Մարմնի սովորական ջերմաստիճանը ջերմարտադրության և ջերմատվության հավասարակշռությունն է:
Գլխուղեղի մի շրջանը, որը կոչվում է ենթատեսաթումբ (հիպոթալամուս), որը նաև հայտնի է որպես ձեր մարմնի «թերմոստատ», վերահսկում է այս հավասարակշռությունը: Նույնիսկ երբ դուք առողջ եք, ձեր մարմնի ջերմաստիճանը մի փոքր տատանվում է օրվա ընթացքում: Այն կարող է ավելի ցածր լինել առավոտյան, իսկ ավելի բարձր՝ ուշ կեսօրին և երեկոյան:
Երբ ձեր իմունային համակարգը արձագանքում է հիվանդությանը, ենթատեսաթումբը կարող է բարձրացնել ձեր մարմնի ջերմաստիճանը: Սա մեկնարկում է բարդ գործընթացներ, որոնք արտադրում են ավելի շատ ջերմություն և սահմանափակում ջերմության կորուստը: Դողը, որը դուք կարող եք զգալ, մարմնի ջերմություն արտադրելու եղանակներից մեկն է: Երբ դուք փաթաթվում եք վերմակի մեջ, քանի որ մրսածություն եք զգում, դուք օգնում եք ձեր մարմնին, որ պահպանի իր ջերմությունը:
Մարմնի ջերմաստիճանի բարձրացման անմիջական պատճառը ջերմածին (պիրոգեն) նյութերն են, որոնք կարող են՝
- օրգանիզմ թափանցել արտաքին միջավայրից՝ բակտերիաների և վիրուսների միջոցով (էկզոգեն)
- առաջանալ բջիջներում՝ դրանց ախտահարման հետևանքով (էնդոգեն) և մեծամասամբ ունեն լեյկոցիտային ծագում (օրինակ՝ ինտերլեյկին 1, ինտերլեյկին 6, ուռուցքի մեռուկացման գործոն, մակրոֆագային հարուցիչ 1α սպիտակուց)։
Այնուամենայնիվ, երբեմն բարձր ջերմության պատճառը չի հաջողվում հայտնաբերել:
40 C° (104 F)-ից ցածր ջերմությունները, որոնք հաճախ կապված են սովորական վիրուսային վարակների, օրինակ՝ գրիպի հետ, կարող են օգնել իմունային համակարգին պայքարելու հիվանդության դեմ և, ընդհանուր առմամբ, վնասակար չեն:
Բարձր ջերմությունը կամ մարմնի ջերմաստիճանի բարձրացումը կարող է պայմանավորված լինել հետևյալ պատճառներով՝
- վիրուսային վարակ
- բակտերիալ վարակ
- ջերմային հարված
- որոշ բորբոքային հիվանդություններ, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը և ձեր հոդերի լորձաթաղանթի բորբոքումը (սինովիտ)
- քաղցկեղային (չարորակ) ուռուցք
- որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են հակաբիոտիկները և դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են բարձր արյան ճնշումը կամ ցնցումները բուժելու համար
- որոշ պատվաստանյութեր, օրինակ՝ դիֆթերիայի, փայտացման, կապույտ հազի կամ պնևմոկոի դեմ:
- պատվաստման որոշ տեսակներ, ինչպիսիք են դիֆթերիայի, փայտացման, կապույտ հազի, պնևմոկոկի կամ COVID-ի դեմ պատվաստանյութերը:
Բարձր ջերմության զարգացման փուլերը
Բժիշկները տարբերում են տենդի զարգացման երեք շրջան:
- Ջերմաստիճանի բարձրացման փուլ. այս փուլում ջերմառաջացումը գերակշռում է ջերմատվությանը: Ջերմառաջացումն ուժեղանում է հյուսվածքներում այրման (օքսիդացման) գործընթացների արագացման, իսկ ջերմատվության թուլացումը՝ ծայրամասային անոթների նեղացման և քրտնարտադրության ընկճման հետևանքով: Եթե չափահասների մոտ ավելի մեծ նշանակություն ունի հետ ջերմատվության թուլացումը, ապա նորածինների մոտ՝ ջերմառաջացման մեծացումը։
- Ջերմաստիճանի պահպանման փուլ. այս փուլում ջերմառաջացումը և ջերմատվությունը հավասարվում են: Ջերմաստիճանի պահպանման փուլը սկսվում է ջերմաստիճանային նշանակետին հասնելով և կարող է լինել կարճատև (ժամեր, օրեր) կամ երկարատև (շաբաթներ)։ Ջերմության բարձրացման արտահայտման ձևից կախված այս փուլը բաժանվում է 5 դասի՝
- սուբֆեբրիլ (մինչև 38°C)
- ցածր (մինչև 38,5 °C)
- ֆեբրիլ (մինչև 39 °C)
- բարձր (մինչև 41 °C)
- գերբարձր (41 °C-ից բարձր), որը վտանգավոր է կյանքի համար, հատկապես երեխաների մոտ։
- Ջերմաստիճանի իջեցման փուլ. այս փուլում մաշկի անոթների լայնացման միջոցով ջերմատվությունը գերակշռում է ջերմառաջացմանը: Ջերմաստիճանի իջեցումը կարող է լինել աստիճանաբար կամ կտրուկ և ուղեկցվել առատ քրտնարտադրությամբ։
Հոդվածը հրապարակվել է՝ 30-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024