Ձեր բժիշկը, ամենայն հավանականությամբ, կխնդրի ձեզնից ներկայացնել ձեր կուլ տալու դժվարությունների նկարագրությունը և պատմությունը (անամնեզ), կկատարի ֆիզիկական հետազոտություն (բուժզննում) և կօգտագործի տարբեր հետազոտություններ՝ ձեր կուլ տալու խնդրի պատճառը գտնելու համար:
Հետազոտությունները կարող են ներառել հետևյալը:
- Կոնտրաստ նյութով ռենտգեն (բարիումով ռենտգեն). դուք խմում եք բարիումի լուծույթ, որը ծածկում է ձեր կերակրափողի լորձաթաղանթը և հեշտացնում այն ռենտգենյան ճառագայթներով տեսնելը: Այս հետազոտությամբ բժիշկը կարող է տեսնել ձեր կերակրափողի ձևի փոփոխությունները և կարող է գնահատել մկանային ակտիվությունը: Ձեր բժիշկը նաև կարող է ձեզ առաջարկել կուլ տալ պինդ սնունդ կամ բարիումով պատված հաբ՝ հետևելու ձեր կոկորդի մկաններին, երբ դուք կուլ եք տալիս կամ որոնելու ձեր կերակրափողի խցանումներ, որոնք կարող են չբացահայտվել հեղուկ բարիումի լուծույթով:
- Կլման դինամիկ հետազոտություն. դուք կուլ եք տալիս բարիումով պատված տարբեր պնդության մթերքներ: Թեստը տալիս է այս մթերքների պատկերները, երբ դրանք անցնում են ձեր կոկորդով: Պատկերները կարող են ցույց տալ կուլ տալիս ձեր բերանի և կոկորդի մկանների համակարգման հետ կապված խնդիրները և հայտնաբերել, թե արդյոք սնունդը մտնում է ձեր շնչառական խողովակ (շնչափող):
- Ձեր կերակրափողի տեսողական հետազոտություն (էնդոսկոպիա). բարակ, ճկուն լուսավորված գործիքը (էնդոսկոպ) անցնում է ձեր կոկորդով, որ ձեր բժիշկը կարողանա տեսնել՝ զննել ձեր կերակրափողը: Բժիշկը նաև կարող է կերակրափողի հյուսվածքից բիոպսիա վերցնել՝ բորբոքում, էոզինոֆիլային էզոֆագիտ, նեղացում կամ ուռուցք հայտնաբերելու համար:
- Կլման օպտիկամանրաթելային էնդոսկոպիկ գնահատում (FEES). բժիշկը կարող է զննել ձեր կոկորդը հատուկ տեսախցիկով և լուսավորված խողովակով (էնդոսկոպ), երբ դուք փորձում եք կուլ տալ:
- strong>Կերակրափողի մկանային թեստ (մանոմետրիա). մանոմետրիայի ժամանակ ձեր կերակրափողի մեջ մտցվում է փոքրիկ խողովակ, որը միացվում է ճնշումը գրանցող սարքին՝ չափելու ձեր կերակրափողի մկանային կծկումների ուժը, երբ դուք կուլ եք տալիս:
- Պատկերային սքանավորումներ. այս հետազոտությունները կարող են ներառել համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ), որը միավորում է մի շարք ռենտգենային պատկերներ և համակարգչային մշակումներ՝ ձեր ոսկորների և փափուկ հյուսվածքների խաչաձև հատած պատկերներ ստեղծելու համար, կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) սքանավորում, որն օգտագործում է մագնիսական դաշտ և ռադիոալիքներ՝ օրգանների և հյուսվածքների մանրամասն պատկերներ ստեղծելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024