Կարցինոիդ ուռուցքի բուժումը կախված է ուռուցքի տեղակայությունից և նրանից, թե արդյոք քաղցկեղը տարածվել է օրգանիզմի այլ շրջաններում, հորմոնների տեսակներից, որոնք ուռուցքը արտադրում է, ձեր ընդհանուր առողջական վիճակից և ձեր անձնական նախասիրություններից:
Կարցինոիդ ուռուցքի բուժման տարբերակները կարող են ներառել հետևյալը:
- Վիրահատություն. վաղ հայտնաբերման դեպքում կարցինոիդ ուռուցքը կարող է ամբողջությամբ հեռացվել վիրահատության միջոցով: Եթե կարցինոիդ ուռուցքները հայտնաբերվում են արդեն տարածված լինելու փուլում, ամբողջական հեռացումը հնարավոր չէ: Որոշ իրավիճակներում վիրաբույժները կարող են փորձել հեռացնել ուռուցքի հնարավորինս մեծ մասը, որը կարող է օգնել գանգատների ու ախտանիշների վերահսկմանը:
- Դեղորայք՝ հորմոնային ավելցուկը վերահսկելու համար. ուռուցքի կողմից արտադրվող հորմոնները արգելափակող դեղամիջոցների օգտագործումը կարող է նվազեցնել կարցինոիդ համախտանիշի գանգատներն ու ախտանիշները և դանդաղեցնել ուռուցքի աճը: Օկտրեոտիդը (Սանդոստատին, Բինֆեզիա Պեն) և Լանրեոտիդը (Սոմատուլին Դեպո) նշանակվում են որպես ենթամաշկային ներարկումներ: Այս դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները կարող են ներառել որովայնի ցավ, փքվածություն և փորլուծություն: Տելոտրիստատը (Քսերմելո) դեղահաբ է, որը երբեմն օգտագործվում է Օկտրեոտիդի կամ Լանրեոտիդի հետ համատեղ՝ կարցինոիդ համախտանիշի ախտանիշների առավել բարելավման համար:
- Քիմիոթերապիա. քիմիոթերապիան օգտագործում է ուժեղ դեղամիջոցներ՝ ուռուցքային բջիջները ոչնչացնելու համար: Այն կարող է տրվել ձեռքի երակով կամ որպես բերանային (օրալ) հաբ: Քիմիաթերապիան երբեմն առաջարկվում է տարածված կարցինոիդ ուռուցքների բուժման համար, որոնք հնարավոր չէ հեռացնել վիրահատության միջոցով:
- Թիրախային դեղորայքային թերապիա. թիրախային դեղորայքային թերապիան կենտրոնանում է ուռուցքային բջիջներում առկա առանձնահատկությունների (թույլ տեղերի) վրա: Արգելափակելով դրանք՝ թիրախային դեղորայքային բուժումը կարող է հանգեցնել ուռուցքային բջիջների մահվան: Թիրախային դեղորայքային թերապիան սովորաբար զուգակցվում է տարածված կարցինոիդ ուռուցքների քիմիոթերապիայի հետ:
- Դեղամիջոցներ, որոնք ուղղակիորեն ճառագայթում են քաղցկեղի բջիջները. պեպտիդային ընկալիչների ռադիոնուկլիդային թերապիան (PRRT) համատեղում է քաղցկեղային բջիջներ փնտրող դեղամիջոցը ռադիոակտիվ նյութի հետ, որը ոչնչացնում է դրանք: Կարցինոիդ ուռուցքների PRRT-ի դեպքում դեղամիջոցը ներարկվում է ձեր օրգանիզմ, որտեղ այն հասնում է քաղցկեղի բջիջներին, կապվում դրանց հետ և ճառագայթումը փոխանցում անմիջապես դրանց: Այս թերապիան կարող է տարբերակ լինել տարածուն կարցինոիդ ուռուցք ունեցող մարդկանց համար:
- Քաղցկեղի բուժում, որը տարածվել է դեպի լյարդ. կարցինոիդ ուռուցքները սովորաբար տարածվում են լյարդի վրա: Բուժումը կարող է ներառել լյարդի մի մասը հեռացնելու վիրահատություն, դեպի լյարդ արյան հոսքի արգելափակում (լյարդային զարկերակի էմբոլիզացիա) և ջերմության և սառը ազդեցություններով քաղցկեղային բջիջների ոչնչացում: Ռադիոհաճախական աբլացիան ապահովում է ջերմային ազդեցությունը, որը հանգեցնում է լյարդի կարցինոիդ ուռուցքային բջիջների ոչնչացման: Կրիոաբլացիան օգտագործում է սառեցման և հալման շրջափուլեր՝ քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024