Քրոնիկ սինուսիտը ընթանում է տեղային գանգատներով և ախտանիշներով:
Քրոնիկ սինուսիտի տարածված գանգատներից և ախտանիշներից են՝
- քթի լորձաթաղանթի բորբոքում
- քթից մածուցիկ անգույն արտադրություն (քթահոսություն)
- ըմպանի հետևի մասով հոսք (հետքթային հոսք կամ դրենաժ)
- խցանված կամ փակված քիթ (քթի փակվածություն), որը դժվարացնում է ձեր քթով շնչելը
- աչքերի շուրջը, այտերում, քթում կամ ճակատում ցավ, դիպչելիս՝ ցավոտություն և այտուց
- հոտի և համի զգացողության թուլացում:
Այլ գանգատները և ախտանիշները կարող են ներառել՝
- ականջի ցավ
- գլխացավ
- վերին ծնոտի և ատամների ցավ
- հազ կամ կոկորդի մաքրում
- կոկորդի ցավ
- բերանի տհաճ հոտ
- հոգնածություն:
Քրոնիկ սինուսիտը և սուր սինուսիտն ունեն նմանատիպ գանգատներ և ախտանիշներ: Սակայն, սուր սինուսիտը հարքթային խոռոչների՝ սինուսների ժամանակավոր վարակ է, որը հաճախ կապված է մրսածության հետ, մինչդեռ քրոնիկ սինուսիտի գանգատներն ու ախտանիշները տևում են առնվազն 12 շաբաթ, թեև դուք կարող եք ունենալ սուր սինուսիտի մի քանի դրվագներ՝ նախքան քրոնիկ սինուսիտի զարգացումը: Ջերմությունը քրոնիկ սինուսիտի տարածված գանգատներից չէ, սակայն կարող է առաջանալ սուր սինուսիտի ժամանակ:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք այց ձեր բժշկի հետ, եթե՝
- դուք մի քանի անգամ ունեցել եք սինուսիտ և այդ վիճակը չի ենթարկվում բուժմանը
- դուք ունեք սինուսիտի ախտանիշներ, որոնք շարունակվում են ավելի քան 10 օր
- ձեր ախտանիշները չեն բարելավվում ձեր բժշկին այցելելուց հետո:
Անմիջապես դիմեք բժշկի, եթե ունեք հետևյալ գանգատները կամ ախտանիշները, որոնք կարող են վկայել լուրջ վարակի մասին՝
- ջերմություն
- աչքերի շուրջ այտուց կամ կարմրություն
- ուժեղ գլխացավ
- ճակատի այտուցվածություն
- շփոթվածություն
- երկտեսություն կամ տեսողության այլ փոփոխություններ
- պարանոցի կարկամություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024