Skip to main content

Բուժում - Ընտանեկան տրեմոր

Էսենցիալ տրեմոր ունեցող որոշ մարդիկ բուժման կարիք չունեն, եթե նրանց ախտանիշները թեթև են:

Այնուամենայնիվ, եթե ձեր դողը կամ ձեռքերի ցնցումները դժվարացնում են աշխատելը կամ ամենօրյա գործունեությունը, քննարկեք բուժման տարբերակները ձեր բժշկի հետ:

Դեղորայքային բուժում

  • Բետա-պաշարիչներ (բլոկատորներ). այս դեղերը սովորաբար օգտագործվում են բարձր արյան ճնշումը բուժելու համար: Սակայն բետա-պաշարիչները, ինչպիսիք են Պրոպրանոլոլը (Ինդերալ LA, ԻննոՊրան XL, Հեմանգեոլ) օգնում են որոշ մարդկանց մոտ դողի կամ ցնցումների մեղմացմանը: Բետա-պաշարիչներ կարող են չնշանակվել ասթմայով կամ սրտի որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց: Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել հոգնածություն, թեթև գլխապտույտ կամ սրտի հետ կապված խնդիրներ:
  • Հակացնցումային դեղամիջոցներ. Պրիմիդոնը (Միզոլին) կարող է արդյունավետ լինել այն մարդկանց մոտ, ովքեր չեն արձագանքում բետա-պաշարիչներին: Նման իրավիճակներում նաև կարող են նշանակվել Գաբապենտին (Գրալիսե, Նեյրոնտին, Հորիզանտ) և Տոպիրամատ (Տոպամաքս, Քվիդեքսի XR և այլն): Կողմնակի ազդեցություններից են քնկոտությունը և սրտխառնոցը, որոնք սովորաբար կարճ ժամանակում անհետանում են:
  • Տրանկվիլիզատորներ (տագնապամարիչներ). բժիշկները կարող են օգտագործել բենզոդիազեպիններ, ինչպիսին է Կլոնազեպամը (Կլոնոպին)՝ բուժելու այն մարդկանց, ում սթերսը կամ անհանգստությունը վատթարացնում են դողը: Կողմնակի ազդեցություններից են՝ հոգնածություն կամ քնկոտություն: Այս դեղերը պետք է զգուշությամբ օգտագործվեն, քանի որ դրանք կարող են սովորույթ կամ կախվածություն առաջացնել:
  • ՕնաբոտուլինումտոքսինA-ի ներարկումներ (Բոտոքս). Բոտոքսի ներարկումները կարող են օգտակար լինել դողեևւ որոշ տեսակների, հատկապես գլխի և ձայնի դողի բուժման համար: Բոտոքսի ներարկումները կարող են բարելավել ցնցումները միանգամից մինչև երեք ամիս: Այնուամենայնիվ, եթե Բոտոքսն օգտագործվում է ձեռքերի ցնցումների բուժման համար, կարող է առաջացնել մատների թուլություն: Եթե Բոտոքսն օգտագործվում է ձայնային ցնցումների բուժման համար, կարող է առաջացնել ձայնի խռպոտություն և կուլ տալու դժվարություն (դիսֆագիա):

Թերապիա

Բժիշկները կարող են առաջարկել ֆիզիոթերապիա կամ զբաղվածության (աշխատանքային) թերապիա: Ֆիզիոթերապևտները կարող են ձեզ վարժանքներ սովորեցնել՝ բարելավելու ձեր մկանային ուժը, վերահսկողությունը և կորդինացիան:

Զբաղվածության թերապևտները կարող են օգնել ձեզ հարմարվելու էսենցիալ տրեմորով ապրելուն: Թերապևտները կարող են առաջարկել հարմարվողական սարքեր ձեր ամենօրյա գործունեության վրա դողի կամ ցնցումների ազդեցությունը նվազեցնելու համար, այդ թվում՝

