Առողջական խնդիրներ
Կամպիլոբակտեր (կամպիլոբակտերիոզ)

4 րոպե
Կամպիլոբակտերը գաստրոէնտերիտի՝ լուծային հիվանդությունների 4 հիմնական պատճառներից մեկը հարուցող բակտերիա է:
Կամպիլոբակտերային վարակը կամ կամպիլոբակտերիոզ հիվանդությունը պատճառում է 1-2 շաբաթ տևողությամբ փորլուծությամբ ընթացող գաստրոէնտերիտ: Բազմաթիվ մարդիկ վերականգնվում են այս վարակից, եթե անցնում են հանգիստ օրակարգի և խմում են առատ հեղուկներ, սակայն ըստ անհրաժեշտության բժիշկը կարող է նաև նշանակել հակաբիոտիկներ: Հազվադեպ կամպիլոբակտերը կարող է առաջացնել այլ հիվանդություններ ևս:
Կամպիլոբակտերիոզի պատճառը
Կամպիլոբակտերիոզը կամ կամպիլոբակտերիալ վարակը հարուցվում է կամպիլոբակտերիա (Campylobacter) ցեղի բակտերիաներով: Կամպիլոբակտերն ունի մոտ 15 տեսակ, որոնք մարդու մոտ առաջացնում են աղեսատամոքսային համակարգի տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ նաև լուծային: Առավել տարածված է Campylobacter jejuni տեսակը (90%), ինչպես նաև Campylobacter coli և Campylobacter lari տեսակները:
Ի տարբերություն այլ միկրոօրգանիզմների, որոնք առաջացնում են սննդային թունավորում, կամպիլոբակտերը հաճախ չի պատճառում բազմաթիվ մարդկանց միաժամանակ ախտահարող գաստրոէնտերիտի բռնկումներ: Այն սովորաբար առաջացնում է հիվանդության միայն մեկուսացված՝ առանձին դեպքեր:
Դուք կարող եք վարակվել կամպիլոբակտերով, եթե՝
- ուտեք հում կամ պատշաճ ջերմային մշակման չենթարկված թռչնամիս կամ այլ մսեղեն
- ուտեք սննդամթերք, որն աղտոտված է վարակված հում մսով
- ուտեք հում ծովամթերք, մասնավորապես՝ ոստրե (устрица)
- խմեք ոչ պաստերիզացված (հում կամ վարակված) կաթ
- խմեք կամ շփվեք վարակված ջրի հետ
- շփվեք վարակված տնային կամ ընտանի կենդանիների հետ:
Կամպիլոբակտերով վարակվելու հավանականությունը բարձրանում է, եթե ունեք թուլացած իմունային համակարգ կամ թերսնուցված վիճակում եք:
Կամպիլոբակտերիոզի ախտանիշները
Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վարակվելուց 2-5 օր հետո: Հիվանդությունը սկսվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, որին հաջորդում են ստամոքսի շրջանի կծկանքային ցավերը և փորլուծությունը, որը կարող է նաև պարունակել արյան հետքեր: Կամպիլոբակտերով վարակված մարդկանց մեծ մասի մոտ փսխում չի դիտվում:
Հիվանդությունը սովորաբար տևում է 1-2 շաբաթ:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ձեր երեխան 12 ամսականից փոքր է, ապա կամպիլոբակտերային վարակի որևէ ախտանշան հայտնաբերելիս դիմեք ձեր բժշկին կամ մանկաբույժին:
Ավելի մեծ երեխաները կամ չափահասները պետք է այցելեն իրենց բժշկին կամ մանկաբույժին, եթե առկա է հետևյալ նշաններից որևէ մեկը՝
- ջրազրկման նշաններ, օրինակ՝ միզարձակության կրճատում, քնկոտություն կամ բերանի լորձաթաղանթի չորություն
- մարմնի ջերմաստիճանի խիստ բարձրացում (տենդ)
- արյունային լուծ
- ստամոքսի շրջանի սուր և կտրտող բնույթի ցավեր
- ավելի քան երկու օր տևող փորլուծություն:
Կարևոր է նաև ինքնաբուժմամբ չզբաղվելը: Անտեղի մի օգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել ինչպես հիվանդության քրոնիկացմանը կամ դեղակայուն ձևերի զարգացմանը:
Կամպիլոբակտերիոզի բարդությունները
Խիստ հազվադեպ կամպիլոբակտերային վարակը կարող է բերել որոշ բարդությունների, այդ թվում՝
- Գիյեն-Բարեի համախտանիշ՝ նյարդային հիվանդություն, որն առաջացնում է հաճախ մի քանի շաբաթից մինչև ամիսներ տևող թուլություն կամ կաթված (պարալիչ)
- ռեակտիվ հոդաբորբ (արթրիտ), երբ հոդերն այտուցվում և դառնում են ցավոտ, որը սովորաբար տևում է 3-12 ամիս
- սեպսիս (սեպտիցեմիա՝ «արյան թունավորում» կամ «արյան վարակ»)
- մենինգիտ (ուղեղաթաղանթների վարակային բորբոքում)
- միզուղիների վարակ:
Կամպիլոբակտերի ախտորոշումը
Կամպիլոբակտերը կարող է ճշգրիտ ախտորոշվել միայն կղանքի կամ արյան մանրէաբանական հետազոտությամբ: Բժիշկը կարող է ձեզ խնդրել, որպեսզի կղանքի նմուշառումը կատարվի միայն ձեր խիստ վատ ինքնազգացողության կամ կղանքում արյուն հայտնվելու դեպքում:
Կամպիլոբակտերիոզի բուժումը
Կամպիլոբակտերով վարակված մարդկանց մեծ մասը մի քանի օրվա ընթացքում լավանում է առանց որևէ բժշկական օգնության:
Գաստրոէնտերիտի ախտանիշների բուժման լավագույն բուժումը հանգիստն է և առատ հեղուկներ ընդունելը:
- Ապահովեք ջրի համարժեք մուտքն օրգանիզմ՝ խմելով առատ հեղուկներ, օրինակ՝ խմելու ռեհիդրատացիոն լուծույթներ, որոնք առանց դեղատոմսի վաճառվում են բազմաթիվ դեղատներում:
- Եթե տանը չունեք ռեհիդրատացիոն լուծույթներ, ապա կարող եք օգտագործել նոսրացված հյութեր կամ այլ ոչ գազավորված ըմպելիքներ (խառնեք 1 չափաբաժին հյութը 4 չափաբաժին ջրի հետ (օրինակ՝ 40 մլ հյութը 160 մլ ջրի հետ):
- Նույն կերպ, կարող եք օգտագործել կորդիալ (քաղցրահամ մրգային թուրմ), որի ժամանակ պետք է խառնել 1 չափաբաժին կորդիալը 20 չափաբաժին ջրի հետ (օրինակ՝ 5 մլ կորդիալը 100 մլ ջրի հետ):
- Խուսափեք փսխման կամ լուծի դեմ դեղեր օգտագործելուց, քանի դեռ բժիշկը չի նշանակել դրանք:
- Այցելեք ձեր բժշկին, եթե ախտանիշները սուր կամ ծանր են: Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկներ:
Կամպիլոբակտերի կանխարգելումը
Դուք կարող եք նվազեցնել կամպիլոբակտերով վարակվելու ռիսկը, եթե խուսափեք «ռիսկային» սննդամթերքներից և պահպանեք անձնական հիգիենա: «Ռիսկային» մթերքներից են՝
- հում կամ պատշաճ ջերմային մշակման չենթարկված մսեղեն, հատկապես՝ թռչնամիս
- հում ծովամթերք, մասնավորապես՝ ոստրե (устрица)
- ոչ պաստերիզացված (հում) կաթ:
Կարևոր է նաև, որ խոհանոցում կամ սննդամթերը պահպանելիս հետևեք սննդի անվտանգության կանոններին: Օրինակ, այս կանոնները պահպանելը կանխարգելում է մի սննդամթերից մյուսը վարակի տարածումը (երբ հում հավն առանձնացվում է թարմ կամ եփած սննդամթերքից): Մշտապես լվացեք ձեռքերը, հատկապես հում թռչնամսին կամ այլ մսերին դիպչելուց հետո:
Կամպիլոբակտերով վարակումից կարող եք խուսափել նաև այս միջոցներով`
- օգտագործեք միայն ստուգված սննդամթերք, մի գնեք կասկածելի տեղերում վաճառվող մթերքներ, հատկապես միս, կաթնամթերք և ձու
- խմեք միայն մաքուր և ախտահանված ջուր, իսկ կասկածի դեպքում օգտագործեք եռացնելուց հետո
- մի լողացեք կասկածելի ջրամբարներում:
Կամպիլոբակտերի տարածումը կանխարգելելու համար դուք պետք է նաև՝
- մնացեք տանը կամ պահեք հիվանդ երեխային տանը, քանի դեռ ձեր կամ նրա մոտ փորլուծության վերանալուց հետո չի անցել 24 ժամ (կամ 48 ժամ, եթե աշխատում եք խնամքի կամ սննդի կետում)
- խուսափեք լովավազան այցելելուց, քանի դեռ փորլուծության վերանալուց հետո չի անցել 24 ժամ
- մշտապես լվացեք ձեռքերը տնային կամ ընտանի կենդանիների հետ շփվելուց հետո
- եթե լողացնում եք երեխային, ծածկեք նրան լավ ֆիլտրող ջրաանթափանց վարտիքով:
Հոդվածը տեղադրվել է՝ 28-04-2020 վերանայվել է՝ 15-04-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: