Գրադարան

Կլոստրիդիում դիֆիցելե. բուժում

Կլոստրիդիում դիֆիցելե. բուժում

Time Read 2 րոպե

Բուժում ցուցված է միայն այն դեպքերում, երբ զարգացել են հիվանդության գանգատներ և ախտանիշներ:

Եթե որևէ գանգատ չնշող մարդու մոտ հայտնաբերվել է C. difficile, ապա բուժում չի նշանակվում:

Հակաբիոտիկներ

Եթե C. difficile վարակը կապված է որևէ հակաբիոտիկի օգտագործման հետ, բժիշկը հավանաբար կառաջարկի դադարեցնել տվյալ դեղամիջոցի օգտագործումը: Որոշ դեպքերում, այնուամենայնիվ, հակաբիոտիկային բուժումն անփոխարինելի է մեկ այլ վարակային հիվանդության բուժման համար: Նման իրավիճակում բժիշկը կարող է նշանակել մեկ այլ հակաբիոտիկ, որն ավելի քիչ հավանականությամբ կնպաստի C. difficile վարակով պայմանավորված լուծը:

Բոլոր դեպքերում, հակաբիոտիկները C. difficile վարակի բուժման հիմնական միջոցներն են: Այս նպատակով ավելի հաճախ նշանակվում են՝

  • Վանկոմիցին (Վանկոցին HCL, Ֆիրվանք)
  • Ֆիդաքսոմիցին (Դիֆիցիդ)

Մետրոնիդազոլը (Ֆլագիլ) կարող է նշանակվել Վանկոմիցինի հետ զուգակցված՝ բուժելու ծանր C. difficile վարակը:

Վիրաբուժական բուժում

Հաստ աղու ախտահարված հատվածի վիրահատական հեռացման կարիք կարող է առաջանալ որոշ դեպքերում, ներառյալ՝

  • սուր ցավ
  • օրգանային անբավարարություն
  • թունավոր (տոքսիկ) մեգակոլոն
  • որովայնի պատի լորձաթաղանթի բորբոքում

Կնկնվող վարակի բուժում

C. difficile վարակից բուժված մարդկանց շուրջ 25%–ի մոտ կարող է գրանցվել վարակի կրկնություն՝ պայմանավորված նախնական վարակի ոչ լիարժեք վերացմամբ կամ բակտերիայի նոր շտամով վարակվելով: C. difficile բակտերիայով ամեն մի նոր վարակի դրվագը բարձրացնում է հաջորդ վարակի հավանականությունը:

Վարակի կրկնման ռիկսը բարձրանում է հետևյալ դեպքերում՝

  • 65–ից բարձր տարիք
  • C. difficile վարակի դեմ հակաբիոտիկային բուժումը զուգակցվում է մեկ այլ վարակի դեմ այլ հակաբիոտիկներով
  • առկա են ծանր ուղեկցող հիվանդություններ, օրինակ՝ քրոնիկ երիկամային անբավարարություն, աղիների բորբոքային հիվանդության կամ քրոնիկ լյարդային հիվանդություն:

Կրկնվող վարակի բուժումը կարող է ներառել հետևյալ մոտեցումները:

  • Հակաբիոտիկներ. կրկնակի վարակների հակաբիոտիկային բուժումը կարող է ներառել որևէ դեղամիջոցի մեկ կամ մի քանի կուրսերը: Այնուամեյնայնիվ, ամեն նոր կուրսի դեպքում հակաբիոտիկային բուժման արդյունավետությունը նվազում է:
  • Հակամարմին–հիմնված թերապիա. պարզվել է, որ վերոնշյալ բարձր ռիսկի խմբերի մարդկանց մոտ C. difficile–ի տոքին B-ի դեմ մարդկային հակամարմին համարվող Բեզլոտոքումաբը (Զինպլավա) կարող է կրճատել C. difficile վարակի կրկնման ռիսկը:
  • Ֆեկալ միկրոբիոտի տրանսպլանտ (FMT). սա բուժման նոր տարբերակ է, որը դեռևս գտնվում է ուսումնասիրության փուլում
  • Պրոբիոտիկներ. պրոբիոտիկները հավելումներ կամ սննդամթերքներ են, որոնք պարունակում են օրգանիզմի «լավ» բակտերիաների պահպանմանը կամ բարելավմանն օգնող միկրոօրգանիզմներ: Այնուամենայնիվ, այս նյութերի դերը C. difficile վարակի դեպքում հակասական է և գտնվում է ուսումնասիրությունների փուլում:

Հոդվածը տեղադրվել է՝ 08-11-2022 վերանայվել է՝ 17-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով