Թեև հնարավոր չէ կրճատել ձեր երեխայի հիվանդության տևողությունը, դուք կարող եք նրա ապաքինման համար ստեղծել ավելի հարմարավետ պայմաններ:
Քանի դեռ ձեր մանկիկը լավանում է, փորձեք այս պարզ, սակայն օգտակար խորհուրդները:
- Խոնավացրեք օդը. եթե ձեր երեխայի սենյակում օդը չոր է, սառը մառախուղով խոնավացուցիչը կամ գոլորշիացուցիչը կարող են խոնավացնել օդը: Սա կարող է օգնել շնչուղիների լորձի թուլացմանը և հազի մեղմացմանը: Պարբերաբար մաքրեք խոնավացուցիչը, որ կանխեք սարքի մեջ բակտերիաների և բորբոսասնկիկների աճը:
- Ձեր երեխային հաճախակի առաջարկեք կամ տվեք հեղուկներ, որ կանխեք հնարավոր ջրազրկումը. նորածինները պետք է ստանան միայն կաթնախառնուրդ կամ կրծքի կաթ: Ձեր երեխայի բժիշկը կարող է ավելացնել բերանային (օրալ) ռեհիդրացիոն բուժում: Ավելի մեծ երեխաները կարող են խմել այն, ինչ ուզում են, օրինակ՝ ջուր, հյութ կամ կաթ: Նկատի ունեցեք, որ երեխան կարող է սովորականից ավելի դանդաղ խմել քթի մեջ այտուցվածության և լորձով խցանման պատճառով: Հաճախակի առաջարկեք փոքր քանակությամբ հեղուկներ:
- Փորձեք աղային լուծույթի կաթիլներ՝ քթի փակվածությունը թեթևացնելու համար. այս կաթիլները կարող եք գնել առանց դեղատոմսի: Դրանք արդյունավետ են, անվտանգ և չեն գրգռում քթի լորձաթաղանթը, նույնիսկ մանկահասակ երեխաների մոտ: Մի քանի կաթիլ կաթեցրեք մի կողմի քթանցի մեջ, այնուհետև տանձիկով անմիջապես արտածծեք նույն քթանցքը: Զգույշ եղեք, որ տանձիկի ծայրը շատ խորը չմղեք քթի մեջ: Նույն քայլերը կրկնեք մյուս քթանցքի համար։
- Բժշկին հարցրեք այն ցավազրկողներ մասին, որոնք կարելի է տալ ձեր երեխային. ջերմության կամ ցավի բուժման համար կարող է առաջանալ երեխային Ացետամինոֆեն (Պարացետամոլ, Թայլենոլ և այլնլ) կամ Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին և այլն) տալու կարիք: Դրանք ավելի անվտանգ են, քան Ասպիրինը: Ասպիրին խորհուրդ չի տրվում երեխաներին՝ Ռեյեի համախտանիշի վտանգի պատճառով, որը հազվադեպ հանդիպող, սակայն պոտենցիալ կյանքին սպառնացող վիճակ է: Ջրծաղիկի կամ գրիպանման ախտանիշներից վերականգնվող երեխաներն ու դեռահասները երբեք չպետք է Ասպիրին ընդունեն, քանի որ նրանք ունեն Ռեյեի համախտանիշի նկատմամբ ավելի բարձր ռիսկ:
- Խուսափեք երկրորդային ծխից. ծուխը կարող է վատթարացնել շնչառական վարակների ախտանիշները: Եթե ձեր ընտանիքի անդամներից մեկնումեկը ծխում է, խնդրեք ծխել դրսում և մեքենայից դուրս:
Մինչև 6 տարեկան երեխաների մոտ հազի և մրսածության բուժման համար մի՛ օգտագործեք այլ դեղամիջոցներ, բացառությամբ ջերմիջեցնող և ցավազրկող միջոցների: Նաև նկատի ունեցեք, որ խուսափեք այս դեղամիջոցների օգտագործումից 12 տարեկանից փոքր երեխաների համար: Երեխաների համար հնարավոր ռիսկերը կարող են գերազանցել ակնկալվող օգուտները:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 02-06-2024