Խորանիստ երակների թրոմբոզի (ԽԵԹ) բուժման երեք հիմնական նպատակներն են՝
- արյան մակարդուկի (թրոմբի) մեծացման կանխարգելում
- արյան մակարդուկի (թրոմբի) պոկման և դեպի թոքեր տեղաշարժման կանխարգելում
- մեկ այլ ԽԵԹ-ի առաջացման հնարավորության նվազեցում:
ԽԵԹ-ի բուժման տարբերակները ներառում են հետևյալը:
- Արյան նոսրացնողներ կամ հակամակարդիչներ (հակակոագուլյանտներ)․ այս դեղամիջոցներն օգնում են արյան մակարդուկների (թրոմբների) մեծացման կանխարգելմանը: Դրանք նաև նվազեցնում են այլ մակարդուկների առաջացման ռիսկը: Հակամակարդիչները կարող են ընդունվել բերանով կամ տրվել ներերակային կամ ենթամաշկային ներարկման միջոցով: Կան բազմաթիվ տարբեր տեսակի հակամակարդիչ դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են ԽԵԹ-ի բուժման մեջ: Դուք և ձեր բժիշկը միասին կքննարկեք դրանց առավելություններն ու ռիսկերը՝ ձեզ համար լավագույն տարբերակը ընտրելու համար: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել արյունը նոսրացնող կամ ջրիկացնող հաբեր ընդունել երեք ամիս կամ ավելի երկար ժամանակվա ընթացքում: Կարևոր է դրանք ընդունել ճիշտ այնպես, ինչպես հրահանգել է ձեր բժիշկը՝ լուրջ կողմնակի ազդեցություններից հնարավորինս խուսափելու համար: Մարդիկ, ովքեր ստանում են արյունը նոսրացնող միջոց, որը կոչվում է Վարֆարին (Յանտովեն), պետք է կանոնավոր արյան թեստեր հանձնեն՝ օրգանիզմում դեղամիջոցի մակարդակը վերահսկելու համար: Արյունը նոսրացնող որոշ դեղամիջոցների օգտագործումը հղիության ընթացքում անվտանգ չէ:
Մակարդուկների տարալուծիչներ (թրոմբոլիտիկներ)․ այս դեղամիջոցներն օգտագործվում են ԽԵԹ-ի կամ թոքային էմբոլիաների ավելի ծանր տեսակների դեպքում կամ եթե այլ դեղամիջոցները չեն օգնում: Թրոմբոլիտիկները տրվում են երակով կամ խողովակի (կաթետերի) միջոցով, որը տեղադրված է անմիջապես մակարդուկի մեջ: Դրանք կարող են լուրջ արյունահոսություն առաջացնել, ուստի սովորաբար նշանակվում են միայն ծանր թրոմբոզներ ունեցող մարդկանց:
- Զտիչներ (ֆիլտրներ)․ եթե չեք կարող ընդունել արյունը նոսրացնող դեղամիջոցներ, ձեր որովայնի խոռոչի ամենախոշոր երակի՝ ստորին սիներակի մեջ (վենա կավա) կարող է տեղադրվել հատուկ ֆիլտր: Ստորին սիներակային ֆիլտրը կանխում է արյան մակարդուկի (թրոմբի) անցումը դեպի թոքային զարկերակներ:
- Օժանդակող (կոմպրեսիոն) գուլպաներ․ծնկների համար նախատեսված այս հատուկ գուլպաներն օգնում են ոտքերի մեջ արյան կուտակման կանխարգելմանը: Դրանք նաև օգնում են ոտքերի այտուցի նվազեցմանը: Հագեք դրանք ձեր ոտքերին՝ սկսած ձեր ոտնաթաթերից մինչև ձեր ծնկների մակարդակը: ԽԵԹ-ի դեպքում դուք սովորաբար կրում եք այս գուլպաներն ամբողջ օրվա ընթացքում, հնարավորության դեպքում, մի քանի տարի:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024