Այս ինքնօգնության սովորությունները կարող են օգնել ձեզ կառավարելու դերմատիտը և բարելավելու ձեր ինքնազգացողությունը:
- Խոնավացրեք ձեր մաշկը. խոնավացնող նրբաքսուքի (կրեմի) կանոնավոր կիրառումը կարող է օգնել ձեր մաշկին:
- Օգտագործեք հակաբորբոքային և քորի դեմ միջոցներ. Հիդրոկորտիզոնի նրբաքսուքը կարող է ժամանակավորապես թեթևացնել ձեր ախտանիշները: Բերանային (օրալ) հակահիստամինները, ինչպիսին է Դիֆենհիդրամինը, կարող են օգնել նվազեցնելու քոր առաջացումը: Այս տեսակի արտադրանքները հասանելի են առանց դեղատոմսի:
- Կիրառեք սառը թրջոցներ. սա օգնում է հանգստացնելու ձեր մաշկը:
- Ընդունեք հարմարավետ գոլ լոգանք. ձեր լոգանքի ջրի մեջ ցողեք կերակրի սոդա կամ մանր աղացած վարսակի ալյուր, որը պատրաստված է լոգարանի համար (կոլոիդային վարսակի ալյուր): Մնացեք ջրի մեջ 5-ից 10 րոպե, չորացրեք ձեր մաշկը և քսեք հոտ չպարունակող խոնավացնող միջոց, քանի դեռ ձեր մաշկը դեռ խոնավ է: 12% ամոնիումի լակտատից կամ 10% ալֆա-հիդրօքսի թթվից պարունակվող լոսյոնն օգնում է շերտազատվող և չոր մաշկին:
- Օգտվեք նոսր սպիտակեցնող լոգանքներից. սա կարող է օգնել ծանր ատոպիկ դերմատիտով տառապող մարդկանց՝ նվազեցնելով մաշկի վրա ապրող բակտերիաները: Հարցրեք պատրաստվող լուծույթի խտության մասին ձեր բժշկից և ընդունեք այսպիսի լոգանքներ շաբաթական 2-ից 3 անգամ: Բազմաթիվ մարդիկ հաջողության են հասել՝ օգտագործելով նոսր քացախով լոգանք: Գոլ ջրով լցված լոգարանում ավելացրեք 1 բաժակ (մոտ 236 միլիլիտր) քացախ։
- Խուսափեք տրորելուց և քերծելուց. ծածկեք քոր առաջացնող հատվածը վիրակապով, եթե չեք կարող զերծ մնալ այն քերծելուց: Կտրեք ձեր եղունգները և գիշերը ձեռնոցներ կրեք:
- Ընտրեք լվացքի թույլ միջոցներ. քանի որ ձեր հագուստը, սավանն ու սրբիչները դիպչում են ձեր մաշկին, ընտրեք թույլ, անհոտ լվացքի միջոցներ:
- Խուսափեք հայտնի գրգռիչներից կամ ալերգեններից. փորձեք բացահայտել և հեռացնել ձեր շրջակա միջավայրի ալերգենները և այլ գործոնները, որոնք գրգռում են ձեր մաշկը: Խուսափեք կոպիտ և քերծող հագուստից:
- Կառավարեք ձեր սթրեսը. հուզական սթրեսները կարող են առաջացնել դերմատիտի որոշ տեսակների բռնկում: Փորձեք սթրեսի կառավարման մեթոդներ, ինչպիսիք են ռելաքսացիան կամ մեդիտացիան:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-06-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024