Բրոնխիոլիտը սովորաբար տևում է 1-2 շաբաթ, սակայն ախտանիշները երբեմն ձգձգվում են ավելի երկար:
Բրոնխիոլիտ ունեցող երեխաների մեծամասնության համար տնային հարմարավետ պայմաններ ստեղծելը բավարար է լավանալու համար: Սակայն, այս ընթացքում կարևոր է զգոն լինել շնչառության հետ կապված խնդիրների նկատմամբ, որոնք կարող են վատթարանալ: Ուստի, ուշադիր եղեք և անմիջապես կապ հաստատեք երեխայի բժշկի հետ կամ դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե տեսնում եք, որ ձեր երեխան սկսել է դժվարությամբ շնչել, որի պատճառով չի կարողանում խոսել կամ լաց լինել կամ նրա շնչառությունն ուղեկցվում է տարօրինակ խզզոցներով:
Բրոնխիոլիտի պատճառը վիրուսներ են, ուստի հակաբիոտիկները, որոնք օգտագործվում են բակտերիայից առաջացած վարակների բուժման համար, չեն ազդում վիրուսների դեմ: Սակայն, բրոնխիոլիտին զուգահեռ կարող են զարգանալ բակտերիալ վարակներ, ինչպիսիք են թոքաբորբը (պնևմոնիա) կամ ականջի վարակը (միջին օտիտ): Այս դեպքում ձեր երեխայի բժիշկը կարող է բակտերիալ վարակի դեմ նշանակել որևէ հակաբիոտիկ:
Բրոնխոդիլատորներ կամ բրոնխոլիտիկներ կոչվող դեղամիջոցները, որոնք լայնացնում (բացում) են թոքային շնչուղիները (բրոնխները), կարծես չեն օգնում բրոնխիոլիտին, ուստի սովորաբար չեն նշանակվում: Ծանր դեպքերում ձեր երեխայի բժիշկը կարող է փորձել Ալբուտերոլով նեբուլայզերային թերապիա՝ ստուգելու, թե արդյոք դա օգնում է: Այս բուժման ընթացքում նեբուլայզեր կոչվող սարքը ստեղծում է դեղամիջոցի նուրբ մառախուղ, որը ձեր երեխան շնչում է թոքերի մեջ:
Բերանային (օրալ) կորտիկոստերոիդային դեղամիջոցները և լորձը թուլացնելու համար կրծքավանդակին հարվածելը՝ բուժում, որը կոչվում է կրծքավանդակի ֆիզիոթերապիա, չի ապացուցվել, որ արդյունավետ են բրոնխիոլիտի դեպքում և խորհուրդ չեն տրվում:
Հիվանդանոցային բուժում
Փոքր թվով երեխաներ կարող են հիվանդանոցում մնալու կարիք ունենալ: Հիվանդանոցում ձեր երեխան կարող է թթվածին ստանալ դիմակի միջոցով՝ արյան մեջ բավականաչափ թթվածին ապահովելու համար: Ձեր երեխային նաև կարող են նշանակել ներերակային հեղուկներ՝ ջրազրկումը կանխելու համար: Հազվադեպ, երբ առկա է ծանր շնչառական անբավարարություն, երեխայի շնչափողի մեջ կարող է տեղադրվել խողովակ՝ թթվածնային օժանդակող կամ արհեստական շնչառություն անցկացնելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 02-06-2024