենային, պրոգեստերոնային և HER2 ընկալիչները և պրոլիֆերացիայի գործոնները:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-06-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024