Կեղծ կրուպ (լարինգոտրախեիտ)

Կեղծ կրուպը մանկահասակ երեխաների մոտ շնչուղիների վիրուսային ծագման այտուցն է, որը բերում է սուր շնչարգելության:
Հիվանդությունը կոչվում է «կեղծ կրուպ»՝ այս վիճակը տարբերակելու դիֆթերիային ուղեկցող վերին շնչուղիների մեխանիկական նեղացումից («իսկական կրուպ»):
Կեղծ կրուպի առաջացման հիմնական պատճառը նույն այն վիրուսներն են, որոնք կապված են ընդհանուր մրսածության և սուր շնչառական վիրուսային վարակի հետ (ՍՇՎՎ): Ահա թե ինչու կեղծ կրուպը մանկահասակ երեխաների մոտ (սովորաբար՝ մինչև 5 տարեկան) ի հայտ է գալիս վիրուսային հիվանդությունների բռնկման սեզոններին՝ ուշ աշուն, ձմեռ և վաղ գարուն:
Ի՞նչ է կեղծ կրուպը
Ինչպես նշվեց վերևում, կեղծ կրուպի առաջացման հիմքում ընկած է վերին շնչուղիների վիրուսային վարակը, որն առաջացնում է կոկորդի ձայնաճեղքի և ձայնալարերի, շնչափողի և դեպի թոքերը գնացող շնչուղիների (բրոնխներ) բորբոքային այտուց: Քանի որ կրուպի առաջացման մեջ գլխավոր դերը պատկանում է կոկորդին (լարինքս) և շնչափողին (տրախեա), բժշկական գրականության մեջ և փաստաթղթերում կեղծ կրուպը կարող են գրանցվել որպես «սուր լարինգոտրախեիտ»:
Կեղծ կրուպն արտահայտվում է գիշերային ժամերին երեխայի մոտ հանկարծակի սկսվող շնչարգելությամբ, «հաչոցանման» հազով և խռպոտած շնչառությամբ:
Կեղծ կրուպի ախտանիշները
Մինչև կրուպին բնորոշ ախտանիշների զարգանալը երեխայի մոտ կարող են լինել ընդհանուր մրսածության նշաններ՝ քթահոսություն, ըմպանաբորբ (ֆարինգիտ), ջերմության բարձրացում, հազ և ընդհանուր անհանգստություն: Դուք կարող եք նկատել, որ մինչև կեղծ կրուպի զարգանալը երեխայի շնչառությունը դարձել է խռպոտած (կոչվում է ստրիդոր), ձայնը՝ խզված, իսկ հազը՝ հնչեղ և «հաչոցանման»:
Աղմկոտ շնչառությունը և հազը սովորաբար վատթարանում են գիշերային ժամերին, իսկ բուն նոպայի սկիզբը ուղեկցվում է նաև սուր շնչարգելությամբ:
Երեխաների մեծ մասի մոտ այս նշաններն ինքնուրույն մի քանի օրվա ընթացքում անհետանում են: Այնուամենայնիվ, համարվելով ոչ վտանգավոր հիվանդություն, կեղծ կրուպը կարող է կտրուկ սրանալ՝ բերելով լուրջ շնչարգելության և անգամ շնչահեղձության:
Անհապաղ դիմեք ձեր մանկաբույժին կամ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե ձեր երեխայի մոտ զարգացել են հետևյալ նշանները՝
- ձեր երեխան խիստ դժվարությամբ է շնչում
- ձեր երեխայի շնչառությունը նույնիսկ հանգիստ վիճակում դարձել է աղմկոտ
- շնչարգելությունը հաղթահարելու ջանքերը ջլատել և թուլացրել են ձեր երեխային
- ձեր երեխան ունի բարձր ջերմություն և առատ քրտնում է
- ձեր երեխան խիստ դժվարությամբ է կուլ տալիս
- ձեր երեխայի մաշկը գունատվել է կամ դարձել է կապտավուն երանգով (սովորաբար՝ հազի նոպայից հետո)
- ձեր երեխան շնչում է ողջ կրծքավանդակով՝ ուսագոտու և շնչառության մյուս օժանդակ մկանների մասնակցությամբ, իսկ ներշնչման փուլում դիտվում է կրծոսկրի ներքաշում
- ձեր երեխան դարձել է անհանգիստ, գրգռված կամ անկառավարելի
