Փորլուծության կանխարգելման լավագույն ճանապարհը չհիվանդանալն է, որին զգալիորեն օգնում է անձնական հիգիենայի կանոնները պահպանելը:
Վարակային փորլուծության կանխարգելումը
Լվացեք ձեռքերը՝ վարակիչ փորլուծության տարածումը կանխելու համար։ Ձեռքերի պատշաճ լվացումն ապահովելու համար հետևեք այս խորհուրդներին:
- Հաճախակի լվացվեք. լվացեք ձեռքերը կերակուր պատրաստելուց առաջ և հետո։ Լվացեք ձեռքերը չեփած մսին դիպչելուց, զուգարանից օգտվելուց, երեխայի կամ չափահասի տակդիրը փոխելուց, փռշտալուց կամ հազալուց հետո։
- Օճառը փրփրացրեք առնվազն 20 վայրկյան. ձեր ձեռքերն օճառելուց հետո ձեռքերը միմյանց շփեք առնվազն 20 վայրկյան։
- Օգտագործեք ձեռքերի ախտահանող միջոց, երբ հնարավոր չէ լվացվել. օգտագործեք ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչ միջոց, երբ չեք կարող հասնել լվացարանին: Համոզվեք, որ մաքրել եք ձեր երկու ձեռքերի առջևի և հետևի երեսները: Օգտագործեք այնպիսի միջոց, որը պարունակում է առնվազն 60% ալկոհոլ:
Պատվաստում
Դուք կարող եք օգնել ձեր նորածնին պաշտպանել ռոտավիրուսից, որը երեխաների մոտ վիրուսային լուծի ամենատարածված պատճառն է: Դրա համար անհրաժեշտ է պատվաստել ձեր երեխային երկու հաստատված պատվաստանյութերից մեկնումեկով: Հարցրեք ձեր երեխայի բժշկին երեխային պատվաստելու մասին:
Ճանապարհորդների փորլուծության կանխարգելումը
Փորլուծությունը սովորաբար տարածված է այն մարդկանց մոտ, ովքեր ճանապարհորդում են անբավարար սանիտարական պայմաններ ունեցող և աղտոտված սննդի բարձր հավանականությամբ երկրներ: Ձեր ռիսկը նվազեցնելու համար հետևեք այս խորհուրդներին:
Սանիտարահիգիենիկ ոչ համարժեք պայմաններ ունեցող և վարակված մթերքների բարձր հավանականությամբ երկրներ մեկնած անձանց մոտ հաճախ ի հայտ է տալիս փորլուծություն: Նման իրավիճակներում ձեր ռիսկը նվազեցնելու համար հետևեք այս խորհուրդներին:
- Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք ուտում. կերեք տաք, լավ եփած ուտելիքներ: Օգտվեք միայն լավ եփված կերակուրներից և հրաժարվեք հում մրգերից ու բանջարեղեններից, ինչպես նաև կիսաեփ մսային արտադրանքներից կամ կաթնամթերքից:
- Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք խմում. խմեք շշալցված ջուր, հանքային ջուր, գարեջուր կամ գինի, որը մատուցվում է իր սկզբնական տարայի մեջ: Խուսափեք ծորակի ջրից և սառցե խորանարդներից: Օգտագործեք շշալցված ջուր նույնիսկ ատամները լվանալու համար։ Ցնցուղ ընդունելիս փակ պահեք ձեր բերանը։ Եռացրած ջրով պատրաստված ըմպելիքները, ինչպիսիք են սուրճն ու թեյը, հավանաբար անվտանգ են: Հիշեք, որ ալկոհոլը և կոֆեինը կարող են խորացնել փորլուծությունը և ջրազրկումը:
- Հարցրեք ձեր բժշկին հակաբիոտիկների մասին. եթե երկար ժամանակով ուղևորվում եք դեպի զարգացող երկիր, նախքան մեկնելը հարցրեք ձեր բժշկին հակաբիոտիկների մասին, հատկապես, եթե թուլացած իմունային համակարգ ունեք:
- Ստուգեք ճանապարհորդության նախազգուշացումները. օգտվեք համացանցից, ճանապարհորդների համար նախատեսված ուղեցույցներից և այլ հուսալի աղբյուրներից, որ ճշտեք, թե ինչպիսի ռիսկերի հետ կարող է կապված լինել ձեր նախատեսած տարածաշրջան ճանապարհորդելը: Անհրաժեշտության դեպքում հարցրեք ձեր բժշկին այդ տարածաշրջանում տարածված հիվանդությունների և հնարավոր պատվաստումների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-06-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024