Սննդակարգի փոփոխությունները, հետանցքի շուրջը մաշկի խնամքը և այլ տնային միջոցները կարող են զգալիորեն օգնել անկղապահության և դրա բարդությունների բարելավմանը:
Սննդակարգի փոփոխություններ
Դուք կարող եք ավելի լավ վերահսկել ձեր աղիքների դատարկումը հետևյալ միջոցներով:
- Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք ուտում. այն, ինչ դուք ուտում և խմում եք, ազդում է ձեր կղանքի բնույթի վրա: Կազմեք ցուցակ, թե ինչ եք ուտում մի քանի օրվա ընթացքում: Դուք կարող եք կապ գտնել որոշ սննդամթերքների և ձեր անկղապահության բռնկումների միջև: Երբ հայտնաբերեք խնդրահարույց մթերքները, դադարեցրեք դրանք ուտել և տեսեք, թե արդյոք ձեր վիճակը բարելավվում է: Մթերքները կարող են առաջացնել փորլուծություն կամ գազեր և վատթարացնել կղանքի արտահոսքը: Ընդհանուր «մեղավորներից» են կծու սնունդը, ճարպոտ և յուղոտ մթերքները և կաթնամթերքը: Կոֆեին պարունակող ըմպելիքները և ալկոհոլը նույնպես կարող են լուծողական ազդեցություն ունենալ: Այլ մթերքները, որոնք ունեն լուծողական ազդեցություն, ներառում են առանց շաքարի մաստակը և կերակրի սոդան, որոնք պարունակում են արհեստական քաղցրացուցիչներ:
- Ստացեք բավարար քանակի բջջանք (բջջանյութ). եթե փորկապությունն առաջացնում է անկղապահություն, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ուտել բջջանքով հարուստ սնունդ: Բջջանքն օգնում է, որ ձեր կղանքը դառնա փափուկ և հեշտ կառավարելի: Եթե փորլուծությունը նպաստում է ձեր խնդրին, բջջանքով հարուստ մթերքները նաև կարող են մեծացնել ձեր կղանքի ծավալը և այն դարձնել ավելի քիչ ջրիկ: Բջջանքը հիմնականում առկա է մրգերի, բանջարեղենի և ամբողջահատիկ ձավարեղենի և հացահատիկի մեջ: Նպատակ դրեք ստանալ օրական 25 գրամ կամ ավելի բջջանք: Բայց միանգամից մի՛ ավելացրեք այն ձեր սննդակարգում: Շատ բջջանքի կտրուկ ավելացումը կարող է առաջացնել անհարմարություն պատճառող աղիքների փքվածություն և գազեր:
- Խմեք ավելի շատ ջուր. կղանքը փափուկ և ձևավորված պահելու համար օրական խմեք առնվազն ութ բաժակ հեղուկ, նախընտրելի է ջուր:
Մաշկի խնամք
Դուք կարող եք խուսափել անկղապահության հետ կապված որոշ խնդիրներից՝ հնարավորինս մաքուր և չոր պահելով ձեր հետանցքը (անուսը) շրջապատող մաշկը: Այս շրջանի անհարմարավետությունը թեթևացնելու և անկղապահության հետ կապված հնարավոր տհաճ հոտը վերացնելու համար դիմեք այս միջոցներին:
- Լվացեք ջրով. զգուշությամբ լվացեք հետանցքի շրջանը ջրով յուրաքանչյուր կղազատումից հետո: Ցնցուղ ընդունելը կամ լոգարանում թրջվելը նույնպես կարող է օգնել: Օճառը կարող է չորացնել և գրգռել մաշկը։ Նույնը կարող է անել չոր զուգարանի թուղթը: Փորձեք օգտագործել նախապես խոնավացած, ալկոհոլ չպարունակող, ոչ բուրումնավետ թղթե սրբիչներ կամ անձեռոցիկներ:
- Մանրակրկիտ չորացրեք. հնարավորության դեպքում թույլ տվեք, որ լվալուց կամ թաց մաքրելուց հետո հետանցքի շրջանն օդով ինքնուրույն չորանա: Եթե ժամանակի պակաս ունեք, կարող եք զգուշությամբ չորացնել տարածքը փափուկ զուգարանի թղթով կամ մաքուր շորով:
- Կիրառեք նրբաքսուք (կրեմ) կամ փոշի. խոնավացնող նրբաքսուքները օգնում են զերծ պահելու գրգռված մաշկը կղանքի հետ անմիջական շփումից: Ցանկացած նրբաքսուք կիրառելուց առաջ համոզվեք, որ հետանցքի տարածքը մաքուր է և չոր: Ոչ դեղորայքային տալկի փոշին կամ եգիպտացորենի օսլան նույնպես կարող են օգնել թեթևացնելու հետանցքի գրգռվածությունը:
- Հագեք բամբակյա ներքնազգեստ և ազատ հագուստ. կիպ հագուստը կարող է սահմանափակել օդի հոսքը՝ վատթարացնելով մաշկային խնդիրները: Արագ փոխեք կեղտոտված ներքնազգեստը։
Երբ բուժումը չի կարող ամբողջությամբ վերացնել անկղապահությունը, այնպիսի ապրանքներն, ինչպիսիք են ներծծող անձեռոցիկները և մեկանգամյա օգտագործման ներքնազգեստը, կարող են օգնել ձեզ կառավարելու խնդիրը: Եթե օգտագործում եք անձեռոցիկներ կամ չափահասների տակդիրներ, համոզվեք, որ դրանք վերևում ունեն ներծծող շերտ: Սա օգնում է, որ ձեր մաշկը շատ չխոնավանա:
Դիմակայում և աջակցություն
Որոշ մարդկանց, ներառյալ երեխաների համար, անկղապահությունը համեմատաբար թեթև խնդիր է: Այն սովորաբար սահմանափակվում է նրանց ներքնազգեստի երբեմն աղտոտվածությամբ: Մյուսների համար վիճակը կարող է ծանր լինել աղիքների վերահսկման ամբողջական բացակայության պատճառով:
Եթե ունեք անկղապահություն
Դուք կարող եք դժկամություն զգալ տնից դուրս գալու որոշում կայացնելիս, քանի որ մտահոգված եք ժամանակին զուգարան գնալու համար: Այդ միտքը հաղթահարելու համար փորձեք այս գործնական խորհուրդները:
- Դուրս գալուց անմիջապես առաջ օգտվեք զուգարանից։
- Եթե ակնկալում եք, որ անկղապահություն կունենաք, ձեզ հետ վերցրեք անձեռոցիկ, տակդիր կամ մեկանգամյա օգտագործման ներքնազգեստ:
- Ձեզ հետ վերցրեք մաքրման և հագուստի փոխման պարագաներ:
- Իմացեք, թե որտեղ են գտնվում զուգարանները, նախքան դրանք ձեզ անհրաժեշտ կլինեն: Սա կարող է օգնել, որ արագ հասնեք այնտեղ:
- Օգտագործեք հաբեր՝ կղանքի և աղիքային գազերի հոտը նվազեցնելու համար: Սրանք հայտնի են որպես կղանքային դեզոդորանտներ:
Անկղապահությունը կարող է հիասթափեցնող և անհանգստացնող լինել, ուստի դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել: Բուժումը կարող է օգնել բարելավելու ձեր կյանքի որակը և բարձրացնելու ձեր ինքնագնահատականը:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024