Որոշ մարդկանց աղիներում առկա C. difficile բակտերիաները կարող են որևէ գանգատ չառաջացնել:
Այնուամենայնիվ, նման մարդիկ համարվում են բակտերիա կրողներ և կարող են տարածել այդ վարակը:
C. difficile վարակի գանգատները և մյուս նշանները սովորաբար զարգանում են հակաբիոտիկային կուրսը սկսելուց 5-10 օրվա ընթացքում: Սակայն որոշ դեպքում վարակը կարող է դրսևորվել հակաբիոտիկային բուժման առաջին օրվանից մինչև երեք ամսվա ընթացքում:
Թույլից մինչև չափավոր վարակ
Թույլից մինչև չափավոր C. difficile վարակի ամենատարածված նշաններն են՝
- ավելի քան մեկ օր շարունակվող օրական 3 և ավելի անգամ ջրիկ լուծ
- թույլ որովայնային կծկանքներ և փքվածություն
Ծանր վարակ
Ծանր C. difficile վարակը կարող է արագ բերել ջրազրկման, որը պահանջում է հիվանդանոցային բուժում: Ծանր վարակը նաև կարող է բերել հաստ աղու սուր բորբոքման և երբեմն առաջացնել աղիքի լորձաթաղանքի վնասում՝ հանգեցնելով արյունահոսության կամ թարախային արտադրության:
Ծանր վարակի նշաններից են՝
- հաճախակի՝ օրական 10-15 անգամ ջրիկ լուծ
- որովայնային կծկանքներ և ցավ, որը կարող է ստանալ սաստիկ բնույթ
- սրտազարկի հաճախացում (տախիկարդիա)
- ջրազրկում
- բարձր ջերմություն կամ տենդ
- սրտխառնոց
- արյան սպիտակ բջիջների շատացում (լեյկոցիտոզ)
- երիկամային անբավարարություն
- ախորժակի կորուստ
- որովայնի փքվածություն
- քաշի կորուստ
- կղանքում արյուն կամ թարախ:
Սուր կամ հանկարծակի սկսված C. difficile վարակը հազվադեպ կարող է բերել աղիների բորբոքման՝ հանգեցնելով հաստ աղու լայնացման (նաև կոչվում է տոքսիկ մեգակոլոն) և սեպսիսի: Սեպսիսը կյանքին սպառնացող վիճակ է, երբ օրգանիզմը սկսում է պատասխան ռեակցիա դրսևորել սեփական հյուսվածքների նկատմամբ: Նման իրավիճակներում հայտնված մարդկանց բուժումը կազմակերպվում է անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներում:
Ե՞րբ դիմել բժշկին
Որոշ մարդկանց մոտ կարող է դիտվել կղանքի թուլացում հակաբիոտիկային բուժման ընթացքում կամ շատ չանցած, որը կարող է պայմանավորված լինել C. difficile վարակով: Այցելե՛ք ձեր բժշկին, եթե ունեք՝
- օրական երեք կամ ավելի անգամ ջրիկ լուծ
- ավելի քան 2 օր տևող ախտանիշներ
- նոր ի հայտ եկած ջերմության բարձրացում
- սուր որովայնացավեր կամ կծկանքներ
- արյուն կղանքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-11-2022
Վերջին վերանայում՝ 23-04-2024