Բրոնխիոլիտն առաջանում է, երբ թոքերի ամենաբարակ օդատար խողովակները (բրոնխիոլները) վարակվում են վիրուսով:
Վարակը բրոնխիոլները դարձնում է բորբոքված՝ այտուցված և գրգռված։ Այս թոքային շնչուղիներում կուտակվում է լորձ (խորխ), ինչը դժվարացնում է օդի ազատ հոսքը թոքերից ներս և դուրս:
Բրոնխիոլիտը սովորաբար առաջանում է շնչառական սինցիտիալ վիրուսով (ՇՍՎ): ՇՍՎ-ը տարածված վիրուս է, որը մինչև 2 տարեկանը վարակում է գրեթե յուրաքանչյուր երեխայի: ՇՍՎ վարակի բռնկումներ հաճախ գրանցվում են տարվա ցուրտ ամիսներին՝ որոշ վայրերում կամ անձրևների սեզոնին՝ այլ վայրերում: Անձը կարող է կարող է վարակվել մեկից ավելի անգամ: Բրոնխիոլիտը նաև կարող է հարուցվել այլ վիրուսներով, այդ թվում՝ գրիպի կամ սովորական մրսածության (սուր շնչառական վիրուսային վարակ):
Բրոնխիոլիտ առաջացնող վիրուսները հեշտությամբ տարածվում են։ Դուք կարող եք վարակվել օդի մանրագույն կաթիլների միջոցով, երբ հիվանդ մարդը հազում է, փռշտում կամ խոսում (օդակաթիլային), ինչպես նաև դիպչելով ընդհանուր օգտագործման իրերին (սպասք, դռան բռնակներ, սրբիչներ կամ խաղալիքներ), որից հետո հպվելով ձեր աչքերին, քթին կամ բերանին (կոնտակտային):
Ռիսկի գործոններ
Բրոնխիոլիտ սովորաբար զարգանում է 2 տարեկանից փոքր երեխաների շրջանում: 3 ամսականից փոքր նորածիններն ունեն բրոնխիոլիտով հիվանդանալու ամենաբարձր ռիսկը, քանի որ նրանց թոքերը և վարակների դեմ պայքարելու ունակությունը դեռ լիովին զարգացած չեն: Հազվադեպ, բրոնխիոլիտ նաև կարող է ախտորոշվել չափահաս մարդկանց մոտ:
Նորածինների և մանկահասակ երեխաների մոտ բրոնխիոլիտի ռիսկը մեծացնող այլ գործոններից են՝
- շատ վաղ ծնվելը
- սրտային կամ թոքային հիվանդություն ունենալը
- թուլացած իմունային համակարգ ունենալը, որը դժվարացնում է վարակների դեմ օրգանիզմի պայքարը
- շարունակաբար ծխախոտի ծխի (երկրորդային ծխի) ազդեցությանը ենթարկվելը
- բազմաթիվ այլ երեխաների հետ, օրինակ՝ երեխաների խնամքի կենտրոններում կամ մսուր-մանկապարտեզներում
- մարդաշատ վայրերում ժամանակ անցկացնելը
- քույր կամ եղբայր ունենալը, ովքեր հաճախում են դպրոց կամ խնամքի կենտրոն և իրենց հետո տուն են բերում վարակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 02-06-2024