Բրոնխիոլիտ առաջացնող վիրուսները փոխանցվում են անձից անձ, ուստի վարակը կանխելու լավագույն միջոցներից մեկը ձեռքերը հաճախ լվանալն է:
Սա հատկապես կարևոր է երեխային դիպչելուց առաջ, երբ ունեք սովորական մրսածություն, գրիպ կամ այլ հիվանդություն, որը կարող է տարածվել: Եթե ունեք այս հիվանդություններից որևէ մեկը, կրեք դիմակ:
Եթե ձեր երեխան ունի բրոնխիոլիտ, նրան տանը թողեք այնքան ժամանակ, քանի դեռ հիվանդությունն անցել է, որ խուսափեք վարակի տարածումից:
Ահա պարզ, սակայն արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների ոչ ամբողջական ցանկը:
- Սահմանափակեք անմիջական շփումները ջերմություն կամ մրսածություն ունեցող անձանց հետ. եթե ձեր երեխան մանկահասակ է, հատկապես՝ վաղաժամ ծված նորածին, խուսափեք մրսածության ախտանիշներով մարդկանց շրջապատում գտնվելուց: Սա առանձնակի կարևոր է ձեր մանկիկի կյանքի առաջին երկու ամիսների ընթացքում:
- Մաքրեք և ախտահանեք մակերևույթները. մաքրեք և ախտահանեք բոլոր այն մակերեսները և իրերը, որոնց մարդիկ հաճախ դիպչում են, օրինակ՝ խաղալիքներն ու դռան բռնակները: Սա հատկապես կարևոր է, եթե ունեք վատառողջ ընտանիքի անդամ:
- Հաճախակի լվացեք ձեռքերը. հաճախակի լվացեք ձեր և ձեր երեխայի ձեռքերը: Լվացեք հոսող ջրով և օճառով առնվազն 20 վայրկյան: Միշտ ձեզ մոտ ունեցեք ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչ միջոց՝ դրսում օգտագործելու համար: Համոզվեք, որ այն պարունակում է առնվազն 60% ալկոհոլ:
- Ծածկեք ձեր հազն ու փռշտոցը. ծածկեք ձեր բերանը և քիթն անձեռոցիկով: Օգտագործելուց հետո դեն նետեք այն, որից հետո լվացեք ձեր ձեռքերը: Եթե մոտակայքում հոսող ջուր և օճառ չկա, օգտագործեք ձեռքի ախտահանիչ: Եթե անձեռոցիկ չունեք, հազացեք կամ փռշտացեք ձեր ծալած արմունկի մեջ, այլ ոչ թե ձեռքի ափերին:
- Օգտագործեք ձեր անձնական խմելու բաժակը. մի՛ օգտագործեք համընդհանուր օգտագործման բաժակներ և մի՛ տվեք ձեր բաժակն ուրիշին, հատկապես, եթե ձեր ընտանիքում որևէ մեկը վատառողջ է:
- Հնարավորության դեպքում կրծքով կերակրեք. կրծքով կերակրվող երեխաների շրջանում շնչառական վարակներն ավելի հազվադեպ են հանդիպում:
Պատվաստումներ և դեղամիջոցներ
Բրոնխիոլիտի ամենատարածված պատճառները՝ շնչառական սինտիցիալ վիրուսը (ՇՌՎ) և ռինովիրուսը կանխարգելող պատվաստանյութեր գոյություն չունեն: Սակայն, տարին մեկ անգամ սեզոնային գրիպի դեմ պատվաստում ստանալը խորհուրդ է տրվում 6 ամսականից բարձր բոլորին:
ՇՌՎ վարակի բարձր ռիսկի տակ գտնվող նորածիններին, ինչպիսիք են վաղաժամկետ ծնվածները, որևէ թոքային հիվանդություն կամ թուլացած իմունային համակարգ ունեցողները, կարող է նշանակվել Պալիվիզումաբ (Սինագիս): Այս դեղամիջոցը կարող է կրճատել ՇՌՎ վարակի ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 02-06-2024