Մարդկանց մեծ մասը ուղեղի ցնցումից հետո սովորաբար ինքնուրույն և առանց որևէ բուժման լիարժեք վերականգնվում է:
Սակայն երբեմն ուղեղի ցնցումը կարող է բարդանալ տարբեր վիճակներով, և տիպիկ ախտանիշներին ավելանան նոր նշաններ կամ օրեր անց դրանք կրկին ի հայտ գան ավելի ծանր ընթացքով:
Ուղեղի ցնցման հավանական բարդությունները ներառում են հետևյալը:
- Հետտրավմատիկ գլխացավեր. որոշ մարդկանց մոտ գլխացավերը կարող են շարունակվել գլխի վնասվածքից հետո մինչև յոթ օր կամ ավելի:
- Հետտրավմատիկ վերտիգո. որոշ մարդկանց մոտ կարող են գլխապտույտը կամ վերտիգոն շարունակվել գլխի տրավմայից օրեր, շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ անց:Վերտիգոն գլխապտույտի տեսակ է, որը նկարագրվում է որպես մարմնի կամ շրջապատող աշխարհի պտտողական շարժման զգացողություն, հատկապես, երբ դուք փոփոխում եք ձեր մարմնի դիրքը:
- Հետցնցումային մշտական ախտանիշներ (հետցնցումային համախտանիշ)․ մարդկանց փոքր մասը (15%-ից 20%) կարող է ունենալ ախտանիշներ, ներառյալ գլխացավը, գլխապտույտը և մտածողության դժվարությունները, որոնք տևում են ավելի քան երեք շաբաթ: Եթե այս ախտանիշները պահպանվում են երեք ամսից ավելի, դա բնութագրվում է որպես հետցնցումային մշտական ախտանիշներ:
- Գլխուղեղի բազմակի վնասվածքների կուտակային ազդեցություն. ներկայումս ակտիվ հետազոտություն է իրականացվում՝ ուսումնասիրելու գլխի կրկնվող վնասվածքների հետևանքները, որոնք չեն առաջացնում ախտանշաններ (ենթացնցումային վնասվածք): Այս պահին չկա որևէ վերջնական ապացույց, որը ցույց է տալիս, որ ուղեղի կրկնվող վնասվածքները նպաստում են կուտակային ազդեցություններին:
- Երկրորդ ազդեցության համախտանիշ. հազվադեպ, երկրորդ ցնցում ունենալը, նախքան առաջին ցնցման նշանների և ախտանիշների անհետացումը, կարող է հանգեցնել գլխուղեղի արագ և սովորաբար մահացու այտուցի: Ուստի կարևոր է, որ մարզիկները երբեք չվերադառնան մարզումներին, առավել ևս՝ ակտիվ մրցամարտերին, քանի դեռ ունեն ուղեղի ցնցման գանգատներ և ախտանիշներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024