Կրուպ. ախտանիշներ
29-06-2021
1 րոպե

Կրուպը հաճախ սկսվում է որպես տիպիկ մրսածություն:
Մինչև կրուպին բնորոշ ախտանիշների զարգանալը երեխայի մոտ կարող են լինել ընդհանուր մրսածությա նշաններ՝ քթահոսություն, ըմպանացավ, ջերմության բարձրացում, հազ և ընդհանուր դիսկոմֆորտ:
Եթե զարգացել է կոկորդի բավականաչափ բորբոքում և հազ, երեխայի մոտ կարող է ի հայտ գալ՝
- բարձր հաչոցանման հազ, որն ավելի է ուժգնանում լացելիս և հազալիս, ինչպես նաև անհանգստություն, տագնապ և աժիտացիա, որոնք առաջացնում են ախտանիշների վատթարացման արատավոր օղակ
- բարձր ջերմություն
- խռպոտած ձայն
- աղմկոտ կամ դժվարացած շնչառություն:
Տիպիկ դեպքերում կրուպի ախտանիշները վատթարանում են գիշերները:
Երեխաների մեծ մասի մոտ այս նշաններն 3-5 օրվա ընթացքում ինքնուրույն անհետանում են: Այնուամենայնիվ, համարվելով ոչ վտանգավոր վիճակ, կրուպը կարող է կտրուկ սրանալ:
Ստրիդոր
Կրուպով երեխաները կարող են ունենալ աղմկոտ և խռպոտած շնչառություն, որը կոչվում է ստրիդոր: Ստրիդորը սովորաբար վկայում է շնչուղիների նեղացման կամ խցանման մասին: Հազվադեպ ստրիդոր կարող է առաջացնել նաև էպիգլոտիտ անվանումը կրող հիվանդությունը: Հիշեք նաև, որ երեխայի շնչառությունը կարող է ստրիդորային դառնալ շնչուղիներում օտար մարմնի առկայության պայմաններում:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե երեխայի ախտանիշները ծանր են, վատթարանում են կամ տևում են ավելի քան 3-5 օր կամ չեն պատասխանում տնային բուժմանը, կապ հաստատեք նրա բժշկի հետ:
Դիմե՛ք անհետաձգելի բուժօգնության կամ զանգեք 1-03 և կանչեք շտապօգնություն, եթե երեխան՝
- աղմկոտ, բարձր սուլող շնչառական ձայներ է հանում ինչպես ներշնչելիս, այնպես էլ արտաշնչելիս
- բարձր սուլող շնչառական ձայներ է հանում, երբ չի լացում կամ աժիտացված չէ
- սկսում է թքահոսել կամ դժվարությամբ է կուլ տալիս
- դարձել է տագնապած և աժիտացված կամ հյուծված և թուլացած
- շնչում է դժվարությամբ
- զարգանում է կապույտ կամ մոխրագույն մաշկ քթի, բերանի և ձեռքի եղունգների շուրջը (ցիանոզ):
Հոդվածը վերանայվել է՝ 29-06-2021