Գրադարան
Բրոնխիոլիտ

2 րոպե
Բրոնխիոլիտը երեխաների շնչուղիների վիրուսային հիվանդություն է, որն ուղեկցվում է շնչառական անբավարարությամբ։
Շնչառական անբավարարությունն արտահայտվում է երեխայի ազատ շնչելու դժվարությամբ, որի հիմքում ընկած է մանր բրոնխների՝ բրոնխիոլների լուսանցքի բորբոքային ծագման նեղացումը։
Բրոնխիոլիտը սովորաբար հանդիպում է մինչև 12 ամսական երեխաների մոտ։ Վաղաժամ ծնված նորածինների մոտ բրոնխիոլիտը կարող է ստանալ ավելի ծանր ընթացք։
Ի՞նչն է բրոնխիոլիտի պատճառը
Բրոնխիոլիտը զարգանում է թոքերն օդով մատակարարող ամենամանր շնչուղիների՝ բրոնխիոլների բորբոքմամբ։
Բրոնխիոլների բորբոքումը սովորաբար պատճառվում է ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսով։ Վիրուսային այս վարակն առաջացնում է բրոնխիոլների պատի բորբոքային այտուց, իսկ շնչուղիների լուսանցքը լցվում և խցանվում է հեղուկով և լորձով։ Արդյունքում, երեխան սկսում է դժվարությամբ շնչել և չի ստանում բավարար թթվածին։
Վիրուսը տարածվում է մանրագույն կաթիլներով, որոնք առաջանում են խոսելիս, հազալիս կամ փռշտալիս (օդակաթիլային), ինչպես նաև վիրուսով վարակված առարկաների և իրերի հետ շփվելիս։
Բրոնխոիլիտի ժամանակ վիրուսի տարածումը կանխարգելող լավագույն ուղիներն են՝
- հիվանդ երեխային մյուս երեխաներից առանձնացնելը
- ձեր ձեռքերը մաքուր պահելը։
Որո՞նք են բրոնխիոլիտի ախտանիշները
Ձեր երեխան կարող է բրոնխիոլիտ ունենալ, եթե նրա մոտ առկա են մրսածության և քթից արտադրության նշաններ, որոնք մեկ-երկու օրվա ընթացքում խորանում են։ Երեխայի շնչառությունը սկսում է հաճախանալ և ուղեկցվել խզզոցներով, ինչը դժվարացնում է սնունդ և հեղուկներ ստանալը։
Հիվանդության նշանները սովորաբար վատթարանում են վարակի երկրորդ կամ երրորդ օրը։ Սուր բրոնխիոլիտը տևում է 7-10 օր, սակայն հազը կարող է շարունակվել ևս մի քանի շաբաթ։
Ինչպե՞ս է բուժվում բրոնխիոլիտը
Երեխայի բուժումն անհրաժեշտ է կազմակերպել նրա բժշկի կամ մանկաբույժի հետ մեկտեղ։ Երեխայի խնամքն այդ օրերին իրականացվում է այնպես, ինչպես այլ վիրուսային վարակների դեպքում՝ հատուկ ուշադրություն դարձնելով շնչառական անբավարարության նշաններին և դրանց հնարավոր վատթարացմանը։
Բուժման օրերին պետք է ապահովել երեխայի հանգիստը։ Հատուկ ուշադրություն է պետք դարձնել փոքր չափաբաժիններով հաճախակի հեղուկներ տալուն, որ կանխարգելվի ջրազրկումը։
Շատ կարևոր է, որ բնակարանում ապահովեք ծխախոտի ծխից ազատ թարմ օդ, քանի որ ծուխը կարող է խորացնել բրոնխիոլիտի գանգատները և ախտանիշները։
Բրոնխիոլիտը սովորաբար պատճառվում է վիրուսով, ուստի հակաբիոտիկները արդյունավետ չեն։
Ե՞րբ դիմել բուժօգնության
Դիմեք երեխայի բժշկին, եթե ձեր երեխայի մոտ նկատում եք հետևյալ ախտանիշները՝
- շնչելիս խզզում է կամ դժվարությամբ է շնչում
- շնչառությունը հաճախացել է (հևոց)
- առնվազն վերջին երկու անգամները ստանում է սովորականից գրեթե երկու անգամ պակաս սնունդ
- վերջին 12 ժամվա ընթացքում տակաշորերը չոր են։
Նաև կապ հաստատեք բժշկի հետ, եթե՝
- ախտանիշներն արագորեն վատթարանում են
- ձեր երեխան 12 շաբաթականից փոքր է
- ձեր երեխան ծնվել է սրտի կամ թոքերի որևէ հիվանդությամբ։
Անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե ձեր երեխայի մոտ նկատում եք այս նշաններից մեկնումեկը՝
- խիստ դժվարացած շնչառություն
- գունատված և քրտինքով պատված մաշկ
- շրթունքների շուրջը կամ մատների եղունգների կապտություն
- խիստ հաճախացած շնչառություն
- սնուցման խնդիրներ
- խիստ հոգնածության երևույթներ, երբ երեխան չի կարողանում արթնանալ կամ արթնացնելիս արագ քնում է։
Հոդվածը տեղադրվել է՝ 15-05-2018 վերանայվել է՝ 07-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: