Առողջական խնդիրներ

Էսենցիալ տրեմոր

Էսենցիալ տրեմոր

Time Read 2 րոպե

Էսենցիալ տրեմորը կամ դողն ամենահաճախ հանդիպող շարժողական խանգարումն է, որը հայտնի է նաև որպես բարորակ էսենցիալ, ընտանեկան կամ ժառանգական տրեմոր:

«Տրեմորը» թարգմանվում է որպես «դող», իսկ այս հիվանդությամբ մարդիկ կարող են ունենալ ձեռքերի, գլխի, ձայնի կամ մարմնի այլ հատվածների չվերահսկվող դող: Էսենցիալ տրեմորը համարվում է նյարդերն ախտահարող հիվանդություն:

Էսենցիալ տրեմորի պատճառները

Ներկայում կարծում են, որ էսենցիալ տրեմորը պատճառվում է ուղեղային ինչ-ինչ, մինչ օրս անհայտ խնդիրների պատճառով (հիվանդների գլխուղեղի սքանավորմամբ որևէ ախտահարում չի հայտնաբերվում): Էսենցիալ տրեմորը չի դառնում մեկ այլ հիվանդության պատճառ (օրինակ՝ պարկինսոնիզմի), ինչպես նաև չի զարգանում որպես մեկ այլ հիվանդության հետևանք (այդ պատճառով էլ կոչվում է «էսենցիալ» կամ «առաջնային»):

Էսենցիալ տրեմորն ավելի հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, ում ծնողներից մեկնումեկն ունի այս հիվանդությունը (հավանականությունը բարձրանում է 50%-ով, այստեղից էլ «ընտանեկան տրեմոր» անվանումը): Հիվանդությունը կարող է հայտնաբերվել ցանկացած տարիքում, սակայն ավելի հաճախ սկսվում է չափահաս տարիքում և կարող է տարիքի հետ վատանալ:

Էսենցիալ տրեմորի ախտանիշները

Հիվանդության ամենաառանձնահատուկ նշանը ձեռքերի դողն է (տրեմոր): Որոշ դեպքերում կարող են ի հայտ գալ նաև ձեռքերի, գլխի, ստորին ծնոտի, ձայնի կամ մարմնի այլ հատվածների չվերահսկվող դող: Շատ հազվադեպ դողը կարող է ներառել նաև ոտքերը:

Հատկանշական է, որ դողն առավել նկատելի է, երբ ձեռքերը պարզած են առաջ կամ նուրբ շարժումներ կատարելիս, ինչպես օրինակ բաժակ պահելիս, գդալ օգտագործելիս կամ գրելիս: Դողը սովորաբար դադարում է, երբ դաստակները/ձեռքերը ամբողջապես թուլացած են, օրինակ երբ դրված են ծնկներին:

Էսենցիալ տրեմորի առկայությունը տարբեր մարդկանց վրա ազդում է տարբեր կերպ: Որոշ մարդիկ կարող են ձեռքերի դողի նկատմամբ անտարբերություն դրսևորել, իսկ մյուսներին դա կարող է անհանգստության տեղիք տալ, օրինակ՝ սուրճ կամ թեյ ըմպելիս:

Էսենցիալ տրեմորի ախտորոշումը

Էսենցիալ տրեմորի համար չկա որևէ հստակ ախտորոշիչ հետազոտություն: Բժիշկն այս հիվանդությունն ախտորոշում է՝ ելնելով ձեր ընտանեկան պատմությունից և առկա գանգատներից: Սակայն, բժիշկը կարող է ստուգել ձեր արյունը այլ խնդիրները ժխտելու կամ հաստատելու համար, օրինակ վահանագեղձի հիվանդության, որը կարող է վատացնել դողը: Որոշակի դեղեր նույնպես կարող են վատացնել դողը:

Էսենցիալ տրեմորի բուժումը

Եթե դուք ունեք էսենցիալ տրեմոր, դուք կարող եք նկատել, որ որոշ դեպքերում ձեր ձեռքերի դողը կարող է սաստկանալ, օրինակ՝ սթրես, կոֆեին և ալկոհոլ: Խուսափեք ձեր դողի առաջացմանը նպաստող այս գործոնները:

Ըստ անհրաժեշտության բժիշկը կարող է ձեզ նշանակել դողը մեղմացնող որոշ դեղեր, այդ թվում՝

  • բետա պաշարիչներ, օրինակ՝ Պրոպրանոլոլ
  • հակացնցումային դեղեր, օրինակ՝ Պրիմիդոն և Գաբապենտին
  • մկանային ռելաքսանտներ, օրինակ՝ Ալպրազոլամ:

Եթե դուք ունեք խիստ արտահայտված և դեղերով չմեղմացող դող, որն ազդում է ձեր առօրյա գործառույթների վրա կամ խիստ անհանգստացնում է ձեզ, բժիշկը նյարդաբանի հետ միասին կարող են առաջարկել վիրահատական բուժում, այդ թվում՝

  • թալամոտոմիա, երբ քայքայում են գլխուղեղի մի հատվածը՝ թալամուսը
  • գլխուղեղի խորանիստ խթանում, երբ բարակ էլեկտրոդ տեղադրվում է թալամուսի մեջ և միացվում է կրծքավանդակի մաշկի տակ տեղադրված փեյսմեյքերի նման սարքի
  • այլ վիրահատական միջամտություններ:

Հոդվածը տեղադրվել է՝ 18-05-2018 վերանայվել է՝ 24-01-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: