Խորանիստ երակների թրոմբոզը (ԽԵԹ), հատկապես բուժումից դուրս մնալիս, կարող է հանգեցնել մի շարք բարդությունների, այդ թվում՝ կյանքին սպառնացող:
- Թոքային էմբոլիա. թոքային էմբոլիան կամ թոքային զարկերակների թրոմբոէմբոլիան (ԹԶԹԷ) ԽԵԹ-ի հետ կապված կյանքին սպառնացող բարդություն է: Այն առաջանում է, երբ ոտքի կամ մարմնի այլ հատվածի արյան մակարդուկը (թրոմբ) պոկվում և, արյան հոսքով տեղափոխվելով թոքեր, խցանում է թոքերի արյունատար անոթները: Երբ արյան մակարդուկն ամբողջովին խցանում է թոքային զարկերակներից մեկնումեկը կամ մի քանիսը, զարգանում է թոքի տվյալ հատվածի արյան հոսքի դադարում և թոքային հյուսվածքի մեռուկացում, որը կոչվում է թոքի ինֆարկտ: Թոքային էմբոլիան կարող է դրսևորվել հանկարծակի շնչարգելությամբ ու հևոցով, շնչելիս կամ հազալիս կրծքավանդակային ցավով, արագացած շնչառությամբ, արագացած անոթազարկով (պուլս), ուշագնացության զգացումով կամ ուշագնացությամբ և արյունային հազով (արյունախխում): Այն պահանջում է անհետաձգելի բժշկական օգնություն:
- Պոստֆլեբիտիկ համախտանիշ. արյան մակարդուկից (թրոմբից) առաջացած երակների վնասումը նվազեցնում է արյան հոսքը տուժած շրջաններում: Ախտանիշները ներառում են ոտքերի ցավ, ոտքերի այտուց, մաշկի գույնի փոփոխություն և մաշկային խոցեր:
- Բուժման բարդություններ. ԽԵԹ-ի բուժման համար հաճախ օգտագործվում են արյունը նոսրացնող (ջրիկացնող) միջոցներ, որոնք կոչվում են հակամակարդիչներ (անտիկոագուլյանտներ): Արյունահոսությունը (հեմոռագիա) այս դեղամիջոցների ուշադրության արժանի կողմնակի ազդեցությունն է: Հակամակարդիչներ ընդունելիս կարևոր է, որ անցնեք կանոնավոր արյան թեստեր:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024