Ձեր բժիշկը կգնահատի ձեր գանգատներն ու ախտանիշները, կուսումնասիրի ձեր հիվանդության պատմությունը (անամնեզ) և կանցկացնի նյարդաբանական քննություն:
Ուղեղի ցնցման գանգատներն ու ախտանիշները կարող են ի հայտ գալ վնասվածքից մի քանի ժամ կամ օրեր անց:
Հետազոտությունները, որոնք ձեր բժիշկը կարող է կատարել կամ առաջարկել, ներառում են նյարդաբանական քննություն, ճանաչողական (կոգնիտիվ) թեստավորում և պատկերային հետազոտություններ:
Նյարդաբանական քննություն
Գլխի վնասվածքի վերաբերյալ տարբեր հարցեր տալուց հետո բժիշկը կատարում է ձեր նյարդաբանական վիճակի գնահատում, որի ժամանակ ստուգում է ձեր՝
- տեսողությունը
- լսողությունը
- մկանային ուժը և զգացողությունները
- հավասարակշռությունը
- կորդինացիան
- ռեֆլեքսները:
Կոգնիտիվ գնահատում
Բժիշկը կարող է իրականացնել մի շարք թեստեր, որ գնահատի ձեր մտածողության (ճանաչողության) ու դատողության հմտությունները: Նման գնահատումը կարող է ներառել մի շարք գործոններ, այդ թվում ձեր՝
- հիշողությունը
- ուշադրության կենտրոնացումը
- տեղեկությունները վերհիշելու ունակությունը:
Պատկերային հետազոտություններ
Գլխուղեղի պատկերային հետազոտությունները կարող են առաջարկվել որոշ մարդկանց, ում մոտ ուղեղի ցնցումից հետո ի հայտ են եկել սուր գլխացավեր, ցնցումներ, կրկնակի փսխումներ կամ եթե գանգատներն ու ախտանիշները ժամանակի ընթացքում վատթարանում են: Այս հետազոտությունները թույլ են տալիս հասկանալ գլխուղեղի վնասման տեսակն ու բնույթը, հայտնաբերել հնարավոր ներուղեղային արյունահոսությունները կամ այտուցը: Նման դեպքերում բժիշկը կարող է նշանակել գլխի՝
- համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ)
- մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ):
Հսկողություն
Միջին ծանրության կամ ծանր ուղեղի ցնցումից հետո ձեր բժիշկը կարող է առաջարկել, որ մնաք հիվանդանոցային հսկողության ներքո: Նման դեպքում միաժամանակ կազմակերպվում է ձեր շուրջօրյա հսկողությունը և գործիքային հետազոտությունները:
Թեթև ցնցման հսկողությունը բժշկի և ձեր հայեցողությամբ կարող է կազմակերպվել տնային պայմաններում:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024