Դաունի համախտանիշով յուրաքանչյուր մարդ յուրահատուկ անձ է, և մտավոր և զարգացման խնդիրները կարող են լինել տարբեր՝ թեթև, միջին կամ ծանր աստիճանի:
Որոշ մարդիկ այլապես առողջ են, մինչդեռ մյուսներն ունեն լուրջ առողջական խնդիրներ, ինչպիսիք են սրտի ծանր արատները:
Դաունի համախտանիշով երեխաներն ու չափահասներն ունեն դեմքի հստակ առանձնահատկություններ: Թեև Դաունի համախտանիշով ոչ բոլոր մարդիկ ունեն նույն հատկանիշները, ավելի տարածված որոշ առանձնահատկություններ ներառում են հետևյալը՝
- հարթեցված դեմք և նեղ ճակատ (մազային ծածկույթը ցածրից է սկսում)
- փոքր գլուխ՝ տափակացած ծոծրակով, որը տարիքի հետ ավելի ցայտուն է դրսևորվում
- կարճ քիթ՝ բարակ միջնապատով, լայնացած հիմքով և լայն քթանցքներով
- առաջ եկած ստորին ծնոտը և թերզարգացած՝ նեղ և կարճ վերին ծնոտ
- սովորաբար կիսաբաց բերան՝ կախված ստորին շուրթով, դուրս ցցված կոշտ, հաստացած, հորիզոնական ակոսներով լեզվով և հաստ անձև շուրթերով
- աչքի կոպերի դեպի վեր թեքվածություն (պալպեբրային ճեղքեր)
- անսովոր ձևի (ձևափոխված) կամ փոքր, ոչ սիմետրիկ ականջախեցիներ (երբեմն նաև՝ արտաքին լսողական անցքի նեղացում)
- անարտահայտիչ, իմաստազուրկ դեմքի արտահայտություն
- կոշտ, խռպոտ, ցածր ձայն
- կարճ պարանոց
- թույլ մկանների տոնուս
- լայն, կարճ ձեռքեր՝ ափի եզակի խոր գծով՝ ծալքով
- համեմատաբար կարճ մատներ և փոքր ու կարճ ձեռքեր ու ոտքեր՝ համեմատած իրանի չափսերի հետ
- չափազանց ճկունություն
- աչքի գունավոր մասի (ծիածանաթաղանթի) վրա մանր սպիտակ բծեր, որոնք կոչվում են Բրուշֆիլդի բծեր
- ատամների անոմալիաներ՝ ոչ ճիշտ ձև, կարճ և բութ
- կարճ հասակ
- հարթաթաթություն:
Դաունի համախտանիշով նորածինները կարող են ունենալ միջին չափս, սակայն սովորաբար դանդաղ են աճում և ավելի կարճ են մնում, քան նույն տարիքի մյուս երեխաները:
Մտավոր հաշմանդամություն
Դաունի համախտանիշով երեխաների մեծամասնությունն ունի թույլ և միջին ծանրության կոգնիտիվ (ճանաչողական) խանգարում: Լեզուն ու խոսքն ուշանում է: Տուժում է ազդում է ինչպես կարճատև, այնպես էլ երկարաժամկետ հիշողությունը:
Ե՞րբ դիմել բժշկին
Դաունի համախտանիշ ունեցող երեխաները սովորաբար ախտորոշվում են ծնվելուց առաջ կամ ծնվելուց անմիջապես հետո: Այնուամենայնիվ, եթե ձեր հղիության կամ ձեր երեխայի աճի և զարգացման հետ կապված հարցեր ունեք, խոսեք ձեր բժշկի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024