Գրադարան
Հազ

1 րոպե
Հազն օրգանիզմի պատասխանն է, երբ ինչ-որ բան գրգռում է կոկորդը կամ շնչուղիները:
Գրգռիչը խթանում է շնչուղիների նյարդային վերջավորությունները, որոնք ազդանշան են ուղարկում դեպի գլխուղեղ: Գլխուղեղը պատասխան ազդանշան է ուղարկում կրծքավանդակի և որովայնի մկաններ՝ հրահանգելով օդը կտրուկ հեռացնել թոքերից, որ դուրս մղվի նաև գրգռիչը: Այսպիսով, հազը կտրուկ սկսվող ռեֆլեքս է, որի նպատակը գրգռում առաջացնող հնարավոր օտար մասնիկներից կամ գործոններից շնչուղիները մաքրելն է։
Հազվադեպ առաջացող հազը նորմալ և առողջ երևույթ է, սակայն, եթե հազը պահպանվում է մի քանի շաբաթ կամ ուղեկցվում է թափանցիկ կամ արյունային խորխով, կարող է վկայել բժշկական ուշադրություն պահանջող խնդրի առկայության մասին։
Երբեմն հազը կարող է դառնալ խիստ ուժեղ: Երկարատև և ուժեղ հազը կարող է գրգռել թոքերը և առաջացնել ավելի ուժեղ հազ: Սա կարող է հյուծել օրգանիզմը և առաջացնել անքնություն, գլխապտույտ կամ ուշագնացություն, գլխացավեր, անմիզապահություն, փսխում և նույնիսկ կողերի կոտրվածք:
Հազի ամենահաճախ հանդիպող պատճառը կոկորդը, բրոնխները կամ թոքերը գրգռող կամ բորբոքող վիրուսն է: Ոչ հազվադեպ հազով են ուղեկցվում ալերգիկ ռեակցիան կամ ալերգիկ վիճակները: Հազվադեպ հազը կարող է լինել ոչ վարակիչ ծագման և շնչուղիների հետ որևէ կապ չունենալ: Հանրահայտ օրինակ է սթրեսի կամ հուզական լարվածության ժամանակ առաջացող ռեֆլեքսային հազը։
Եթե ունեք անհանգստացնող հազ, առավել ևս, եթե այն ուղեկցվում է այլ գանգատներով կամ երևույթներով, դիմեք ձեր բժշկին:
Հոդվածը տեղադրվել է՝ 23-04-2018 վերանայվել է՝ 10-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: