Թեքված քթի միջնապատի ախտանիշները թեթևացնելու համար ձեր բժիշկը կարող է նշանակել որոշ տեղային բուժման միջոցներ, սակայն միջնապատի թեքվածության շտկումը պահանջում է վիրահատական բուժում:
Ախտանիշների բուժում
Շեղված միջնապատի սկզբնական բուժումը կարող է ուղղված լինել ձեր ախտանիշները կառավարելուն: Ձեր բժիշկը կարող է նշանակել հետևյալ միջոցներից մեկնումեկը կամ մի քանիսը:
- Դեկոնգեստանտներ. դեկոնգեստանտները դեղամիջոցներ են, որոնք նվազեցնում են քթի հյուսվածքի այտուցը՝ օգնելով բաց պահել քթի երկու կողմերում գտնվող օդուղիները: Դեկոնգեստանտները հասանելի են դեղահաբի կամ քթային սփրեյի տեսքով: Այնուամենայնիվ, քթային սփրեյները պետք է օգտագործել զգուշությամբ: Հաճախակի և մշտական օգտագործումը կարող է առաջացնել կախվածություն, որը դրսևորվում է բուժումը դադարեցնելիս ախտանիշների վատթարացմամբ: Բերանային ընդունման (օրալ) դեկոնգեստանտներն ունեն խթանող ազդեցություն և կարող են առաջացնել դյուրագրգռություն, ինչպես նաև բարձրացնել արյան ճնշումը և արագացնել սրտազարկերը:
- Հակահիստամիններ. հակահիստամինները դեղամիջոցներ են, որոնք օգնում են ալերգիայի ախտանիշների կանխարգելմանը, ներառյալ՝ փակված կամ հոսող քթի դեպքում: Դրանք նաև կարող են երբեմն օգնել ոչ ալերգիկ վիճակների դեպքում, ինչպիսին է մրսածությունը: Որոշ հակահիստամիններ առաջացնում են քնկոտություն և կարող են ազդել ֆիզիկական կոորդինացում պահանջող գործեր անելու ունակության վրա, ինչպիսին է մեքենա վարելը:
- Քթային ստերոիդային սփրեյներ. քթի կորտիկոստերոիդային սփրեյները կարող են նվազեցնել ձեր քթային անցուղիների այտուցը և օգնել լորձի հեռացմանը: Սովորաբար պահանջվում է 1-ից 3 շաբաթ, որ ստերոիդային սփրեյները դրսևորեն իրենց առավելագույն ազդեցությանը, ուստի կարևոր է դրանք օգտագործելիս հետևել ձեր բժշկի ցուցումներին:
Դեղորայքը բուժում է միայն այտուցված լորձաթաղանթները և չի ուղղում շեղված միջնապատը:
Վիրահատական ուղղում
Եթե, չնայած դեղորայքային բուժմանը, դեռևս ախտանիշներ եք զգում, կարող եք մտածել ձեր շեղված միջնապատը շտկելու վիրահատության մասին (սեպտոպլաստիկա):
Սովորական սեպտոպլաստիկայի ժամանակ քթի միջնապատը ուղղվում է՝ տալով կենտրոնական դիրք: Սա կարող է պահանջել, որ վիրաբույժը կտրի և հեռացնի միջնապատի որոշ հատվածներ՝ նախքան դրանք ճիշտ դիրքին վերադարձնելը:
Բարելավման մակարդակը, որը դուք կարող եք ակնկալել վիրահատությունից, կախված է ձեր շեղման ծանրության աստիճանից: Շեղված միջնապատի ախտանշանները, հատկապես քթի խցանումը, կարող են ամբողջությամբ անհետանալ: Այնուամենայնիվ, ձեր քթի կամ հարքթային ծոցի (սինուս) ցանկացած այլ հիվանդություն, որը ազդում է ձեր քթի խոռչը ծածկող հյուսվածքների վրա, օրինակ՝ ալերգիաները, չեն կարող միայն վիրահատությամբ բուժվել:
Ձեր քթի ձևափոխումը
Որոշ դեպքերում քթի ձևափոխման վիրահատությունը (ռինոպլաստիկա) կատարվում է սեպտոպլաստիկայի հետ միաժամանակ։ Ռինոպլաստիկան ներառում է քթի ոսկորների և աճառի փոփոխություն՝ դրա ձևը կամ չափը կամ երկուսն էլ փոխելու՝ շտկելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024