Բազմաթիվ կիստաներ ինքնուրույն կամ աննկատ անհետանում են՝ չպահանջելով որևէ բուժում:
Բժշկի առաջարկած բուժման տարբերակը կախված է կիստայի տեսակից և տեղակայումից, ինչպես նաև առկա ախտանիշներից, ինչպիսիք են ցավոտությունը, անհարմարավետությունը կամ որևէ օրգան-համակարգի հետ կապված խնդիրները:
Եթե կիստաները ցավ և անհարմարություն են պատճառում, խախտում են որևէ օրգանի գործառույթը կամ սպառնում են որևէ բարդությամբ, կատարվում է կիստայի մեկուսացված կամ օրգանի հետ (օրգանի մի մասի) վիրահատական հեռացում:
Երիկամների, լյարդի, ենթաստամոքսային գեղձի հեղուկ պարունակությամբ բազմաթիվ կիստաներ կարող են բուժվել դատարկման՝ պունկցիայի կամ դրենաժի միջոցով, սովորաբար՝ գերձայնային (սոնոգրաֆիկ) հսկողության ներքո:
Որոշ դեպքերում, ինչպես, օրինակ՝ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի ժամանակ, անհրաժեշտ է բուժել կիստան առաջացնող պատճառը կամ նշանակել որոշ դեղամիջոցներ:
Եթե մաշկային կիստան վարակվել է, բժիշկը նաև կարող է ավելացնել հակաբիոտիկներ: Մի՛ փորձեք ինքներդ պայթացնել կամ սեղմելով դատարկել մակերեսային կիստաները:
Կիստաների մասին լրացուցիչ և օգտակար տեղեկություններ կարող եք հարցնել ձեր բժշկից:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024