Խորանիստ երակների թրոմբոզ (ԽԵԹ) ախտորոշելու համար ձեր բժիշկը կանցկացնի ֆիզիկական քննություն (բուժզննում) և հարցեր կտա ձեր ախտանիշների վերաբերյալ:
Բժիշկը կզննի ձեր ոտքերը՝ ստուգելու այտուցվածության, ցավոտության կամ մաշկի գույնի փոփոխության առկայությունը:
Ձեզ նշանակված հետազոտությունները կախված են նրանից, թե արդյոք ձեր բժիշկը կարծում է, որ դուք ԽԵԹ-ի ցածր կամ բարձր ռիսկի տակ եք:
Հետազոտություններ
ԽԵԹ-ն ախտորոշելու կամ ժխտելու համար ձեզ կարող են առաջարկվել հետևյալ հետազոտությունները:
- Արյան D դիմերի թեստ. D դիմերը սպիտակուցի տեսակ է, որն արտադրվում է արյան մակարդուկի (թրոմբի) կողմից: Գրեթե բոլոր ծանր ԽԵԹ ունեցող մարդկանց մոտ գրանցվում են արյան D դիմերի բարձր մակարդակներ: Այս թեստը հաճախ կարող է օգնել թոքային էմբոլիայի ժխտմանը:
- Դուպլեքս գերձայնային հետազոտություն․ այս ոչ ինվազիվ հետազոտությունն օգտագործում է ձայնային ալիքներ, որի շնորհիվ ստացվում են երակներով արյան հոսքը ներկայացնող պատկերներ: Սա ԽԵԹ-ի ախտորոշման ստանդարտ հետազոտություն է: Դուպլեքս գերձայնային հետազոտության ընթացքում բժիշկը ձեռքի փոքրիկ սարքը (տվիչ կամ տրանսդյուսեր) դանդաղորեն տեղաշարժում է հետազոտվող շրջանի մաշկի մակերևույթով: Կրկնակի գերձայնային հետազոտություններ կարող են կատարվել մի քանի օրվա ընթացքում՝ ստուգելու նոր մակարդուկների (թրոմբների) առկայությունը կամ տեսնելու, թե արդյոք գոյություն ունեցող մակարդուկի չափսերը մեծանում են:
- Վենոգրաֆիա. այս հետազոտությունն օգտագործում է ռենտգեն և ներկանյութ (կոնտրաստային նյութ)՝ ոտքերի և ոտնաթաթերի երակների պատկեր ստեղծելու համար: Կոնտրաստային նյութը ներարկվում է ոտքի կամ կոճի մեծ երակի մեջ: Այն օգնում է, որ ռենտգեն պատկերում արյունատար անոթներն ավելի հստակ ուրվագծվեն: Հետազոտությունն ինվազիվ է, ուստի հազվադեպ է առաջարկվում: Այլ հետազոտություններն, ինչպիսին է գերձայնային դուպլեքը, հաճախ կատարվում են առաջին հերթին:
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) սքանավորում․ այս հետազոտությունը կարող է կատարվել որովայնային երակներում ԽԵԹ ախտորոշելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024