Դիսֆագիայի բուժումը կախված է ձեր կուլ տալու խանգարման տեսակից կամ պատճառից:
Բերանըմպանային (օրոֆարինգեալ) դիսֆագիա
Բերանըմպանային դիսֆագիայի դեպքում ձեր բժիշկը կարող է ձեզ ուղղորդել խոսքի կամ կլման թերապևտի մոտ: Թերապիան կարող է ներառել հետևյալը:
- Վարժությունների սովորում. որոշ վարժություններ կարող են օգնել ձեր կուլ տալու մկանների համակարգմանը կամ այն նյարդերի վերականգնմանը, որոնք մասնակցում են կուլ տալու ռեֆլեքսին:
- Կուլ տալու տեխնիկայի սովորում. դուք նաև կարող եք սովորել, թե ինչպես ուտելիքը դնել ձեր բերանում կամ ինչ դիրքում պահել ձեր մարմինը և գլուխը, որ ձեր կուլ տալը հեշտանա: Վարժությունները և կուլ տալու նոր մեթոդները կարող են օգնել, եթե ձեր դիսֆագիան առաջացել է նյարդաբանական խնդիրներից, ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունը կամ Պարկինսոնի հիվանդությունը:
Կերակրափողային (էզոֆագեալ) դիսֆագիա
Կերակրափողային դիսֆագիայի բուժման մոտեցումները կարող են ներառել հետևյալը:
- Կերակրափողի լայնացում. կերակրափողի սֆինտերի (ախալազիա) կամ կերակրափողի նեղացման դեպքում ձեր բժիշկը կարող է օգտագործել էնդոսկոպ, որին կցված է հատուկ փուչիկ, որ նրբորեն ձգի և ընդլայնի ձեր կերակրափողը կամ անցկացնի ճկուն խողովակ կամ խողովակներ՝ կերակրափողը ձգելու համար (լայնացում):
- Վիրահատություն. կերակրափողի ուռուցքի, ախալազիայի կամ ըմպանկերակրափողային (ֆարինգոէզոֆագալ) դիվերտիկուլի դեպքում ձեզ կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն՝ ձեր կերակրափողի անցանելիությունը վերականգնելու համար:
- Դեղորայք. գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության (ԳԷՌՀ) հետ կապված կուլ տալու դժվարությունը կարող է բուժվել ձեր բժշկի նշանակած բերանային (օրալ) դեղամիջոցներով՝ ստամոքսի թթվայնությունը նվազեցնելու համար: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել երկար ժամանակ ընդունել այս դեղամիջոցները: Կորտիկոստերոիդները կարող են առաջարկվել էոզինոֆիլային էզոֆագիտի դեպքում: Կերակրափողի կծկանքի (սպազմի) դեպքում հարթ մկանները թուլացնող դեղամիջոցները (միոռելաքսանտներ) կարող են օգնել:
- Սննդակարգ. կախված դիսֆագիայի պատճառներից, ձեր բժիշկը կարող է նշանակել հատուկ սննդակարգ՝ ձեր ախտանիշների վերացման կամ մեղմացման համար: Եթե ունեք էոզինոֆիլային էզոֆագիտ, որպես բուժում կարող եք օգտագործել հատուկ սննդակարգ:
Սուր դիսֆագիա
Եթե կուլ տալու դժվարությունը խանգարում է ձեզ բավականաչափ ուտել և խմել, և բուժումը թույլ չի տալիս ապահով կուլ տալ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ կերակրման խողովակ (զոնդ): Սնուցող խողովակն ապահովում է սննդանյութեր՝ առանց կուլ տալու անհրաժեշտության:
Վիրահատական բուժումներ
Վիրահատությունը կարող է անհրաժեշտ լինել կոկորդի նեղացման կամ խցանումների հետևանքով առաջացած դիսֆագիան վերացնելու կամ մեղմացնելու համար, ներառյալ ոսկրային աճը, ձայնալարերի կաթվածը, ըմպանկերակրափողային (ֆարինգոէզոֆագալ) դիվերտիկուլը, ԳԷՌԴ-ը և ախալազիան, կամ կերակրափողի քաղցկեղը բուժելու համար: Խոսքի և կուլ տալու թերապիան սովորաբար օգտակար է վիրահատությունից հետո:
Վիրահատական բուժման տեսակը կախված է դիսֆագիայի պատճառներից։ Որոշ օրինակներ ներկայացված են ստորև:
- Հելլերի լապարոսկոպիկ միոտոմիա. սա ներառում է կերակրափողի ստորին ծայրի մկանների (սֆինտերի) կտրումը, երբ այն չի կարողանում բացվել և ախալազիա ունեցող մարդկանց սնունդը ստամոքս բաց թողնել:
- Պերօրալ էնդոսկոպիկ միոտոմիա (POEM). եթե ունեք ախալազիա, վիրաբույժը կամ գաստրոէնտերոլոգն օգտագործում են էնդոսկոպ, որը տեղադրվում է բերանի միջով և կոկորդով` կերակրափողի ներսում լորձաթաղանթի կտրվածք անելու համար: Այնուհետև, ինչպես Հելլերի միոտոմիայի դեպքում, վիրաբույժը կամ գաստրոէնտերոլոգը հատում են մկանը կերակրափողի սֆինկտերի ստորին ծայրում:
- Կերակրափողի լայնացում. բժիշկը լուսավորված խողովակ (էնդոսկոպ) է մտցնում կերակրափողի մեջ և փչում է կցված փուչիկը, որ այն ձգվի (լայնանա): Այս բուժումը կիրառվում է կերակրափողի վերջում գտնվող սֆինկտերային մկանների կծկանքի (ախալազիա), կերակրափողի նեղացման (կերակրափողի ստրիկտուրայի), կերակրափողի և ստամոքսի միացման տեղում գտնվող հյուսվածքի ոչ նորմալ օղակի (Շատցկիի օղակ) և շարժունակության խանգարումների համար։ Տարբեր տրամագծով երկար ճկուն խողովակները նույնպես կարող են բերանի միջով մտցվել կերակրափող՝ նեղացումները և օղակները բուժելու համար:
- Ստենտի տեղադրում. բժիշկը նաև կարող է տեղադրել մետաղական կամ պլաստիկ խողովակ (ստենտ) նեղացող կամ խցանված կերակրափողը բացելու համար: Որոշ ստենտներ մշտական են, օրինակ՝ կերակրափողի քաղցկեղով հիվանդ մարդկանց համար, իսկ մյուսները հեռացվում են ավելի ուշ:
- ՕնաբոտուլինումտոքսինA. սա կարող է ներարկվել կերակրափողիվերջում գտնվող մկանների մեջ (սֆինտերի), որ այն թուլանա՝ բարելավելով ախալազիայի ժամանակ կուլ տալու գործընթացը: Այն ավելի քիչ ինվազիվ է, քան վիրահատությունը: Այնուամենայնիվ, այս մեթոդը կարող է պահանջել կրկնակի ներարկումներ: Բուժման այս մեթոդը դեռ ունեի ավելի շատ հետազոտության կարիք:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024