Այն ամենը, ինչը խանգարում է արյան հոսքին կամ պատշաճ մակարդմանը, կարող է դառնալ արյան մակարդուկի (թրոմբի) առաջացման պատճառ:
Խորանիստ երակների թրոմբոզի (ԽԵԹ) հիմնական պատճառներն են վիրահատությունից կամ բորբոքումից, ինչպես նաև վարակի կամ վնասվածքի հետևանքով առաջացած երակի վնասումը (ախտահարումը):
Ռիսկի գործոններ
Բազմաթիվ բաներ կարող են մեծացնել խորանիստ երակների թրոմբոզի (ԽԵԹ) զարգացման ռիսկը: Որքան ավելի շատ ռիսկի գործոններ ունեք, այնքան ավելի մեծ է ԽԵԹ-ի ձեր ռիսկը: ԽԵԹ-ի ռիսկի գործոնները ներառում են հետևյալը:
- Տարիք. 60 տարեկանից մեծ լինելը մեծացնում է ԽԵԹ-ի ռիսկը, քանի որ մեծ տարիքում փոխվում է արյան կազմը` նպաստելով արյան մակարդման ունակության բարձրացմանը: Այնուամենայնիվ, ԽԵԹ կարող է առաջանալ ցանկացած տարիքում:
- Շարժման պակաս. երբ ոտքերը երկար ժամանակ չեն շարժվում, սրունքի ետնամասի մկանները չեն կծկվում: Մկանային կծկումներն օգնում են արյան հոսքին, մասնավորապես, երակներով արյան ետհոսքին։ Երկար ժամանակ նստած մնալը, օրինակ՝ մեքենա վարելիս կամ ինքնաթիռով թռչելիս, մեծացնում է ԽԵԹ-ի ռիսկը: Նույնը նաև վերաբերվում է երկարատև անկողնային վիճակին, որը կարող է առաջանալ հիվանդանոցում երկար մնալուց կամ այնպիսի առողջական խնդրից, ինչպիսին է ինսուլտը:
- Վնասվածք կամ վիրահատություն. երակների վնասվածքը, այդ թվում՝ վիրահատության պատճառով, կարող է մեծացնել արյան մակարդուկների (թրոմբ) առաջացման ռիսկը:
- Հղիություն. հղիությունը մեծացնում է երակային ճնշումը փոքր կոնքում և ոտքերում: Հղիությամբ պայմանավորված արյան մակարդուկների (թրոմբի) առաջացման ռիսկը կարող է շարունակվել երեխայի ծնվելուց հետո մինչեւ վեց շաբաթվա ընթացքում: Առանձնակի ռիսկի են ենթարկվում արյան մակարդման ժառանգական խանգարում ունեցող կանայք:
- Հղիության հսկողության հաբեր (բերանային հակաբեղմնավորիչներ) կամ հորմոնային փոխարինող թերապիա. այս երկուսն էլ կարող են մեծացնել արյան մակարդման ունակությունը, եթե պարունակում են էստրոգեն:
- Ավելցուկային քաշ կամ գիրություն. ավելորդ քաշը մեծացնում է ճնշումը կոնքի և ոտքերի երակներում:
- Ծխելը. ծխախոտի օգտագործումն ազդում է արյան հոսքի և մակարդման վրա, որոնք կարող են մեծացնել ԽԵԹ-ի ռիսկը:
- Քաղցկեղ. որոշ քաղցկեղներ արյան մեջ ավելացնում են այնպիսի նյութեր, որոնք առաջացնում են արյան մակարդուկներ (թրոմբ): Քաղցկեղը նաև կարող է աճել երակների ներսում և շրջակայքում՝ առաջացնելով երակային կանգ։ ԽԵԹ-ի առաջացման առումով առավել վտանգավոր են ոսկրածուծի, ձվարանների, ուղեղի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղները և լիմֆոմաները։ Քաղցկեղի բուժման որոշ տեսակներ նույնպես մեծացնում են արյան մակարդուկների ձևավորման վտանգը:
- Սրտային անբավարարություն. սրտային անբավարարությունը մեծացնում է ԽԵԹ-ի և թոքային էմբոլիայի (թոքային զարկերակների թրոմբոէմբոլիայի) ռիսկը: Սրտային անբավարարություն ունեցող մարդկանց սիրտն ու թոքերը լավ չեն գործում, ուստի նույնիսկ փոքր թոքային էմբոլիայի հետևանքով առաջացած ախտանիշներն ավելի զգալի են:
- Աղիների բորբոքային հիվանդություն. Կրոնի հիվանդությունը կամ խոցային կոլիտը մեծացնում են ԽԵԹ-ի ռիսկը:
- ԽԵԹ-ի կամ թոքային էմբոլիայի անձնական կամ ընտանեկան պատմություն (անամնեզ). եթե դուք կամ ձեր ընտանիքից որևէ մեկը ունեցել եք այս խնդիրներից մեկնումեկը կամ երկուսը, կարող եք ԽԵԹ-ի զարգացման ավելի մեծ ռիսկի ենթարկվել:
- Գենետիկա (ժառանգականություն). որոշ մարդիկ ունեն ԴՆԹ-ի փոփոխություններ (մուտացիաներ), որոնք հանգեցնում են արյան ավելի հեշտ մակարդման (կոչվում է թրոմբոֆիլիա): Օրինակներից մեկը Լեյդենի V գործոնն է: Այս ժառանգական խանգարումը փոխում է արյան մակարդման գործոններից մեկը: Ժառանգական խանգարումն ինքնին կարող է չառաջացնել արյան մակարդուկ (թրոմբ), եթե չզուգակցվի ռիսկի այլ գործոնների հետ:
Երբեմն երակում արյան մակարդուկ (թրոմբ) կարող է առաջանալ առանց հայտնաբերելի ռիսկի գործոնի: Սա կոչվում է չհրահրված երակային թրոմբոէմբոլիզմ:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024