  • ավելի ծանր բաժակներ և սպասք
  • դաստակի կշիռաքարեր
  • ավելի լայն, ավելի ծանր գրելու գործիքներ, ինչպիսիք են լայն բռնակով գրիչները:

Նյարդային խթանման սարքեր

Ծայրամասային նյարդերի խթանման էլեկտրոնային սարքը (Cala Trio) ավելի նոր բուժման տարբերակ է էսենցիալ տրեմոր ունեցող մարդկանց համար: Սարքը, որը կարելի է կրել որպես ձեռնաշղթա օրական երկու անգամ 40 րոպե, աշխատում է ծայրամասային նյարդերի և մկանների խթանման միջոցով՝ ստեղծելով մկանային արձագանք, որը նվազեցնում է ցնցումները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սարքը կարող է տրեմորի որոշակի բարելավում բերել:

Վիրահատություն

Վիրահատությունը կարող է տարբերակ լինել, եթե ձեր դողը կամ ցնցումները խիստ խանգարում են, և դուք չեք արձագանքում դեղամիջոցներին:

  • Գլխուղեղի խորը խթանում (ԳԽԽ). սա էսենցիալ տրեմորի վիրահատական բուժման ամենատարածված տեսակն է: Ընդհանուր առմամբ, ԳԽԽ-ն նախընտրելի միջամտություն է այս վիրահատության իրականացման մեծ փորձ ունեցող բժշկական կենտրոններում: ԳԽՍ-ի ժամանակ բարակ էլեկտրական լարը (էլեկտրոդ) տեղադրվում է տեսաթմբի (թալամուսի) մեջ և միացվում է փեյսմեյքերի նման սարքի, որը ներդրված է կրծքավանդակի մաշկի տակ: Այս սարքը փոխանցում է անցավ էլեկտրական ազդանշաններ՝ ընդհատելու տեսաթմբից դուրս եկող ազդանշանները, որոնք կարող են առաջացնել դող կամ ցնցումներ: Գլխուղեղի խորը խթանման կողմնակի ազդեցությունները կարող են ներառել սարքավորումների անսարքությունը, շարժումների կառավարման, խոսքի կամ հավասարակշռության հետ կապված խնդիրները, գլխացավերը և թուլությունը: Կողմնակի ազդեցությունները հաճախ անհետանում են որոշ ժամանակ անց կամ սարքի կարգավորումից հետո:
  • Կենտրոնացված գերձայնային թալամոտոմիա (ԿԳԹ). այս ոչ ինվազիվ վիրահատությունը ներառում է կենտրոնացված ձայնային ալիքների օգտագործում, որոնք անցնում են մաշկի և գանգի միջով: Ալիքները ջերմություն են առաջացնում՝ ոչնչացնելու գլխուղեղի հյուսվածքը թալամուսի որոշակի հատվածում, որի շնորհիվ դադարում է դողը կամ ցնցումը: Վիրաբույժն օգտագործում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)՝ թիրախավորելու գլխուղեղի ճիշտ հատվածը և համոզվելու, որ ձայնային ալիքներն արտադրում են միջամտության համար անհրաժեշտ ջերմության ճշգրիտ չափ: ԿԳԹ-ն կատարվում է գլխուղեղի մի կողմում: Վիրահատությունն ազդում է մարմնի մյուս կողմի վրա, որտեղ այն կատարվել է: ԿԳԹ-ն առաջացնում է վերք, որը կարող է հանգեցնել գլխուղեղի գործունեության անդառնալի փոփոխությունների: Որոշ մարդիկ զգացել են փոփոխված զգացողություններ, քայլելու կամ շարժման հետ կապված դժվարություններ: Այնուամենայնիվ, բարդությունների մեծ մասն անհետանում է ինքնուրույն կամ բավական թեթև է ու չի ազդում կյանքի որակի վրա:

Հոդվածը հրապարակվել է՝ 24-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024