Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ կարող են ունենալ բազմաթիվ տարբեր բարդություններ, որոնցից մի քանիսը տարիքի հետ դառնում են ավելի ցայտուն:
Այս բարդությունները կարող են ներառել հետևյալը:
- Սրտի արատներ. Դաունի համախտանիշով երեխաների մոտ կեսը ծնվում է սրտի բնածին արատներով: Սրտային այս խնդիրները կարող են վտանգավոր լինել կյանքի համար և կարող են պահանջել վիրահատություն վաղ մանկության շրջանում:
- Ստամոքս-աղիքային խողովակի արատներ. ստամոքս-աղիքային շեղումները հանդիպում են Դաունի համախտանիշով որոշ երեխաների մոտ և կարող են ներառել աղիների, կերակրափողի և հետանցքի անոմալիաներ: Մարսողական խնդիրների առաջացման ռիսկը, ինչպիսիք են ստամոքս-աղիքային խողովակի խցանումը, այրոցքը (գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս) կամ ցելիական, կարող է մեծանալ:
- Իմունային խանգարումներ. իմունային համակարգի շեղումների պատճառով Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց մոտ առկա է աուտոիմուն խանգարումների, քաղցկեղի որոշ ձևերի և վարակիչ հիվանդությունների, օրինակ՝ թոքաբորբի զարգացման ավելի բարձր ռիսկ:
- Քնի ապնոէ. փափուկ հյուսվածքների և դեմքի ոսկրերի փոփոխությունների պատճառով, որոնք հանգեցնում են վերին շնչուղիների նեղացմանը կամ խցանմանը, Դաունի համախտանիշով երեխաներն ու չափահասները քնի օբստրուկտիվ ապնոէի ավելի մեծ ռիսկի տակ են:
- Գիրություն. Դաունի համախտանիշով մարդիկ ավելի մեծ հակվածություն ունեն գիրանալու՝ համեմատած ընդհանուր բնակչության հետ։
- Ողնաշարի խնդիրներ. Դաունի համախտանիշով որոշ մարդկանց մոտ կարող է առաջանալ պարանոցի վերին երկու ողերի սխալ դասավորություն (ատլանտոաքսիալ անկայունություն): Այս վիճակը պարանոցի գերլարվածության դեպքում նրանց ողնուղեղի ծանր վնասվածքի վտանգի տակ է դնում:
- Լեյկոզ. Դաունի համախտանիշ ունեցող մանկահասակ երեխաների մոտ մեծանում է լեյկոզով հիվանդանալու ռիսկը:
- Դեմենցիա (թուլամտություն). Դաունի համախտանիշով մարդկանց մոտ դեմենցիայի ռիսկը զգալիորեն մեծանում է: Գանգատներն ու ախտանշանները կարող են սկսվել մոտ 50 տարեկանում: Դաունի համախտանիշ ունենալը նաև մեծացնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը:
- Այլ խնդիրներ. Դաունի համախտանիշը նաև կարող է կապված լինել այլ առողջական վիճակների հետ, այդ թվում՝ ներզատական (էնդոկրին) խնդիրներ (օրինակ՝ թերակտիվ վահանաձև գեղձ, կյանքի առաջին տարիներինարտաքին սեռական օրգանների զարգացման հապաղում, որը կարգավորվում է սեռական հասունացման շրջանում), ատամնաշարի անոմալիաներ (օրինակ՝ կարիես և վաղաժամ ընկնելը, ատամների հայտնվելու հերթականության խախտում, որը հաճախ ուշանում է), ցնցումներ, ականջի վարակներ և լսողության և տեսողության հետ կապված խնդիրներ:
Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց համար սովորական բուժօգնություն ստանալը և անհրաժեշտության դեպքում առկա խնդիրների բուժումը առողջ ապրելակերպի հետ միասին կարող են օգտակար լինել:
Կյանքի տևողություն
Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց կյանքի տևողությունը զգալիորեն աճել է: Այսօր Դաունի համախտանիշ ունեցողը կարող է ակնկալել ապրելու ավելի քան 60 տարի՝ կախված ուղեկցող առողջական խնդիրների ծանրության աստիճանից:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024