Ձեր բժիշկը կարող է հարցեր տալ ձեր վիճակի վերաբերյալ և կատարել ֆիզիկական քննություն (բուժզննում):
Սա սովորաբար ներառում է ձեր հետանցքի (անուսի) տեսողական զննումը: Բժիշկը կարող է օգտագործել հատուկ գործիք (զոնդ)՝ այս հատվածի նյարդերի վնասումը ստուգելու համար: Սովորաբար, զոնդով հպումը հանգեցնում է հետանցքի սեղմակի (անալ սֆինկտերի) կծկման և հետանցքի փակմանը:
Հետազոտություններ և միջոցառումներ
Կան մի շարք հետազոտություններ, որոնք կօգնեն պարզելու անկղապահության պատճառը:
- Ուղիղաղիքային մատնային քննություն. բժիշկը ձեռնոցով և յուղված մատը մտցնում է ձեր ուղիղ աղիքի մեջ՝ գնահատելու սֆինկտերի մկանների ուժը և ստուգելու ուղիղ աղիքի վերջնամասում և հետանցքի հատվածում առկա խախտումների առկայությունը: Քննության ընթացքում ձեր բժիշկը կարող է ձեզ խնդրել, որ պահեք շունչը և ձգեք ձեր հետանցքի մկանները: Սա ուղիղ աղիքի արտանկումը (պրոլափսը) ստուգելու համար է:
- Փուչիկային (բալոնային) արտամղման թեստ. փոքր փուչիկը մտցվում է ձեր ուղիղ աղիքի մեջ և լցվում ջրով։ Այնուհետև բժիշկը ձեզ խնդրում է գնալ զուգարան՝ այդ պարկը դատարկելու համար՝ նմանակելով կղազատում: Եթե դա անելը մեկից երեք րոպեից ավելի է տևում, դուք, ամենայն հավանականությամբ, կղազատման խանգարում ունեք:
- Հետանցքային (անալ) մանոմետրիա. նեղ, ճկուն խողովակը հետացքով տեղադրվում է ուղիղ աղիքի մեջ: Խողովակի ծայրին գտնվող փոքրիկ փուչիկը կարող է ընդարձակվել: Այս թեստն օգնում է չափել հետանցքային սֆինտերի ուժը և ուղիղ աղիքի զգայունությունն ու գործառույթը:
- Հետանցք-ուղիղաղիքային (անորեկտալ) ուլտրաձայնային հետազոտություն. նեղ, գավազանման տվիչը տեղադրվում է հետանցքի և ուղիղ աղիքի մեջ: Գործիքը ստեղծում է տեսապատկերներ, որոնք թույլ են տալիս ձեր բժշկին ստուգելու ձեր հետանցքային սֆինտերի կառուցվածքը:
- Պրոկտոգրաֆիա. ռենտգենյան վիդեո պատկերումներն արվում են աղիքների շարժման ժամանակ հատուկ նախագծված զուգարանի վրա: Թեստը չափում է, թե որքան կղանք կարող է պահել ձեր ուղիղ աղիքը: Այն նաև գնահատում է, թե որքան լավ է ձեր մարմինն արտամղում կղանքը:
- Կոլոնոսկոպիա. այս դեպքում ձեր ուղիղ աղիքի մեջ ներմուծվում է ճկուն խողովակ՝ ամբողջ հաստ աղիքը ստուգելու համար:
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). ՄՌՏ-ն կարող է ապահովել սֆինկտերի հստակ պատկերներ՝ պարզելու, թե արդյոք մկաններն անվնաս են: Այն կարող է նաև պատկերներ տրամադրել կղազատման ժամանակ: Սա կոչվում է դեֆեկոգրաֆիա:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024