Տեղեկանալով, որ ձեր երեխան ունի քրոնիկ հիվանդություն, այդ թվում՝ պարբերական հիվանդություն (ՊՀ), դուք կարող եք խորապես անհանգստանալ կամ հայտնվել անօգնական վիճակում:
Նման իրավիճակում հայտնվելիս հիշեք, որ կան որոշ հմտություններ, որոնք կօգնեն ձեզ, որ հաղթահարեք ձեր ապրումները և կարողանաք առավելագույնս օգնել պարբերական հիվանդությամբ ձեր երեխային:
Հաղթահարում և օժանդակություն
Ահա որոշ հնարքներ, որոնք կարող են օգնել ստեղծված իրավիճակը հաղթահարելուն:
- Իմացեք ավելին պարբերական հիվանդության մասին. իրազեկված լինելը թույլ է տալիս ձեր երեխայի խնամքի վերաբերյալ կայացնել ավելի խելամիտ որոշումներ կամ այդ որոշումներին հասնել ավելի հեշտությամբ: Հարցրեք ձեր բժշկին հիվանդության վերաբերյալ վստահելի և օգտակար աղբյուրների մասին:
- Գտեք մոտիկ մարդու, ում հետ կարող եք զրուցել այս թեմայով. զրուցեք ՊՀ-ի հետ կապված խնդիրների մասին ձեր ընտանիքի անդամի, հավատարիմ ընկերոջ, խորհրդատուի կամ բժշկի հետ: Նման զրույցի ժամանակ, երբ նրանց պատմում եք ձեր անհանգստությունների ու մտահոգությունների մասին, դուք աննկատ լիցքաթափվում եք: Նույն այս նպատակով կարող են ստեղծվել հիվանդ երեխաների ծնողների ինքնօգնության խմբեր:
Նախապատրաստեք ձեր այցը
Եթե դուք կամ ձեր երեխան ունեք ՊՀ-ին նմանվող գանգատներ, առաջին քայլը պետք է լինի ձեր ընտանեկան կամ տեղամասային բժշկին այցելելը, ով կարող է ձեզ ուղեգրել այլ մասնագետների, օրինակ՝ բորբոքային հիվանդություններով զբաղվող ռևմատոլոգի խորհրդատվության:
Հիշեք, որ մասնագետների հետ ձեր հանդիպումները կարող են լինել կարճատև, թեև հաճախ անհրաժեշտություն է առաջանում որոշ հարցեր քննարկել խիստ մանրամասնորեն: Ուստի շատ կարևոր է, որ դուք նախապես պատրաստվեք նման հանդիպումներին: Ստորև ձեզ կներկայացնենք որոշ խորհուրդներ:
Ի՞նչ կարող եք անել
- Մինչև այցելելը տեղեկացեք հնարավոր սահմանափակումների մասին, օրինակ, գուցե առաջանա որևէ հետազոտություն անցնելու համար հատուկ նախապատրաստվելու անհրաժեշտություն:
- Գրի առեք բոլոր գանգատները կամ մյուս ախտանիշները՝ ներառյալ առաջին հայացքից որևէ կապ չունեցողները:
- Գրի առեք կարևոր անձնական տեղեկատվությունը, օրինակ՝ երեխայի կյանքի ընթացքում մեծ սթրես պատճառած դրվագները կամ կտրուկ փոփոխություները:
- Գրի առեք ընդունած բոլոր դեղերի անվանումները և դեղաչափերը՝ չմոռանալով նշել նաև վիտամինների կամ սննդային կամ այլ հավելումների մասին:
- Խորհեք բժշկին ոչ միայնակ այցելելու մասին, քանի որ երբեմն դժվար է լինում հիշել բժշկի տրամադրած ողջ տեղեկատվությունը:
- Գրի առեք ձեր կողմից բժիշկին տրվող հավանական հարցերի ցանկը:
Ինչպես նշվեց, բժշկի հետ հանդիպման տևողությունը սահմանափակ է, ուստի ճիշտ կլինի, որ դուք պատրաստեք ձեր կողմից բժշկին տրվող հավանական հարցերի ցանկը: Թվարկեք հարցերն ըստ կարևորության վերից վար, որպեսզի երաշխավորեք ձեզ հուզող ամենակարևոր հարցերի պատասխանները ստանալը: Բժշկին տրվող հարցերի օրինակներից են՝
- ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատճառներով երեխայի գանգատները կարող են սրանալ
- ի՞նչն է այս հիվանդության պատճառը
- ինչպիսի՞ բուժումներ կան
- ի՞նչ կողմնակի ազդեցություններ կարող է առաջացնել նշանակված բուժումը
- կա՞ն արդյոք առաջարկվող բուժման այլընտրանքներ
- եթե երեխայի մոտ այլ առողջական խնդիրներ զարգանան, կարո՞ղ եմ արդյոք շարունակել նշանակված բուժումը
- կա՞ արդյոք երեխայի ֆիզիկական ակտիվության սահմանափակման անհրաժեշտություն
- կարիք կա՞ արդյոք, որ իմ մյուս երեխաներն էլ հետազոտվեն
- կարո՞ղ եմ արդյոք ապագա երեխաներիս պաշտպանել այս հիվանդությունից:
Ինչպիսի՞ հարցեր ակնկալել ձեր բժշկից
Բժիշկը հավանաբար իր հերթին կունենա ձեզ տրվող բազմաթիվ հարցեր, այդ թվում՝
- ե՞րբ եք առաջին անգամ զգացել ախտանիշները
- արդյոք գանգատները շարունակակա՞ն են, թե՞ կարող են սկսվել և անհետանալ
- ինչքա՞ն են տևում գանգատները
- ըստ ձեզ ի՞նչ գործոններ կան, որոնք նպաստում են ախտանիշների դրսևորվելուն և ի՞նչ նշաններ են սովորաբար նախորդում դրանց
- կա՞ որէև միջոց, որը վերացնում կամ մեղմացնում է առկա գանգատները
- արդյոք գանգատներն ունե՞ն միօրինակ կրկնվելու բնույթ
- ունե՞ք արդյոք պարբերական հիվանդությամբ արյունակից բարեկամ:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-03-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024