- դուք խիստ անհանգստացած եք ձեր երեխայի վիճակով:
Անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե՝
- ձեր երեխայի ընդհանուր վիճակը դարձել է խիստ անհանգստացնող, նա գունատված է, թուլացած և քնկոտ
- ձեր երեխայի շրթունքները դարձել են կապտավուն:
Ստրիդոր
Կեղծ կրուպով երեխաները կարող են ունենալ աղմկոտ և խռպոտած շնչառություն, որը կոչվում է ստրիդոր: Ստրիդորը սովորաբար վկայում է շնչուղիների նեղացման կամ խցանման մասին: Հազվադեպ ստրիդոր կարող է առաջացնել նաև էպիգլոտիտ անվանումը կրող հիվանդությունը: Հիշեք նաև, որ երեխայի շնչառությունը կարող է ստրիդորային դառնալ շնչուղիներում օտար մարմնի առկայության պայմաններում:
Կեղծ կրուպի ախտորոշումը
Կեղծ կրուպը բժիշկների կողմից ախտորոշվում է առանց որևէ դժվարության՝ ելնելով հիվանդության պատմությունից, գանգատներից և զննման տվյալներից:
Կեղծ կրուպի բուժումը
Կեղծ կրուպով հիվանդ երեխաների մեծ մասը որևէ հատուկ բուժման կարիք չի զգում: Այս իրավիճակում դուք կարող եք պարզապես երեխայի խնամքը կազմակերպել այնպես, ինչպես կանեիք նրա ընդհանուր մրսածության դեպքում: Կարևոր է, որ հնարավորինս ապահովեք երեխայի հանգիստ և խաղաղ վիճակը, քանի որ սթրեսը և անհանգստությունը կարող են էլ ավելի սրացնել երեխայի շնչարգելությունը:
Կեղծ կրուպը հիմնականում պատճառվում է վիրուսային վարակից, ուստի հակաբիոտիկները դառնում են ոչ օգտակար: Գոլորշիներով բուժումը, ներառյալ՝ վապորայզորներն այլևս խորհուրդ չեն տրվում:
Բոլոր դեպքերում, երբեք մի հետաձգեք ձեր բժշկին դիմելը և նրա նշանակած բուժմանը հետևելը (օրինակ՝ ուղղված բորբոքումը և այտուցը նվազեցնելուն):
Կրուպով հիվանդ երեխաների փոքր մասն, այնուամենայնիվ, կարող է ուղեգրվել հիվանդանոցային բուժման, եթե առկա է չմեղմացող կամ կյանքին սպառնացող շնչահեղձություն:
Ե՞րբ դիմել ձեր բժշկին
Դուք պետք է առանց հետաձգելու դիմեք ձեր բժշկին, եթե՝
- ձեր երեխայի շնչառությունը դարձել է դժվարացած
- դուք հեշտությամբ լսում եք երեխայի շնչառությանն ուղեկցող խզզոցներ և այլ աղմուկներ, նույնիսկ նրա հանգիստ վիճակում
- ներշնչելիս ձեր երեխայի կրծոսկրը ներքաշվում է
- ձեր երեխան դժվարությամբ է կուլ տալիս
- դուք անհանգստացած եք երեխայի վիճակով:
Եթե ձեր երեխայի շրթունքները դառնում են կապտավուն, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:
Կեղծ կրուպի կանխարգելումը
Իրականում, կեղծ կրուպի լիարժեք կանխարգելման որևէ մեթոդ չկա, քանի դեռ չկան շնչուղիների վիրուսային վարակներից ամբողջապես զերծ մնալու հնարավորություններ:
Այնուամենայնիվ, կան որոշ պարզ միջոցներ, որոնք դուք կարող եք կիրառել՝ սահմանափակելու վիրուսային վարակի տարածումը: Նման օրինակներից են՝
- ձեռքերը կանոնավոր լվանալը
- հազալիս կամ քիթը չորացնելիս նոր անձեռոցիկ օգտագործելը և դա անմիջապես աղբարկղ նետելը
- կենցաղային և մյուս մակերևույթները պարբերաբար մաքրելը
- անձնական հիգիենայի մյուս կանոններն ու նորմերը պահպանելը:
Հոդվածը վերանայվել է՝ 26-02-2021