C. difficile-ի տարածումը կանխարգելելու համար հիվանդանոցները և խնամքի կացարանները հետևում են վարակների վերահսկման խիստ կանոններին:
Եթե ունեք հիվանդանոցում բուժում ստացող կամ խնամքի կացարանում ապրող ընտանիքի անդամ կամ ընկեր, հետևեք ստորև խորհուրդներին:
- Հակաբիոտիկների ոչ անհրաժեշտ օգտագործումից խուսափում. երբեմն հակաբիոտիկներ օգտագործվում են ոչ բակտերիալ հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են վիրուսային վարակները: Նման դեպքերում հակաբիոտիկները դառնում են անօգուտ, սակայն կարող են նպաստել բակտերիալ վարակների, այդ թվում՝ C. difficile վարակի զարգացմանը: Նման իրավիճակից խուսափելու լավագույն տարբերակը հակաբիոտիկների ոչ պատշաճ օգտագործումից խուսափելն է և դեղամիջոցները միայն բժշկի նշանակմամբ ընդունելը: Եթե կարծում եք, որ ունեք հակաբիոտիկ ստանալու կարիք, առաջին հերթին այս թեմայով զրուցեք ձեր բժշկի հետ: Նկատի ունեցեք, որ ազդեցության նեղ շրջանակով և կարճատև օգտագործման հակաբիոտիկներն ավելի քիչ հավանականությամբ կարող են առաջացնել տարբեր բարդություններ, ինչն անշուշտ հաշվի կառնի ձեր բժիշկը:
- Ձեռքերի լվացում. առողջապահական հիմնարկների և խնամքի կացարանների բուժաշխատողները և մյուս աշխատակիցները պետք է մշտապես պահպանեն ձեռքերի հիգիենայի կանոնները, ընդ որում՝ ձեռքերը լվանան յուրաքանչյուր նոր պացիենտի հետ աշխատելուց առաջ և հետո: Հոսող գոլ ջրով և օճառով ձեռքերը լվանալն ավելի արդյունավետ է, քան ալկոհոլային հիմքով մաքրիչները, քանի որ վերջիններս չեն ոչնչացնում C. difficile սպորները: Այցելուները նույնպես պետք է մինչև հիվադասենյակ մտնելը և դուրս գալուց լվանան իրենց ձեռքերը:
- Շփումների զգուշավորություն. C. difficile վարակով հոսպիտալացված անձանց սովորաբար հատկացնում են առանձնացված հիվանդասենյակներ, իսկ բուժաշխատողները և այցելուները պետք է հիվանդասենյակ մտնեն միայն միանգամյա օգտագործման ձեռնոցներով և խալաթներով:
- Մակերեսների ախտահանում. ցանկացած բուժհաստատությունում բոլոր շփվող մակերևույթները պետք է մանրակրկտորեն ախտահանվեն քլորային հիմքով ախտահանիչներով: C. difficile–ի սպորները կարող են գոյատևել սովորական՝ ոչ քլորային հիմքով լվացող միջոցներ օգտագործելիս:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-11-2022
Վերջին վերանայում՝ 23-04-2024