Մի շարք հիվանդություններ և վիճակներ կարող են առաջացնել փորլուծություն:
- Վիրուսներ. փորլուծություն առաջացնող վիրուսներից են՝ Norwalk վիրուս (նաև հայտնի է որպես նորովիրուս), աղիքային (էնտերիկ) ադենովիրուսներ, աստրովիրուս, ցիտոմեգալովիրուս և վիրուսային հեպատիտ: Ռոտավիրուսը մանկական սուր փորլուծության տարածված պատճառ է: Նոր կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսը (COVID-19) նույնպես կապված է աղեստամոքսային խողովակի ախտանիշների հետ՝ ներառյալ սրտխառնոց, փսխում և փորլուծություն:
- Բակտերիաներ և մակաբույծներ. աղտոտված սննդի կամ ջրի միջոցով ախտածին բակտերիաներով, օրինակ՝ աղիքային ցուպիկով (E. coli) կամ մակաբույծներով վարակվելը հանգեցնում է փորլուծության: Զարգացող երկրներում ճանապարհորդելիս բակտերիաների և մակաբույծների հետևանքով առաջացած փորլուծությունը հաճախ անվանում են ճանապարհորդների փորլուծություն: Կլոստրիդիում դիֆիցելեն (նաև հայտնի է որպես C. diff) բակտերիաների մեկ այլ տեսակ է, որն առաջացնում է փորլուծություն, և կարող է զարգանալ հակաբիոտիկների օգտագործումից հետո կամ հոսպիտալացման ժամանակ:
- Դեղամիջոցներ. բազմաթիվ դեղամիջոցներ, ինչպիսիք են հակաբիոտիկները, կարող են առաջացնել փորլուծություն: Հակաբիոտիկները թեթևացնում են վարակները՝ ոչնչացնելով ախտածին բակտերիաները, սակայն նաև ոչնչացնում են լավ բակտերիաները։ Սա խախտում է ձեր աղիներում բակտերիաների բնական հավասարակշռությունը, ինչը հանգեցնում է փորլուծության կամ հավելյալ վարակի, ինչպիսին է կլոստրիդիում դիֆիցելեն: Փորլուծություն պատճառող այլ դեղամիջոցներից են հակաքաղցկեղային դեղերը և մագնեզիում պարունակող անտացիդները:
- Լակտոզի անտանելիություն (անհանդուրժողականություն). լակտոզը կամ կաթնաշաքարը կաթի և այլ կաթնամթերքի մեջ պարունակվող շաքար է: Մարդիկ, ովքեր դժվարությամբ են մարսում լակտոզը, կաթնամթերք ուտելուց հետո կարող են նշել փորլուծություն: Լակտոզի նկատմամբ անհանդուրժողականությունը կարող է սաստկանալ տարիքի հետ, քանի որ այն ֆերմենտի մակարդակը, որն օգնում է լակտոզի յուրացմանը, մանկական տարիքից սկսած սկսում է նվազել:
- Ֆրուկտոզ. ֆրուկտոզը շաքար է, որը բնականում պարունակվում է մրգերի և մեղրի մեջ: Որպես քաղցրացուցիչ այն երբեմն ավելացվում է որոշ ըմպելիքներին: Ֆրուկտոզը կարող է հանգեցնել փորլուծության այն մարդկանց մոտ, ովքեր դժվարությամբ են մարսում այս շաքարը:
- Արհեստական քաղցրացուցիչներ. սորբիտոլը, էրիթրիտոլը և մանիտոլն արհեստական քաղցրացնող նյութեր են՝ չներծծվող շաքարներ, որոնք առկա են մաստակում և շաքար չպարունակող այլ մթերքներում: Դրանք կարող են փորլուծություն առաջացնել որոշ պրակտիկ առողջ մարդկանց շրջանում:
- Վիրահատություն. աղիների կամ լեղապարկի մասնակի հեռացման վիրահատությունները երբեմն կարող են առաջացնել փորլուծություն:
- Այլ մարսողական խանգարումներ. քրոնիկ փորլուծությունն ունի մի շարք այլ պատճառներ, ինչպիսիք են գրգռված աղու համախտանիշը, Կրոնի հիվանդությունը, խոցային կոլիտը, ցելիակայի հիվանդությունը, մանրադիտակային (միկրոսկոպիկ) կոլիտը, բարակ աղիքի բակտերիային գերաճը, քրոնիկ պանկրեատիտը, հաստ աղիքի քաղցկեղը և այլն:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-06-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024